Image

Հետքայլի հիմնավորումների՝ Բաքվի փնտրտուքը

Արցախցիներն անդրդվելիորեն պնդում են, որ Ակնայից Ստեփանակերտ եկող ճանապարհը չեն բացելու, քանի որ այն  կնշանակի Արցախի Հանրապետության վերջը: Նրանք այդ ճանապարհի բացման հարցն որակում են որպես ստամոքսի խնդիր և որևէ կերպ այն չեն համադրում իրենց ազատության և իրավունքների հետ, որոնք երեք տասնամյակի ընթացքում ժողովրդավարության ամենաբարձր պահանջներին համապատասխան ձևավորել են իրենց պատմական բնօրրանում:

Պաշտոնական Բաքուն էլ չի հրաժարվում իր նենգ գործելաոճից, նախորդ տարվա դեկտեմբերից փակելով Լաչինի միջանցքը, այսօր  փորձում է շանտաժի ենթարկել արցախցիներին՝ պարբերաբար հայտարարելով, թե Լաչինի միջանցքը կբացի այն ժամանակ, երբ արցախցիները բացեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը: Այդ բովանդակությամբ երկու հայտարարություն արեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Վերջին անգամ նա ասաց. «Որպես գործընթացի մեկ այլ բաղադրիչ կարող է դիտարկվել Լաչինի ճանապարհի բացում առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների և սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների համաձայն»։

9-ն ամսից ավել բլոկադայի ենթարկելով Արցախը՝ ադրբեջանական կողմը ցանկանում էր պառակտում մտցնել հանրապետության քաղաքացիների շրջանում, ինչն իրեն չհաջողվեց: Այսօր Բաքուն ստիպված է մեղմել իր կեցվածքը, ինչն Արցախի ժողովրդի համառության և ուժեղ կամքի արդյունք է: Մյուս կողմից էլ Բաքվի ղեկավարները հասկացան, որ Արցախը կարողանում է իր պարենային անվտանգության նվազագույն պահանջներն ապահովել իր գյուղատնտեսության հաշվին՝ այլ կերպ ասած՝շանտաժի մեթոդը չի աշխատելու և պետք է հետքայլ անեն: Ադրբեջանի դիրքորոշման մեղմման վրա զգալի ազդեցություն թողեց նաև միջազային կառույցների ճնշումները, որոնք աննախադեպ ծավալների են հասել:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կձկտի գոնե ձևականորեն Ակնա Ստեփանակերտ ճանապարհով անցկացնել Կարմիր Մահիկի միջոցով տեղափոխվող երկու բեռնատար ալյուրը, որից հետո կբացի Լաչինի միջանցքը: Արցախցիներն այդ բեռին միանշանակմոտ չեն էլ գնա, բայց  դրանց ստեփանակերտ հասցնելը Բաքվի համար ծանրակշիռ փաստարկ կլինի սեփական հետքայլն «հաղթանակ» ներկայացնելու համար, իսկ Լաչինի միջանցքի բացվելու դեպքում անհրաժեշտ պարենը Հայաստանից կապահովվի: Պարզամտություն կլինի մտածելը, թե իրադարձությունների նման սցենարի զարգացումը փակում է Արցախի հիմնահարցը: Արցախցիների իրավունքների և անվտանգության հարցը, միևնույնն է, Բաքվի և Ստեփանակերտի անմիջական բանակցությունների սեղանին են լինելու՝ միջազգային որևէ ձևաչափի ներքո:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։