Ո՞րն է անելիքը
«Այսօր» լրատվականը տեղեկացնում է․ «InfoPort.am-ի ունեցած տվյալներով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ /24․ 09․ 2023թ․/ այցելել է Իվանյանի օդանավակայան և այնտեղ պատսպարված քաղաքագիներին հայտնել, որ շուտով հնարավոր կլինի նրանց տեղափոխել ՀՀ՝ Գորիս։ Ըստ աղբյուրի՝ այսօր պետական միջոցներով Գորիս կտեղափովի քաղաքացիների առաջին խումբը։ Վաղը ճանապարհը կբացվի այն քաղաքացիների համար, ովքեր սեփական մեքենաներով կկարողանան լքել Արցախը։ Նախագահը նաև ասել է, որ երկուշաբթի օրը բաց կլինեն բանկերը և քաղաքացիները կկարողանան այնտեղ գրավադրված իրենց ոսկեղենը, առանց գումար վճարելու, վերցնել։ Ըստ աղբյուրի առայժմ գործընթացը կտևի երկու օր, հետագայի մասին դեռ որոշումներ չկան»։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։ ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի տեղեկությամբ․ «Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․
«Ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:
Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը»: Այս օրերին կապ եմ հաստատել նաև Արցախում բնակվող ընկերներիս, ծանոթներիս որոշների հետ։ Կա և հավատ, որ Արցախը մնալու է հայկական, կաև հակառակ կարծիքը․․․
Սա է այսօր իրողությունը։ Պարզ է՝ արցախցիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, այլևս չեն կարող ապրել իրենց հայրենիքում, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ՝ անիմաստ է խոսել «ինտեգրում» և նման տերմինների մասին։ Մեր գործը պետք է լիներ ու, դեռ ուշ չէ, պաշտպանել Արցախի անկախությունը։ Միշտ եմ ասել ու կրկնում եմ՝ Արցախը ՀՀ ամենահզոր զրահն է։ Սակայն հայրենի իշխանությունները հրաժարվում են այդ հայրենանվեր գործից։ Այս դեպքում կարևոր է մեր քաղաքական բոլոր կառույցների դերը, որ բոլորը միավորվեն, մի կարևոր որոշում կայացնեն։ Իսկ ուր են բնակվելու տեղահանված արդեն 120 հազար մեր հայրենակիցները։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանված մոտ 20 հազարի բնակության հարցը դեռ չի լուծվել։ Ոչ մեկս իրավունք չունենք, կարծում եմ, դատապարտել արցախցիներին հայրենիքից հեռանալու համար։ Կրկնում եմ՝ պարտավոր ենք պաշտպանել նրանց անվտանգությունը հայրենի տանը, եթե՝ ոչ, պարտավոր ենք նրանց արդեն ընդունել ՀՀ մարզերում, Երևանում։ Արցախյան առաջին գոյամարտի օրերին էլ շատ արցախցիներ տեղափոխվել էին ՀՀ տարբեր վայրեր կամ Արցախի առավել ապահով բնակավայրեր։ Այդ գործընթացը հատկապես սկսվեց, երբ բացվեց Կյանքի ճանապարհը՝ ազատագրվեցին Շուշին, Բերդաձորը, Բերձորն ու Աղավնոն։ 1994 թ․ մայիսի 12-ին, երբ կնքվեց հրադադար, ասեմ, թե զինադադար, թե այլ ոչ ճիշտ որոշում, ու խաղաղություն տիրեց Արցախում, շատերը վերադարձան իրենց տները։ Ցավոք՝ շատերն էլ հեռացան հայրենիքից ու բնակություն հաստատեցին օտար երկրներում։ 1993թ․ վերջին, երբ դեռ ընթանում էր պատերազմը, ազատագրված մեր տարածքներում՝ Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Վայկունիք, Բերդաձոր և այլն, կազմավորվեց Արցախի Քաշաթաղի շրջանը, սկսվեց տարածքների վերաբնակեցումը, որը տարածվեց նաև Քարվաճառում, Արցախի հարավարևելյան հատվածներում։ Բայց, ի՞նչպես էր կայանում այդ գործընթացը։ Միայն Քաշաթաղի շրջանում, որտեղ հնարավոր էր տեղավորել մինչև 100 հազար ու ավելի բնակիչ, 12-13 հազարից ավելի մարդ չապրեց։ Պատճառներից հիմնականը՝ իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականությունն էր։ Տարիներ շարունակ, նաև ես իմ ընտանիքով, բնակվել ենք բառիս բուն իմաստով ավերակներում։ Այն դեպքում, երբ մեծ գումարներ փոշիանում էին, երբ կարելի էր մինչ տվյալ բնակավայրը վերաբնակիչ տանելը՝ բնակելի տներ կառուցեին։ Այդ տարիներին, աշխատելով շրջանի կրթության համակարգում, կազմակերպում էինք դպրոցների հիմնում, ուսուցիչների հրավեր շրջան։ Դպրոցների հիմնական մասը գործում էին դարձյալ ավերակներում, իսկ շրջան եկած ուսուցիչների կեսը կամ ավելին, չհամակերպվելով կենցաղային պայմաններին, ընտանիքով հեռանում էր շրջանից։ Ամեն դեպքում արդեն ուշ է խոսել անցյալի մասին, բայց նշել սխալները, պետք է։ Եթե Քաշաթաղի շրջանում բնակվեր, օրինակ, մի քանի անգամ ավելի բնակիչ, եթե Քարվաճառում, հանրապետության հարավային թևի բնակավայրերում, բուն ԼՂԻՄ տարածքի բնակավայրերում ավելի շատ բնակիչ ապրեր, այսօր մենք այլ Արցախ կունենայինք։ Իհարկե՝ պատերազմներ էլի կլինեին, բայց մենք հաղթող դուրս կգայինք։ Այժմ, իհարկե՝ հավատում եմ՝ Արցախը մնալու է հայկական, ինչ-որ բան պետք է փոխվի։ Բայց, եթե լինելու են տեղափողվողներ, ՀՀ կառավարությունը պարտավոր է նրանց ապահովել բանակարաններով։ Կարելի է օգտագործել այն տարածքները, որտեղ կան բնակելի, սակայն չբնակեցավծ բնակավայրեր, բնակարաններ։ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Լոռի, Վայոց Ձոր և այլ տարածքներում հաստատ կան նման պայմաններ։ Կարելի է նաև նոր բնակավայրեր հիմնել՝ ըստ տեղահանվածների բնակության վայրերի։ Իսկ որպեսզի չհասնենք դրան, պետք է ազգովի տեր կանգնենք Արցախին ու պաշտպանենք։