Այլընտրանք չկա՝ պարտավոր ենք հաջողելու
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Էրդողանը երկուշաբթի՝ այսինքն այսօր, ամենայն հավանականությամբ քննարկում է ունենալու Փաշինյանի հետ։ Որովհետեւ, Էրդողանի խոսքերով, «Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն, իրենք այդ ամենին դրական չեն նայում»։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ հղել են Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Արկադի Ղուկասյանը պատրաստ է «աջակցելու ազգանվեր ծրագրերին ու նախաձեռնություններին»: Բակո Սահակյանը վստահ է, որ Շահրամանյանը իր «հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնի մեր հայրենիքի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը»: Արայիկ Հարությունյանը նույնպես շնորհավորել է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես շնորհավորել է «Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն եւ կամք» մաղթելով։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շահրամանյանի՝ դեռ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակված ժամանակ հույս էր հայտնել, որ «առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ եւ նպատակադրված կդառնա»:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն էլ է շնորհավորել Արցախի նախագահին՝ նշելով․ «Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, և, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես եւ միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը»։
ՀՀ ներկայիս իշխանությունները Արցախի նորընտիր նախագահին չեն շնորհավորել (այ այստեղ «աննախադեպ» բառը հանգիստ կարող ենք կիրառել․ պաշտոնական Երեւանի այսպիսի դիրքորոշում Արցախի հանդեպ երբեւէ չի եղել)։ Ինչու-ն հռետորական հարց է՝ մեկ պատասխանով։ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի գնահատականը սա է․ «Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին եւ դրա հետեւանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաեւ իշխանամերձ եւ նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի է որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ: Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց եւ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը,իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր,գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» եւ «աջակցություն» Արցախին եւ նորընտիր Նախագահին»։
ՀՀ-ից զատ՝ ԵՄ-ն չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները։ Ուկրաինան դատապարտել է ընտրությունը, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները»։ Ինչու-ն դարձյալ հռետորական է, եւ պատճառները քննարկելու փոխարեն հակիրճ արձանագրում անենք․ աննախադեպ կլիներ, եթե սրանք ճանաչեին։ Իսկ ովքեր տեղյակ չեն չճանաչելու պատճառներից, խորքային հասկանալու համար պիտի ըմբռնեն նշյալների կառուցվածքային եւ արհեստականության ինքնապահպանման տրամաբանությունը։
Այս ամենի համապատկերում՝ Արցախը արդեն ինը ամիս շրջափակման մեջ է։ Եթե ասենք, որ իրավիճակը ծայրահեղ վատ է, ապա սա էլ է մեղմ բնորոշում։ Ադրբեջանը ոչ միայն ՀՀ սահմաններից ներս է, դեռ զորքեր ու զինական ուժ էլ է կուտակում։ Ռազմական փորձագետներն ահազանգ են հնչեցնում՝ պատերազմից 5 պակաս է։ Ի՞նչ է անում ՀՀ-ն։ Աժ-ն, օրինակ քննարկում է թանկ պետհամարանիշերը աճուրդով վաճառելու հարցը։ Երեւանյան ընտրություն են «ֆռռացնում», համերգների անոնսներ տալիս… Եվ, բնականաբար, այսպիսի երկրում 2-րդ դասարանցիները պիտի դասագիրք չունենան, իսկ, օրինակ, 5-րդ դասարանի Մաթեմատիկայի դասագրքում հերոսները պիտի լինեն Ադին, Բուդին, Գուբին, Դուբին․․․ Կրթական գերատեսչության ղեկավարի պարզաբանումն էլ պիտի լիներ, թե երեխաները չեն սովորում ու պետք է ձեւ գտնել սովորեցնելու։ Ըստ այս տրամաբանության, մաթեմատիկա չսովորող երեխային խանգարում է, որ Արամն է Ա կետից Բ կետ գնում, այ որ Բուդին գնա, երեխան կսովորի․․․
Օրինակը պատահաբար չենք մեջբերում։ Ավելին՝ սա չենք համարում անգիտության արդյունք։ Սա հստակ ծրագիր է՝ ամեն ինչ ավելի ու ավելի անհեթեթ ու կործանարար դարձնելու։ Որովհետեւ դասագրքերը այսպե՛ս չէ, որ պետք է բարելավվեն, նաեւ՝ ուսուցման որակը լավացնելու ձեւերն այսպե՛ս չէ, որ պետք է կիրառվեն։
Տեսեք, թմրամիջոցների շրջանառության, այդ թվում՝ դպրոցականների շրջանում, փաստեր արձանագրվում են, ահազանգեր հնչում։ Սրանից զատ՝ սերունդ փչացնելու լավագույն ձեւը կրթության որակը փչացնելն է։ Անկիրթ ու թմրամոլ սերունդը ազգի, հայրենիքի, Արցախի ու Հայաստանի մասին մտածելու ժամանակ հազիվ թե ունենա։
Չափազանցությու՞ն է։ Ցավոք՝ ոչ։ Սրա դեմը պարտավոր ենք առնել բոլորս։ Բա իշխանություննե՞րն ինչ անեն։ Նրանք արդեն արել են եւ անում են։ Փաստը Արցախի եւ Հայաստանի այսօրվա վիճակն է։ Անողը մե՛նք պետք է լինենք։ Որովհետեւ երեխաները մերն են ու երկի՛րն է մերը։ Մե՛-րը՛։
Իսկ երկիրը պահելու համար նորից պիտի Արցախից սկսենք։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական է։ Երբ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը շնորհավորեց Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, նշեց, թե շնորհավորում է Արցախին «վճռական քայլով իշխանափոխություն իրականացնելու» համար, որն «ընդգծում է Արցախի ինքնուրույնությունն ու անկախությունը»: Վազգեն Մանուկյանը ֆ/բ իր էջում նաեւ նշել էր, թե՝ «Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու բոլորը։ Արցախի գործոն լինելը վճռական նշանակություն է ունեցել մեր բոլոր նախորդ հաղթանակներում․․․ Այսօր ողջ հայության ուշադրության կենտրոնում Արցախն է՝ իր հերոսական պայքարով, խիզախությամբ եւ ծանր փորձությունները հաղթահարելու իր կամքով»։
Իսկ փորձություններն իսկապես ծանր են, որովհետեւ ՀՀ-ն Արցախի կողքին չէ, քաղաքականությունում խելացի խաղեր տալու փոխարեն նեղացկոտություն է խաղում, դեմարշներ սկսում, հարաբերություններ է փորձում կառուցել ոչ թե սխալ, այլ՝ թշնամի երկրների հետ եւ, ըստ այդմ էլ, լսում նրանց, ում համար Արցախի հայերը ոչ թե Արցախի բնիկն ու տերն են, այլ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդ։ Հրահանգը լսեցին, կատարեցին ու․․․ քաշեցին։ Տառացիորեն քաշեցին Հայաստանին, Արցախին, հայությանը։ Այո՛, նորից պետք է սկսել, եւ սկսելու սկզբնաքայլերը սահմանված են։ Հաջողելու պարագայում, իսկ այլընտրանք մենք չունենք, պետք է թափ տալ բոլո՛ր ոլորտները՝ նախակրթարաններից մինչեւ պաշտպանական՝ դրանք համալրելով բացառապես մասնագետներով ու հայրենանվեր կառավարիչներով։