32 տարի առաջ...
32 տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:
1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը: 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մենք կորցրեցինք Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը, մի քանի տասնյակ հազար արցախցիներ ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Իսկ այսօր իր հայրենի հողում մնացած մոտ 120000 արցախցի շրջափակված է թշնամու կողմից և պայքարում է հանուն իր երկրին տեր մնալու, չնայած բազում դժվարություններին։ Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։ Այնուհետև ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում կայացավ արարողություն՝ կապված օրվա խորհրդի հետ։ Ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, քաղաքական ու հասարակական գործիչներ ՀՀ-ից, Արցախից, հյուրեր։ «Դիզակ ԱՐՏ» մշակութային կենտրոնը կազմակերպել է «Հայրենիք» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը, որը ներկայի ու անցյալի հավերժական կապի, հայրենիքի լինելիության ու հարատեւության խորհուրդն է միատեղել։ 2021թ. Երևանում կայացած «Դիզակի գույները» նկարչական միջազգային 4-րդ սիմպոզիումի ժամանակ ստեղծված՝ հետպատերազմյան Արցախի մասին պատմող 21 կտավներ, որոնք էլ այս անգամ ներկայացվեցին այցելուներին։ «Դիզակ ԱՐՏ» ՄԵԿ համահիմնադիր Երազիկ Հայրիյանը, բացելով ցուցահանդեսը, ասաց՝ 2017 թ․, երբ Հադրութում կազմակերպվեց «Դիզակի գույները» 1-ին միջազգային սիմպոզիումը, ոչ ոք չէր մտածում, որ այդ ժամանակ ծաղկող Արցախը մի օր կլինի այսօրվա պես բզկտված, վիրավոր ու շրջափակված։ Նշեց նաև՝ 2020թ․ պատերազմից հետո Հադրութն էլ մնաց թշնամու տիրապետության տակ, և այնտեղ մնացին նաև սիմպոզիումների ժամանակ ստեղծված շատ կտավներ։ Փրկվել է ընդամենը 26 կտավ, որոնք հանգրվանել են «Դիզակ ԱՐՏ»-ում։ Չնայած հատկապես հոգեկան դժվարություններին, թե կազմակերպիչների, և թե նկարիչների համար, այնուամենայնիվ 2021թ․ ամռանը կազմակերպվել է «Դիզակի գույները» 4-րդ սիմպոզիումը։ Ռուս գեղանկարիչ Վլադիմիր Միգաչովն այդ օրերին եղել է Արցախում։ Բերդաշեն գյուղում իմացել է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղը տվել է 21 զոհ։ Ծանր ապրումների ծնունդ է նկարչի «Արյունոտ թթենիներ» կտավը, որը ցուցադրված էր։ Օրհնության խոսքով ու պահպանիչ աղոթքով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդը։ «Ինչպես Ավետարանում է ասվում՝ «Մարմինս տկար է, բայց հոգիս հոժար»։ Այսօր, իրապես, Արցախը տկար է, բայց արցախցու հոգին ունի տեսլական և կարող է ճանաչել հայի ինքնությունը։ Այս մտորումներով նախ շնորհավորում եմ Արցախի հանրապետության անկախության տոնը և կարծում եմ, ովքեր եղել են Արցախում, բոլորն այդ մտածումների մեջ են, Արցախի հետ։ Կարծում եմ, որ մեր տղաներն իրենց սրտի մեջ քաջությունը վեր են ածել անկախության և ազատ ապրելու աստվածապարգև երջանկության։ Կարողացել են ամրագրել դա, և այսօր ունենք Արցախի Հանրապետություն։ Ուստի մեզ մնում է ամուր բռնենք տղաների հոգևոր ձեռքը, ամուր կառչենք այդ գաղափարներից և հետևողականորեն առաջնորդենք մեր ազգը, և միասնաբար հաղթահարենք այս դժվարությունները», -ասաց Սրբազանը և իր օրհնությունը տվեց Արցախում այժմ բնակվող մեր հայրենակիցներին։
