Մեծ Հայքի քարտեզը ոչնչացնում է թուրքական փառավորության պատրանքը
Երեւանում «Նեմեսիսի» արդարադատության գործողությունները հիշատակող հուշակոթողի տեղադրման դեմ խոսելուց հետո Թուրքիան հիմա էլ անցավ Մեծ Հայքի քարտեզից բողոքելուն։
Հուշակոթողի տեղադրման դեմ բողոքում է, որովհետեւ «Նեմեսիսը» 1915թ․ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, 1918թ․ Բաքվի հայերի ջարդի կազմակեպիչներին արժանի պատժի ենթարկելու վկայագիրն է։ Հուշակոթողի տեղադրման դեմ Թուրքիան բողոքում է, որովհետեւ «Նեմեսիսը» թուրքերին աջակցած հայ դավաճաններին արժանի պատժի ենթարկելու վկայագիրն է։ Թուրքիան բողոքում է, որովհետեւ «Նեմեսիսը» նաեւ ցույց է տվել, որ թուրքերի հերոսները, մեղմ ասած, միջազգային հանցագործներ են, ահաբեկչներ։ Թուրքիան բողոքում է, որովհետեւ ընդհանրապես իր մարդասպան ու հատկապես հայասպան քաղաքականությունը շարունակելու համար իրեն պետք են արնախում «հերոսներ» ու հայի ազգանուն կրող դավաճաններ։ Իսկ «Նեմեսիսը» այդ «հերոսներին» ու դավաճաններին սատկացնելու մշտակա՛ն կենդանի վկայագիր է։ Ու նաեւ՝ պատգամ՝ չներելու ո՛չ արտաքին եւ ո՛չ էլ ներքին թշնամուն։ Թուրք-ադրբեջանական տանդեմը վերջնականապես փակել է ուզում հայկական հարցը, իսկ դրա համար հարկ է, որ հայկական ոգին կոտրվի։ Բայց «Նեմեսիսը» նույն այդ ոգու վերհառնման եւ արդար պատժի գաղափար է։
Գանք Մեծ Հայքի քարտեզից թուրքական բողոքին։ Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են (ըստ Էրմենիհաբերի) Երեւանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման եւ արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։ Հրապարակումների հիմքում այդ մասին Բեռլինում Ադրբեջանի դեսպանի թվիթերյան գրառումն է, որում նշվում է, թե քարտեզում իբրեւ արտահայտվում են «Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն` ուղղված իր հարեւաններին»։ Թուրքական տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներում պատմական Մեծ Հայքի քարտեզը բնորոշվել է որպես «սկանդալային» եւ «սադրիչ»։
Հասկանալի է, որ թուրքական բողոքն իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Առաջին՝ հայը որեւէ պետության նկատմամբ այդ պետության տարածքի պահանջ չի դնում։ Կրկնում ենք՝ ա՛յդ պետության տարածքի։ Բայց Մեծ Հայքի տարածքները հայապատկան տարածքներ են։ Եվ այո՝ Հայկական լեռնաշխարհի տարածքների իրավունքը հայինն է՝ պատմական եւ բնական իրավունքով (հայի բնօրրանն է Հայկական լեռնաշխարհը)։ Ցավոք՝ ներկայիս Հայաստանը ոչ միայն չի խոսում իր պատմական ու բնական իրավունքներից, այլեւ՝ Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս փոքրիկ ոտատեղի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության տարածքների հայապատկանության հարցն է քննարկում թշնամու հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղին տեր չկանգնելով եւ Հայաստանի Հանրապետություն մտած թշնամուն դուրս չշպրտելով։
Երկրորդ՝ Մեծ Հայքի քարտեզը համարել սկանդալային, դա նույնն է թե՝ սկանդալային համարել Բաբելոնյան կավե սալիկ քարտեզը, որտեղ աշխարհի կենտրոնում նշված է Հայաստանը։ Կամ՝ սկանդալային համարել բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, որտեղ դարձյալ հիշատակվում է Հայաստանը։ Պատմական քարտեզի սկանդալայինը ո՜րն է․ քարտեզները պատմության կենդանի խոսքն են, եւ բնականաբար, հին քարտեզներում ու արձանագրություններում Հայաստանը մշտապես կա։ Բայց, այո, դրանք սկանդալային են Թուրքիա կոչվող պետության համար, որովհետեւ թուրքն իր համար փառավոր պատմություն է փորձում կերտել եւ դրա համար ընտրել է վերին նշաձողը։ Այսինքն՝ պետք է լինի «ազգ» եւ ունենա «պատմական հողեր»։ Եվ քանի որ բնավորվել ու պետություն է ստեղծել հայկական հողերում եւ հայերի կյանքի ու հայրենազրկման հաշվին, մոռացնել պիտի տա հայի հետ կապված ամեն ինչ։ Սակայն՝ Մեծ Հայքի քարտեզը թուրքական նշաձողը ոչ միայն իջեցնում, այլեւ կորցնել է տալիս։
Եվ երրորդ՝ ահա այս պատճառով էլ Մեծ Հայքի քարտեզը Թուրքիայի համար սադրիչ է, որովհետեւ ջնջում է թուրքական փառավորության պատրանքը։
Իրապես ազգային Հայաստանում շատ բան կփոխվի եւ շատ բան կընկնի իր տեղը՝ այո, ազգային նպատակների ու դրանց իրագործման մասով։ Այդ պատվավոր բեռը քանի՜ սերնդի ուսին կընկնի՝ կախված կլինի շատ հանգամանքներից։ Բայց ազգային նպատակը ժամանակով չեն չափում, այլ՝ ազգային հաստատակամությամբ։