Image

Զարմանք, զայրույթ, ափսոսանք....

Չգիտեմ, թե ազգային-պետական այդ ի˜նչ շահեր են կառավարությանը մղել (ավելի ճիշտ՝ դրդել) վերացնելու «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

Եվ կա՞ արդյոք մեկը, մի որեւէ ընթերցող, թերթում տպագրվող լրջախոհ մի մտավորական, որն ասի, թե սա հիմնավոր, ավելին՝ հույժ «իմաստուն» որոշում է:

Հենց այսօրինակ որոշումներն են լավագույնս բնութագրում որոշում կայացնողի կառավարչական եւ բարոյական կերպարը, մտավոր հասունության չափը, հայոց պետականության հզորացման եւ ապագայի հանդեպ իրական վերաբերմունքը:

Հատկապես ներկայիս հայաստանյան իշխանության համար կարող էի մեջբերել Գյոթեի «Ֆաուստից» մի վկայություն՝ «Իշխանություն, իշխանություն. երբ ես եղել դու իմաստուն» (հուսով եմ` գլխավոր խմբագիրը սա չի հանի):

Հիշում եմ` որպես ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, թե ի˜նչ խանդավառությամբ 1990 թ. սեպտեմբերին հիմնադրեցինք անկախության ճանապարհը բռնած մեր պետության օրենսդիր մարմնի պաշտոնաթերթը, ի˜նչ հուզմունքով դիմավորեցինք առաջին համարի լուսընծայումը. այսօրվա պես՝ աչքիս առաջ է հոկտեմբերի 9-ի այդ համարը: Սա երիցս խորհրդանշական էր՝ «Սովետական Հայաստան»-ի փոխարեն հպարտ ու շողշողուն՝ «Հայաստանի Հանրապետութիւն» (այդպես՝ դասական ուղղագրությամբ՝ կամրջելով երրորդ հանրապետության անվանումը առաջինին):

Թեպետ հետագայում փոխվեց թերթի կարգավիճակը, բայց մեր հիշողությունից հնարավոր չէ ջնջել այն փաստը, որ թերթը ծնունդն է անկախության անկասելի ձգտման, ինքնուրույն ապագա կառուցելու վստահության, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայության միավորման, համազգային խնդիրները համախմբված լուծելու վճռականության:

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել աշխատակցելու «Հայաստանի Հանրապետության» առաջին գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանի, ապա մյուսների՝ Մեսրոպ Հարությունյանի, Լիզա Ճաղարյանի, Աշոտ Աղաբաբյանի եւ ներկա խմբագիր Արթուր Ղարագյոզյանի հետ:

Որպես լավատեղյակ ընթերցող՝ ինձ թույլ տամ մի համեմատություն անել: Մեր թերթի պատմությունն անցել է իր կայունացման եւ հզորացման, հեղինակություն եւ հարգանք նվաճելու տարիները, ապա միջնադարյան մռայլ եւ անպտուղ շրջանը (2001-2019 թթ.), այնուհետեւ Վերածննդի դարաշրջանը, երբ թերթը թե՛ բովանդակության, թե՛ ձեւի առումով կատարելապես վերափոխվեց: Թեպետ դժվարությամբ, սակայն «Հայաստանի Հանրապետությունը» վերագտավ իր ընթերցողին, դարձավ սպասվող եւ կարդացվող թերթ:

Ո՞ւմ կարող էր սա դուր չգալ, ո՞ւմ քիմքին հաճո չէր թերթի անվանումն իսկ. չգիտեմ, բայց կիմանանք վաղ թե ուշ. հավատում եմ մեծն Շեքսպիրին՝ «Զազիր գործերը կգան հրապարակ...»:

Նման որոշումը ի˜նչ արձագանք պիտի ունենա՝ զարմանք, զայրույթ եւ ափսոսանք...

Իսկ որպես վերջին ասելիք՝ հայտնեմ ընթերցողիս շնորհակալությունը թերթի ներկայիս խմբագրակազմին այս վերջին տարիների վերլուծական հոդվածների, բովան¬դա¬կա¬լից հրապարակումների, ուշագրավ նյութերի, զանազան տեղեկությունների հմուտ ու գրավիչ մատուցման համար: Կարծում եմ՝ եթե թերթն ինքը հնարավորություն ունենար, ձեզ կասեր Թումանյանի վերջին խոսքի պես՝ «Ղոչա՛ղ կացեք»:

 

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։