Image

Արցախի շուրջ խոշոր խաղացողների ազդեցության վերբաշխման փորձ

Լարվածությունն Արցախի շուրջ և Հայաստանի սահմանին աճում է: Ստեղծված իրավիճակի լիցքաթափմանը կարող էր նպաստել ՌԴ-ից հումանիտար բեռը Ակնա Ստեփանակերտ ճանապարհով անցկացնելը, սակայն դրա դիմաց Լաչինի միջանցքի բացումից հրաժարվելը, ըստ էության, Բաքվի՝ ռուսական առաջարկության մերժումն էր: Դրան զուգահեռ ադրբեջանական կողմը  իր պաշտպանական գերատեսչության կեղծ հաղորդագրություններով սրում է ռազմական իրադրությունը Արցխի հետ շփման գծում: Բաքուն եթե մինչ այդ ապատեղեկատվություններ էր տարածում, թե իբր Արցխի Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են իրականացրել առաջնագծում, որոնք իբր կանխել են ադրբեջանցիները, ապա կիրակի օրը սկսեց ակնհատ կեղծ լուր տարածել, թե իբր Արցախի զինված ուժերը դիվերսիա են իրականցրել և ականներ տեղադրել իրենց տեղաշարժի ուղիներին, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է ականի վրա պայթել:

Քաջածանոթ լինելով Բաքվի գործելաոճին՝ ակնհայտ է, որ վերջինս նման ձևով հող է նախապատրաստում Արցախի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար:Օրվա ընթացքում մի քանի ադրբեջանական ապատեղեկատվության տարածման և դրանց հերքման, զուգահեռ արվող պաշտոնական հայտարարությունների հոսքի պայմաններում մոռացության է մատնվում մի կարևոր հանգամանք՝ եթե ադրբեջանական կողմը ռազմական գործողություն իրականացնի Արցախի ժողովրդի հանդեպ, ապա ՌԴ խաղաղապահ ուժերն ուղղակի պարտավոր են պաշտպանել արցախցիների անվտանգությունը: Առաքելությունը եթե չի ուզում արժեզրկվել մինչև վերջ, ապա պետք է հակազդող գործողությունների դիմի: Ադրբեջանական հնարավոր ռազմական գործողությունները չկանխարգելելու, իսկ սկսվելու դեպքում էլ չհակազդելու դեպքում ամբողջովին անիմաստ կլինի ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում: Այլ կերպ ասած, Ադրբեջանը տարածաշրջանից դուրս կմղի իր նորաթուխ դաշնակցին՝ ՌԴ-ին:

Այս ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ միաժամանակ պետք է բացվի Ակնայի և Լաչինի ճանապարհը և, որ անընդունելի է խնդիրների ռազմական լուծման տարբերակը: Փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, անտեսում է միջնորդ պետությունների և միջազգային կառույցների բոլոր հորդորները: Հանրահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանի գործողություննեը միանշանակ համաձայնեցվում, կամ որ ավելի իրատեսական է, ամբողջովին թելադրվում են Թուրքիայի կողմից: Թերևս սրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները տարածաշրջանի և միջնորդ բոլոր երկրների ղեկավարների հետ, որում նա իր պատրաստակամությունն է հայտնել հրատապ հանդիպել Ալիրևի հետ:

Սրա համատեքստում լիովին տրամաբանական է այսօր նախատեսվող Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը: Ակնհայտ է, որ Էրդողանի ազդեցության աստիճանն Ադրբեջանի առաջնորդի վրա որևէ մեկ այլ պետության կամ կառույցի լիդեր չունի: Եթե էրդողանը կհամաձային միջնորդել Փաշինյան-Ալիև հանդիպման կայացման և լարվածության նվազեցման հարցում, ապա այն կնշանակի տարածաշրջանում ոչ միայն Թուրքիայի դերի մեծացում, այլև արցախյան խնդրի կարգավորման մեջ ՌԴ-ից թիվ մեկ դերակատարի դափնիների խլում: Ասել, թե թուրքական դերակատարության բարձրացումը հայկական կողմի շահերից է բխում, խելագարություն կլինի, բայց այս դեպքում գոնե Անկարան ստիպված է լինելու բաց խաղալ, որի ժամանկ էականորեն կնվազի նրա՝ Բաքվի վրա ունեցած ստվերային մոդերատորի դերակատարությունը և չի կարողանա բացահայտ պաշտպանել վերջինիս՝ ակնառու ոչ կառուցողական, ռազմատենչ և  ցեղասպան գործողությունները:

Մոսկվա-Երևան հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված անհարթություններից Անկարան միանշանակ կօգտվի՝ ի կատարումն Անդրկովկասում ամրանալու իր վաղեմի երազանքի: Այս համայնապատկերի վրա անտրամաբանական կլինի, եթե Ռուսաստանը գործողություններ չանի Անդրկովկասում իր դիրքերը գոնե չթուլացնելու համար, իսկ դրա համար ընդամենը Ադրբեջանին պետք է հորդորի բացել Լաչինի միջանցքը, ինչի համար համապատասխան լծակների և ազդեցության տիրապետում է:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։