«Արցախը սոսկ հողակտոր չէ, այլ Սրբազան Հայրենիք, ժառանգված գանձ։ Այսօր ազգովի կանգնած ենք լուրջ փորձության առաջ, և Արցախի կորուստը չի լինելու միայն արցախցիների կորուստը, այլ համայն հայության համար դառնալու է ամոթ և նախատինք։ Հիսուս Քրիստոսն ասում է․ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինեն նաև ձեր սրտերը» (Մատթ 6։21)։ Արդյո՞ք այսօր համայն հայության սիրտն Արցախում է․․․․», ԱՀ անկախության հռչակման 32 ամյակի առթիվ շնորհավորական խոսքում ասել է Սրբազանը։ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց․ «Արդեն երրորդ տարին է, ինչ այս պայմաններում ենք նշում մեր հանրապետության անկախության հռչակման օրը։ Իսկ այժմ գրեթե 9 ամիս է՝ 120․ 000 արցախցի շրջափակման մեջ են և ապրում են ծանր, անտանելի պայմաններում։ Չնայած բոլոր դժվարություններին մեր ազգի պատմության մեջ մեկ անգամ չէ, որ եղել է՝ համախմբելով բոլոր կարող ուժերը, կարողացել ենք դուրս գալ դժվար իրավիճակներից», -ասաց Ս․ Ղազարյանն ու անդրադարձավ ֆրանսիական պատվիրակության այցին Սյունիք՝ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ։ Չնայած պատվիրակության անդամների՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ լինելուն՝ բոլորն Արցախի հարցում համամիտ են եղել։ Խոսքի վերջում Ս․ Ղազարյանը վստահություն հայտնեց, որ տոնական արարողությունը կիրականացնենք Արցախում, եթե միավորենք հայության ուժերը։ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանը նույնպես անդրադարձավ օրվա խորհրդին։ Ողջունելով ներկաներին՝ ասաց․ «2020թ․ սեպտեմբերի 27-ին Երևանում իմանալով սկսված պատերազմի մասին՝ կամավորագրվեցի և հասա Տումի։ Մենք ամեն ինչ արեցինք, որ պաշտպանեինք մեր հայրենիքը։ Մեր առաջին հրամանատարն Արցախի հերոս Դավիթ Ղազարյանն էր․․․ Ցավոք, մեր հազարավոր ընկերների կյանքի դիմաց ունեցանք պարտություն, իսկ Հադրութ հայրենիքը մնաց թշնամու տիրապետության տակ․․․»։ Այնուհետև անդրադարձավ պարտության խնդիրներին, Արցախի ներկայիս վիճակին և միտք հայտնեց, որ միայն միավորվելով, կազմակերպվելով կկարողանանք վերականգնել Ազատ Արցախի փառքը։ Օրվա ընթացքում տեղում աշխատում էին տարբեր լրատվական միջոցներ, հարցազրույցներ էին տալիս ներկա քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր մտահոգ են Արցախի խնդրով։ Ներկայացուցչություն եկան նաև «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության անդամները՝ բերելով ծառի ճյուղեր, նարոտներ ու թուղթ։ Ներկաներից շատերն Արցախին նվիրված իրենց ցանկությունն ու երազանքը գրեցին թղթերին ու նարոտով կախեցին ճյուղերից։ Պարզ է՝ բոլորի ցանկությունը, երազանքը՝ տեսնել Ազատ ու ամբողջական Արցախ։ Արարողությունը տևեց մի քանի ժամ, որի ընթացքում եղան շատ այցելուներ։ «Դիզակ ԱՐՏ»-ի ներկայացուցիչները տեղեկացրեցին՝ «Հայրենիք» ցուցահանդեսի կտավները ՀՀ-ում ԱՀ Մշտական ներկայացուցչությունում կցուցադրվեն մեկ շաբաթ։ Տոնին նվիրված՝ օրվա ընթացքում «Դիզակ ԱՐՏ» մշակութային կենտրոնում կայացավ արցախցի երիտասարդ Գևորգ Խաչատրյանի «Նուռը վանդակում» գրքույկի շնորհանդեսը։ Երեկոյան Ազատության հրապարակում էլ կայացավ միտինգ, որն օրհնանքի խոսքով ու Տերունական աղոթքով բացեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։ Իր խոսքով ներկաներին հուզեց արցախցի ուսանողուհի Նարե Սիմոնյանը, ով Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարող հանդիպել ծնողներին։ Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան Արցախի ներկա խնդրին և գտնում են՝ միայն միավորվելով ու ազգանվեր իշխանություն ունենալով կարող ենք ազատագրել Արցախը և ցեղասպանությունից փրկել 120 հազար մեր հայրենակիցներին։
Հ․ Գ․ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։