Image

Երբ չեն գործում անվտանգային արտաքին մեխանիզմները

44-օրյա պատերազմը, դրան հաջորդած սահմանների խախտմամբ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցելու ադրբեջանաթուրքական երկու ռազմական ագրեսիաները և առավել ևս Արցախի ժողովրդի դեմ իրականացրած վերջին ոճրագործության դեպքը փաստում են, որ հայկական կողմը անվտանգության որևէ միջազգային մեխանիզմի գործարկման ակնկալիք չունի և չպետք է ունենա: Վերոնշալ իրադարձությունները խոսում են նաև մեր արտաքին անվտանգային ճարտարապետության հենասյուների՝ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի ոչ արդյունավետ գործելու մասին: Վերջինիս դեպքում կարելի է բերել տարբեր պատճառաբանություններ՝ սկսած ռուս-ուկրաինական պատերազմի վրա ՌԴ ուշադրության շեղումից, մինչև այս պահին ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերությունները չփչացնելը, սակայն դրանք վերջին հաշվով վերևում նշված ընդանուր միտման վրա որակական որևէ ազդեցություն չունեն:

 Հայաստանի արտաքին անվտանգային համակարգի՝ գործնականում չգործելուն զուգահեռ ադրբեջանաթուրքական զույգը շարունակում է հզորացնել ռազմական ներուժը ՀՀ սահմանների հարևանությամբ: Աննախադեպ ծավալի և մեծ արագությամբ բանակը զինելուն զուգահեռ՝ Բաքուն և Թուրքիան հիմա էլ Նախիջևանում են բացում ռազմարդյունաբերական համալիր: Նույն միջոցառման ժամանակ  Բաքվի առաջնորդն կրկին հայտարարում է այսպես կոչված «արևմտյան զանգեզուրի» մասին:

Ակնհայտ է, որ իրականության այս համայնապատկերում Հայաստանը նախ պետք է ապավինի սեփական ուժերին, առաջին հերթին՝ ռազմական: Ադրբեջանին զսպող միակ մեխանիզմը տարածաշրջանում ուժերի հավասրակշռության վերականգնումն է: Ընդորում, անպայման չէ, որ դրանք լիովոին հավասր լինի, ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողությունների ապահովումը բավարար է, որպեսզի ադրբեջանական կողմը խուսափի հարցերը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունից և ապավինի բանակցային սեղանին: Դիվանագիտական ուղիներով անցանկալի զարգացումները կանխարգելելու ընթացող աշխատանքնները չպետք է հետին պլան մղեն այս գործընթացը: Քանի դեռ Ադրբեջանը խոսում է ուժի սպառնալիքի դիրքերից Հայաստանն այլընտրանք չունի, պարտադրված է անվտանգության ռազմական բաղադրիչը ապահովել:

 Արցախի խնդիրը լուծված համարելով՝ ադրբեջանական կողմին այլ բան չի մնում, բացի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումը, չնայած դեռ շարունակում է կեղծ թեզեր շրջանառել, թե իբր Արցախում հայկական ԶՈւ ստորաբաժանումներ կան և նրանց դուրս գալու համար միջանցք է թողել: Բոլոր դեպքերում, տարբեր կենտրոններում բանակցային հանդիպումների ժամանակ պաշտոնական Բաքվի միակ պատճառաբանությունը եղել է Արցախում՝ իբր հայկական զինված ուժերի առկայությունը, այժմ այդ կեղծ պնդումը վերջինս չի կարող բերել:

Հայկական կողմն էլ, անկախ բանակցությունների ընթացքից, պարտավոր է հետևողական լինել Արցախի ժողովրդի դեմ վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի իրականացրած ոճրագործությունները փաստագրելու և միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում: Այն անհրաժեշտություն է Բաքվի իրական դեմքը ներկայացնելու և հետագա հնարավոր փոխհարաբերությունների ճարտարապետության իրավական կարգավորումներն ապահովելու համար: Ադրբեջանական գործելաոճի քողազրկումը անհրաժեշտություն է հետագայում տրածաշրջնում փոխհարաբերությունների հնարավոր հաստատման հեռանկարի համար:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։