Image

Ստեփանակերտի հետ բանակցելու փոխարեն Բաքուն նախընտրում է սահմանային էսկալացիան

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը և  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն ամենօրյա ռեժիմով, երբեմն նաև մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպված են լինում հերքել ադրբեջանական զինված ուժերի տարածած ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմերից հրադադարի խախտման և ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Դրան զուգահեռ հայկական զինված ուժերը և Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմն ավելի հաճախ են հայտնում ադրբեջանական զիված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման և դեպի հայկական դիրքերը, կամ քաղաքացիական անձանց ուղղությամբ նշանառու կրակ բացելու մասին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը կրկին լարում է սահմանային իրավիճակը և այն անում է նենգորեն, կեղծ հիմնավորումներով և ողջ քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո: Դրա պատճառը մեկն է՝ պաշտոնական Բաքուն չի կարողանում բլոկադայի, հումանիտար աղետի և  սպառնալիքի միջոցով հասնել միակողմանի զիջումների՝ հատկապես Արցախի հարցում և կրկին փորձում է գործադրել բարբարոսական գործիքը՝ ռազմական գործողությունների սպառնալիքը:  Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից անմիջապես հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր խոսնակի միջոցով հայտարարեց, թե սահմանային էսկալացիայի պատճառը բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանելն է:

Բանակցությունների նախկին հարուստ փորձը փաստում է, որ հենց Ալիևը չի  պահպանում դրանցում ձեռք բերված և նույնիսկ գրավոր հաստատված պայմանավորվածությունները: Վերջին դեպքում Շառլ Միշելն ակնարկում էր, որ Բրյուսելում քննարկվել է Լաչինի միջանցքի բացելու դիմաց Ակնայի ճանապարհի բացման տարբերակը: Սակայն Բրյուսելում Արցախի հանրապետության ներկայացուցիչը չի մասնակցել բանակցություններին, իսկ Արցախում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակել է  Արցախի ժողվուրդը, որն իր անվտանգությանը լուրջ սպառնալիք է տեսնում այդտեղից: Բացի այդ ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտնեց, որ Բրյուսելու պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել Ակնայի ճանապարհի բացման վերաբերյալ՝ չբացառելով, որ հարցը քննարկվել է:

Ստացվում է, որ Եվրոպան  հիմնավորում է ադրբեջանական ռազմական գործողությունները բանակցություններում պայմանավորվածություններ չպահպանելու հետ ունեցած կապով: Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջնը, չբանակցելով Արցախի ժողովրդի և տեղի օրինական իշխանությունների հետ, ցանկանում է ինտեգրացիայի իմիտացիա ստեղծել, որն անհնար է և մերժում է  հենց հիմնական շահառուն՝ Արցախի ժողովուրդը: Շառլ Միշելը նաև հորդորում է սկեց Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները, բայց Ադրբեջանը այդ կառուցողական առաջարկին ականջալուր չէ, այն իր շահերից չի բխում, հետևաբար շարունակում է դիմել ուժի սպառնալիքի մեթոդին: Իսկ նրա նման գործելաոճի համար կանաչ լույս են վառել հենց միջազգային կառույցները, որոնք այդպես էլ գնահատականներ չտվեցին Ադրբեջանական պատերազմական հանցագործություններին:

Ստացվում է այնպես, որ եթե Ադրբեջանը չի հասնում իր համար նախընտրելի միակողմանի զիջւոմների, ապա պետք է սահմանային բախումների գնա, այլ կերպ ասած՝ պատերազմով շանտաժի ենթարկի դիմացինին և միջնորդ սուբյեկտներին: Բաքվի նման գործողությունների պատասխանատվությունը մեծապես ընկնում է նաև միջնորդների վրա, քանի որ նա առհամարում է վերջիններիս բոլոր միջնորդական ջանքերը և համապատասխան արձագանքի կամ պատժի չի արժանանում: Այսօր էլ հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանը նաև Միշելի վերջին՝ Արցախցիների հետ երկխոսելու կոչն էլ անտեսի և իրավիճակն ապակայունացնի՝ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի սահմաններին: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ զենքով խնդիրներ չեն լուծվում, այլ դրանք կամ ավելի են խորնում, կամ լուծումն հետաձգում անորոշ ժամանակով, իսկ հիմնահարցերը հարթելու միակ ուղին քաղաքական բանակցություններն են, որտեղ արդյունքի հասնելու համար փոխզիջումներ են պետք, այս դեպքում՝ պաշտոնկան Բաքուն ընդամենը պետք է անմիջական բանակցություններ սկսի Ստեփանակերտի հետ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։