Image

Քանի դեռ կա ուժի սպառնալիք՝ լինելու է Արցախի Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության շուրջ՝ շփման գծում ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերը և այդ երկրի ՊՆ-ի պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը ոչ միայն չի դադարում, այլև ավելի է սաստկանում: Այդ գործողությունները տեղավորվում են միայն Արցախի ժողովրդի դեմ ուժի սպառնալիքի կիրառման համատեքստում: Վերջինս իր այդ գործողությունների համար ապահովում է ակտիվ քարոզչական հենք, որը հիմնականում ուղղված է միջազգային կառույցներին և հանրությանը: Մասնավորապես՝ պաշտոնական Բաքուն առաջ է տանում այն կեղծ թեզը, թե իբր Արցախում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներ կան և հայկական կողմը չի կատարել եռակողմ հայտարարության համապատասխան կետի՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Արցախից դուրս բերելու կետը, այն դեպքում, որ ինքն է խախտել վերոնշյալ փաստաթղթի գրեթե բոլոր կետերը:

Ադրբեջանական կողմն այդ կեղծ թեզը շրջանառելով՝ փակեց Լաչինի միջանցքը, այսօր էլ փորձում է նույն կեղծիքի ակտիվ տարածմամբ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության ուղղությամբ հերթական ռազմական ագրեսիան իրականացնելու համար: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Արցախում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան, այլ արցախցիների անվտանգությունն ապահովում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները: Այն, որ Բաքուն ակնհայտ կեղծիք է տարածում, փաստում է նաև այն իրողությունը, որ փակ դեռնրի հետևում տեղի ունեցող հանդիպումներում վերջինս արդեն պահանջում է Արցախի կանոնավոր զինված ուժերի լուծարում:

Պարբերաբար տարածվող այդ կեղծ թեզը հիմնավորելու համար ադրբեջանական կողմը դիմում է հնարավոր բոլոր մանիպուլյացիաներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքով վերջերս Հայաստան անցած մի քանի տասնյակ տաղամարդկանց և նրանց ընտանիքներին ներկայացնելով որպես ՀՀ ԶՈւ զինծառայողներ: Արցախից ստիպված էին հերքել հերթական կեղծիքը՝ հայտարարելով, որ ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր։

Արցախի Պաշտպանության Բանակը  ստեղծվել և կայացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Վերջինիս առաքելությունն արցախցիների անվտանգությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է, հետևաբար այն լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա ադրբեջանական ագրեսիայի վտանգ: Դատելով պաշտոնական բաքվի ապակառուցողական կեցվածքից՝ արցախցիների հանդեպ ուժի կիրառման սպառնալիքը դեռ երկար ժամանակ չի դադարի, եթե չասենք, որ մշտապես է լինելու: Հետևաբար Արցախի Պաշտպանության բանակն էլ դեռ երկար ժամանակ պարտադրված է լինելու պատվով տանել իր առաքելությունն սեփական ժողովրդի և պետականության հանդեպ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։