Արհամարհված «խաղաղություն»
Թուրքիայի նախագահը շաբաթ օրը չնշեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անունը, երբ թվարկեց երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ցուցակը։ Այս մասին Թուրքիայի նախագահական համալիրից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Թուրքիայի ղեկավարը երախտագիտության խոսքեր է ասել եւ ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարների։ Այդ պահին թուրքական պետական TRT հեռուստաալիքը հյուրերի է ցուցադրել, կադրում հայտնվել է նաեւ ՀՀ-ից հյուրը։ Թուրքիայի նախագահի կինը եւ օգնականները, ըստ երեւույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին։ Սակայն ՀՀ ներկայացուցչի անունն այդպես էլ չի տվել՝ նշելով, թե բոլոր հյուրերին թվարկելու ժամանակ չկա։
Այն, որ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անունը չէր տալու, հասկանալի է։ Այո, դա հուշում է հենց, այսպես ասենք, արարողակարգային տրամաբանությունը։ Բանն այն է, որ Հայաստանից մասնակցեցին մի պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը, որ 44-օրյային ամեն կերպ աջակցեց Ադրբեջանին։ Հայաստանից մասնակցեցին այն թուրքի արարողությանը, որ 44-օրյայից հետո հայտարարեց, թե Էնվերի հոգին փառավորվել է՝ դրանով պարզ ասելով, թե շարունակողն են երիտթուրքական ցեղասպան քաղաքականության։ Հայաստանից մասնակցեցին այն թուրքի արարողությանը, որ ուղղակիորեն ամեն օր սպառնում է Արցախին, Հայաստանի Հարապետությանը եւ ամբողջ տարածաշրջանին։
Հայաստանից մասնակցեցին, անունն էլ դրեցին դիվանագիտություն։ Բայց դիվանագիտությունն առանց արժանապատվության ու պատվախնդրության չի լինում։ Իսկ քանի որ չկա դիվանագիտություն առանց արժանապատվության, ուրեմն չկա նաեւ անարժանապատիվ «դիվանագիտություն» վարողի հանդեպ հարգանք։ Ու քանի որ չկա հարգանք, ապա դա անպայման պետք է երեւա արարողակարգում։ Ահա թե որն էր Թուրքիայի նախագահի՝ Հայաստանի ներկայացուցչի անունը տալու համար ժամանակ չունենալու պատճառը։
Թուրքական տանդեմը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում։ Խաղաղություն ուզողը ցեղասպանությամբ չի սպառնում։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումն են ուզում, եւ դա չեն էլ թաքցնում , ու սպառնալիքները հնչեցնում են ամենաբարձր՝ առաջին դեմքերի մակարդակով։ Հայաստանն էլ, ի պատասխան, հնչեցնում է՝ ինչ ուզում է լինի, գնալու է խաղաղության օրակարգով։ Հասկանալի է, որ այս գործելաոճով ստանալու ենք լավագույն դեպքում՝ նոր պատերազմ, իսկ մյուս դեպքում՝ հայրենազրկում։ Հայաստանի օրվա իշխող քաղաքականությունը վարողների ուզած խաղաղությունը չակերտներով է, որ ամեն օր ավելի ու ավելի է սեղմում մեր պարանոցի շուրջ թուրքական օղակը։ Եվ այն, ինչ կատարվեց Թուրքիայի նախագահի երդմնակալության ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան ՀՀ-ի ուզած խաղաղության պատասխանը։ Արհամարհանք։