«Հայաստանի Հանրապետություն»
Պետականամետ, քաղաքացիակենտրոն, մնայուն խոսքի հարթակ
Տեղեկատվական աննախադեպ մեծ հոսքերի եւ միջոցների դարաշրջանում, երբ դասական զանգվածային լրատվամիջոցներին ավելացել են էլեկտրոնայիններն ու սոցիալական ցանցերը, երբ յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ տեղեկատվություն ստեղծող եւ փոխանցող է դարձել, երբ շատ դեպքերում հասարակական կարծիքը ձեւավորում են ապատեղեկատվությունը եւ սենսացիոն լուրերը, կայուն եւ ճշմարիտ խոսքի արժեքն անչափելիորեն մեծացել է: Մյուս կողմից էլ այսօր, առավել քան երբեւէ, միջազգային գործընթացներում կտրուկ ծանրացել է քարոզչության տեղը, յուրաքանչյուր իրադարձությունից առաջ անհրաժեշտաբար ընթանում է հասարակական կարծիքի ձեւավորման քարոզչական գործընթաց: Այն ոչ թե իրադարձությունների ձեւական կողմ է, այլ աշխարհում հաստատված եւ գործող ժողովրդավարական հարաբերությունների պարտադիր միջոցառում: Պետությունների քարոզչական այս կարեւոր գործառույթն իրականացնելու համար վաղուց ձեւավորվել են դրանց ինստիտուցիոնալ գործիքակազմեր, որոնք ժամանակի թելադրանքով թարմացվում են, սակայն դասական միջոցները մշտապես պահպանվում են:
Չնայած ժամանակակից դինամիկ հասարակական-քաղաքական միջազգային հարաբերություններում զգալի տեղ ունի ասելիքը կարճ, մատչելի հաղորդագրություններով տեղ հասցնելու գործելաոճը, բայց վերջիններիս հետագիծը եւ ազդեցությունը կարճաժամկետ բնույթ ունեն, իսկ երկարաժամկետ եւ խոր ազդեցություն թողնելու համար անհրաժեշտ են այլ գործիքներ, որոնցից են պատմության փորձությունը բռնած դասական լրատվամիջոցները՝ տպագիր մամուլը եւ հեռուստատեսությունը` իրենց էլեկտրոնային տարբերակներով: Վերջիններիս դերը կտրուկ բարձրանում է պատերազմող երկրների համար: Այն քարոզչության՝ պայքարող քաղաքացիների, աշխատողի, արարողի ոգին բարձրացնելու առաջնային միջոցներից է:
Հենց այս առաքելությունն է իրականացրել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը՝ հանրապետության անկախության հռչակագիրն ընդունելուց ի վեր, արցախյան երեք պատերազմներում եւ դրանց ընդմիջումներում իրականացված պետականաշինության աշխատանքներում: Հանրային միջոցներով գործող միակ տպագիր լրատվամիջոցը խոսել է բացառապես պետության, պետականության, ազգայինի եւ հասարակական շահի դիրքերից՝ առավելագույնս սահմանազատվելով կուսակցականությունից, առավել եւս՝ դեղին մամուլից: Հայտնի փաստ է, որ մասնավոր միջոցնեից ֆինանսավորվող ԶԼՄ-ները որոշակի օբյեկտիվ եւ բարոյական սահմանափակումներ ունեն ֆինանսավորողի առաջ: «Հայաստանի Հանրապետության» ֆինանսավորողը ՀՀ քաղաքացիներն էին, եւ նրա հոդվածագրերը «կաշկանդված» էին բացառապես նրա շահերով, այդ շահերը պաշտպանողի՝ պետության առաջնահերթություններով:
«Հայաստանի Հանրապետությունը» գրել է բացառապես պետության դիրքերից, պետականությունն ամրապնդելու ու ուժեղացնելու, քաղաքացու իրավունքներն ու առաջնային շահերը պաշտպանելու մոտիվացիայով: Պատերազմի բախտորոշ օրերին էլ մարտնչող զինվորի կողքին էինք մեր խոսքով, եւ թիկունքին՝ մեր գործով: Այսօր էլ պատերազմից մեջքն ուղղող մեր երկրի կողքին ենք, մեր մասնագիտական առաքելության սահմաններում նրան օգնողը:
«Հայաստանի Հանրապետությունը» խոսափող էր գիտնականի, մանկավարժի, շինարարի ու արվեստագետի, զինվորի ու պետական գործչի համար: Այն առաջին հերթին պետության զենքն էր դիվանագիտական ճակատում, եւ գործիք՝ պետականաշինության չդադարող աշխատանքներում: Օրաթերթը պետության ժամանակագրությունը վարողն էր եւ ժառանգությունը հավերժացնողը:
«Հայաստանի Հանրապետությունը» 30 տարուց ավելի գործելուց հետո դադարեցնում է իր ինստիտուցիոնալ գործունեությունը, բայց պարբերականի սպիտակ էջերը բովանդակողները շարունակել ու շարունակելու են պետականամետ, քաղաքացիակենտրոն իրենց խոսքը հասցնել հանրությանը, աշխարհին, բայց այլեւս ոչ հանրության ֆինանսավորած տպագիր պարբերականի էջերից: