Image

Այն վերադառնալու է մի օր…

Դժվարանում եմ հավատալ, որ այսօր լույս է տեսնում իմ սիրելի օրաթերթի «վերջին» համարը: Սա ես արձանագրում եմ խոր ցավով եւ ափսոսանքով, «ՀՀ»-ի իմ գրչընկերների հետ անցած դժվար եւ արգասաբեր ճանապարհի, ունեցածս լուսավոր հիշողությունների անթաքույց հպարտությամբ:

Ավելի քան 25 տարի լինելով թերթի սեփական թղթակիցն Արցախում` բազում հրապարակումներ եմ ունեցել անկախության, Արցախի կյանքի, հիշարժան իրադարձությունների, պատմամշակութային հուշարձանների, մեր ուրախ եւ տխուր օրերի, երկրիս պարտադրված դաժան պատերազմների եւ հաղթանակների մասին: Թե որքանով է հաջողվել մատս «զարկերակի վրա պահել» եւ հայոց երկրորդ տունը (Արցախը) հարազատ ու սիրելի դարձնել ընթերցողներին ու կամրջել միմյանց, այդ մասին գերադասում եմ չբարձրաձայնել, քանզի ժամանակներն են ամենաարդար եւ անաչառ դատավորները… Իսկ ես ինչ արել եմ հնարավորությանս սահմաններում, արել եմ սիրելով իմ երկիրն ու գործը, վստահելով եւ հավատալով մարդկանց, մտահոգված Արցախիս եւ Հայաստանիս ճակատագրով եւ, անշուշտ, կարեւորելով «ՀՀ»-ի, նրա ստեղծագործական կոլեկտիվի առաքելությունն ու հեղինակությունը:

Անցած տաիներին ոչ քիչ դժվարություններ ենք միասին հաղթահարել, հոբելյաններ տոնել եւ արժեւորել Հայաստանի Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում անկախություն հռչակած Երրորդ հանրապետության պաշտոնական օրգանի՝ մեր թերթի ծնունդը: Անմոռանալի շատ պահեր են եղել գործընկերներիս հետ կապված, որոնց այսօր կարոտով եմ հիշում: Ու անասելի ծանր է հաշտվել այն մտքի հետ, որ իշխանությունները «գրչի մի թեթեւ հարվածով» լուծարում են Հայաստանի անկախության տարիների պատմության վավերագրերից մեկը… 

Վիրավոր ու զարկված սրտով, բայց անսասան ոգով, պաշարման մեջ գտնվող Արցախ աշխարհից ձեռքս ուզում եմ պարզել ընկերներիս, գրկել նրանց ու ասել. «Հարազատներս, պինդ եղեք, շարունակեք սիրել «Հայաստանի Հանրապետությունը», որ հաստատ վերադառնալու է մի օր…»:

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։