Կեղծիքներով չեղածն իմիտացնելու այլընտրանքն արցախցիների հետ բանակցելն է
44-օրյա պատերազմը ոչ միայն չլուծեց ղարաբաղյան հիմնահարցը, այլև ավելի խորացրեց այն՝ նոր տարածքների օկուպացմամբ և բռնագաղթածների նոր հոսք ստեղծելով: Այս փաստն օրինաչափ է, քանի որ պատմությանը դեռ հայտնի չէ որևէ փաստ, երբ զենքի ուժով լուծվի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, առավել ևս՝ 21-րդ դարում: Վերջին պատերազմի հետևանքով առկա է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը որևէ ազդեցություն չունի Արցախի Հանրապետության չօկուպացված հատվածի վրա:
Այսօր պաշտոնական Բաքուն հնարավոր բոլոր կեղծիքների դիմում է Արցախի Հանրապետության վրա իր չեղած ազդեցությունն իմիտացնելու նապատակով՝ փորձելով միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել, թե իբր վերջին ագրեսիայի հետևանքով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և Արցախում իր իսկ կողմից ստեղծաց խնդիրներն իր ներքին գործն է: Այս կեղծիքը մատուցելու համար ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է ամենաչնչի հնարավորությունը, իր զեղծարարությունը հասցնելով աբսուրդի աստիճանի:
Բաքուն այդպես վարվեց նաև օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից Ալեն Սարգսյանի, Լևոն Գրիգորյանի և Վահե Հովսեփյանի առևանգման դեպքում: Ադրբեջանի դրոշն անարգելու համար արցախցի 3 երիտասարդներին առևանգելու նույն օրը գերարագ կարգով «դատավարություն» կազմակերպելով՝ ադրբեջանական կողմը որպես պատիժ սահմանեց 10-օրյա ազատազրկում ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։ Պարզվեց, որ երիտասարդների առևանգման ամբողջ բեմականացման քարոզչական նպատակն այն է, որ միջազգային հանրության աչքին իմիտացնի, թե վերահսկում է Արցախի Հանրապետությունը և այն ներկայացնելով ադրբեջանական տարածք, կարող է երիտասարդներին արտաքսել Արցախից:Միջազգային հանրությունն էլ պետք է այդ բեմականացումից հետևություն անի, որ Ադրբեջանն ազդեցություն ունի Արցախի Հանրապետությունում:
Նման էժանագին քարոզչական հնարքները, բնականաբար, չեն կարող որևէ կերպ լուծել արցախյան բարդ հիմնահարցը: Ադրբեջանը ո՛չ շրջափակմամբ, ո՛չ էլ առավել ևս կեղծիքի քարոզչությամբ չի կարող նենգափոխել իրականությունը: Արցախի Հանրապետությունը դուրս է ադրբեջանական վերահսկողությունից, խնդիրը չի լուծվել սանձազերծած պատերազմով և տեղափոխվել է քաղաքական բանակցությունների սեղան՝ անկախ Բաքվի ցանկություններից:
Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, նման էժանագին մանիպուլյացիաների դիմելու փոխարեն, պետք է միջազգային որևէ ձևաչափով արցախցիների հետ նստի բանակցությունների, եթե, իհարկե, իրոք ցանկանում է խնդիրը կարգավորել, առավել ևս, որ վերջին օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիները վճռականորեն հայտարարեցին, որ ստամոքսի հարց չեն քննարկելու, շրջափակելով և հումնիտար աղետալի իրավիճակ ստեղծելով իրենց չեն կարող ստիպել հրաժարվել իրենց հիմնարար իրավունքներից: