«Մենք»-ի «ծախսարդյունավետության» հետեւանքը
Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը միջազգային հարթակում մենակ են մնացել։ ՀՀ-ն դաշնակիցների հետ հարաբերությունները վատացրեց, նոր դաշնակիցներ չփնտրեց, սեփական շահերը չհետապնդեց, այդ իսկ պատճառով հայտնվեց տարբեր երկրների շահերի բախման կենտրոնում՝ դրանց բխող բացասական հետեւանքներով։ Մեր «պետական այրերն» այնքան «ծախսարդյունավետ» աշխատեցին, որ տարածաշրջանում սուբյեկտ դարձած ու ձայնի իրավունք ունեցող ՀՀ-ն վերածվեց անձայն միավորի եւ տեղը զիջեց, ոչ ավել-ոչ պակաս, ընդամենը 105 տարեկան թյուրքական ցրթուկ Ադրբեջանին։ Ապացույց՝ մեր իրականությունը․ Արցախի մեծ մասը՝ նույն այս ցրթուկի կողմից օկուպացված, նույն այս ցրթուկը՝ ՀՀ մտած, ՀՀ-ն՝ Արցախից ձեռք քաշած, անպատվախնդիր, անծրագիր, սրա ու նրա օրակարգով շարժվող՝ առանց հայկական շահի հետապնդման։ Եվ այսքանից հետո մեղադրանքներ՝ ՌԴ-ն մեզ չի սիրում, Արեւմուտքը մեզ չի օգնում, բլա-բլա․․․ Եվ հռետորական հարց՝ իսկ մենք մեզ սիրու՞մ ենք։ «Մենք» ասելով նկատի չունենք հայության ազգային հատվածին, ժողովրդի գիտակից մասին, նույնիսկ անգիտակից շերտին նկատի չունենք (սա ամեն երկրում կա, բայց ոչինչ չի որոշում), նկատի ունենք զուտ եւ բացառապես օրվա պատասխանատուներին, որոնց ձեռքում է պետության համար որոշումների կայացման լծակը։
Եվ այս «մենք»-ի պատճառով Արցախյան առաջին ազատամարտից հետո տարածաշրջանում խաղաղության երաշխավոր համարվող Հայաստանի փոխարեն այսօր Ադրբեջանն է․ որ շարքային մարդուց սկսած մինչեւ պետության առաջ դեմք ռազմական հանցագործ է, միջազգային ահաբեկիչ․ շարքային մարդու համար հայ սպանելը երանություն է, զինվորի համար՝ հայ գլխատելը՝ հպարտության առարկա, առաջին դեմքի համար՝ այս ամենի ներարկումը՝ հոգու պահանջ։ Ցավոք, ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչության հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի կապակցությամբ, վկայում է, որ հոգեվաճառությունը պահանջ է նաեւ Արեւմուտքի համար։ Եվ ոչ միայն Արեւմուտքի, այլեւ միջազգային բոլոր այն խաղացողների, որոնք «մոռացել» են թյուրքական բնույթը։ Հստակեցնենք սակայն, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ն եւ ոչ էլ Ռուսաստանը (իմա՝ սրանց քաղաքականությունը) մեր հանդեպ բարոյականությամբ առանձնապես երբեք չի փայլել, բայց եղել է շահերի համադրման մի կետ, որ թույլ է տվել զարգացնել հարաբերությունները եւ հասկացնել տալ հայկական շահն ու գործոնը։ Նշյալ «մենք»-ի պատճառով հիմա այս կետը չկա, ուստի խաղացողները հրեշտակների թեւեր են հագել ու կանգնել թյուրքական կողմում․․․
Բայց քանի որ հիմա մեր քննարկման առարկան ԵՄ ներկայացուցչության հայտարարությունն է, փոքրիկ անդրադարձն անհրաժեշտ է։ «Եվրոպան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե» (Ռուբեն Սեւակ)։ Եվրոպան, որ 90-ականներից սկսած աշխատում էր ՀՀ-ի հետ, Արցախը հայկական համարելու ոչ մի խնդիր չուներ, քաջատեղյակ է ադրբեջանական հանցագործություններին ու ահաբեկչություններին 44-օրայի ընթացքում եւ դրանցի հետո, ինչու՜ հանկարծ սկսեց ոսկի ցանել թյուրքական ուղղությամբ, ի՜նչ բոզություն պիտի հնձի այս կողմից։ ԵՄ ներկայացուցչության հենց վերոհիշյալ հայտարարությունում կա այդ պատասխանը․ «Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է. Մենք շահագրգռված ենք շարունակել եւ ամրապնդել մեր լավ համագործակցությունը, մասնավորապես էներգետիկայի, բարեփոխումների, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում։ Կապը եւ էներգետիկան ԵՄ-ի Տնտեսական եւ ներդրումային ծրագրի առանցքային տարրերն են, որի նպատակն է մոբիլիզացնել Ադրբեջանում մինչեւ 2 մլրդ եվրոյի զգալի պետական եւ մասնավոր ներդրումներ: Ադրբեջանը առանցքային դեր է խաղում կապի, Եվրոպան Կենտրոնական Ասիայի եւ նրա սահմաններից դուրս կապող Միջին միջանցքի զարգացման եւ էներգիայի աղբյուրների եւ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման գործում, հատկապես Հարավային գազային միջանցքի միջոցով: 2022թ․ հուլիսին Բաքվում ստորագրվել է Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր։ Ավելին, ԵՄ-Ադրբեջան նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ԵՄ-ն հանձնառու է շարունակել բանակցությունները՝ դրանք շուտով վերջնական տեսքի բերելու նպատակով»:
Ահա՛ պատճառը․ ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար Եվրոպային պետք են ադրբեջանական էներգակիրներ։ Դրա համար էլ մարդուն գերագույն արժեք համարած Եվրոպան սեղմել է մարդու արյան մեջ ձեռքերը լվացող, մարդուն քնած տեղը կացնահարող, մարդուն գլխատող ու տեսարանը համացանց գցող թուրքի ձեռքը։ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն ցուցանել էր եվրոպական պոռնկությունը․ «Ես մտահոգվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ աստիճանի է Հայաստանն անտեսվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից,-ասել էր նա, երբ Եվրահանձնաժողովի նախագահը Ալիեւի հետ պայմանագիր էր ստորագրել (այս մասին խոսել ենք,-Ա․Մ․)-ինչո՞ւ էր պետք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպել Հայաստանում, ինչո՞ւ էր ասվում, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, եթե մենք հիմա նրան միայնակ ենք թողել իր խնդիրների հետ՝ շրջափակված դիկտատորական երկրներով։ Ես խոսել եմ Ֆրանսիայի Սենատի ամբիոնից, խոսել եմ ԵԱՀԿ-ի ամբիոնից ու ասել՝ մի՞թե ուկրաինական կյանքերն ավելի կարեւոր են, քան հայերինը։ Երբ այսօր մենք խոսում ենք ագրեսիայի մասին, հանցագործությունների պատճառով զոհերի մասին, արգելված զենքերի կիրառման մասին, ինչո՞ւ այդ ամենը ասելով Ուկրաինայի պարագայում, նույնը չենք ասում Հայաստանի պարագայում․․․ Մենք չենք խոսում Հայաստանի մասին, չենք խոսում Թուրքիայի հանցագործությունների մասին, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի մասին, որոնք Թուրքիայի սպառնալիքների տակ են: Հայերը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կարող են նորից ենթարկվել ցեղասպանության, եւ դա կարող է նախադեպ դառնալ մյուսների համար․․․ Ցավոք, դա չի հետաքրքրում Ֆրանսիայի կառավարությանը, ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպական Միությանը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ով ստորագրել է այդ վրդովեցուցիչ փաստաթուղթը։ Նա այցելել է Բաքու, դա դիվանագիտական ստորացում էր, նա «ծնկի է իջել», համբուրել է Ալիեւին և նրան անվանել է Եվրոպայի վստահելի դաշնակից։ Ինչո՞ւ Եվրոպայի առաջնորդները, ում մանդատով նա այնտեղ է գտնվում, նրան չասացին, որ՝ դուք դրա համար չեք այնտեղ այցելել, դա ձեր դերակատարումը չի, ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություն անել»։
Ամենայն հարգանքով Ֆրանսիայի սենատի անդամ Բուայեի հանդեպ, նշենք՝ նա առանձին չի որոշում ոչ Ֆրանսիայի եւ ոչ էլ եվրոպական քաղաքականությունը։ Որը ոչ այլ ինչ է, քան մոռացում հայկական շահի ու դավաճանություն հայի հանդեպ։ Որովհետեւ Եվրոպան Ադրբեջանին չի ստիպում բացել Հայաստանն Արցախին կապող կենսական ճանապարհը, պատժիչ մեխանիզմներ չի կիրառում ՀՀ տարածք մտնելու համար, չի պատժում 44-օրյային արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր կիրառելու համար, որ վնասեցին որ միայն հային, այլեւ Արցախի բնությունը։ Նա Ադրբեջանին սիրով կոչ է անում «մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Կրկնենք՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության, այսինքն՝ հայերին համարում է Ադրբեջանում ապրող ժողովուրդ։
Մեղավո՞ր է Եվրոպան։ Ի՞նչ է, միշտ հրեշտակի լուսապսակով էր եղել, հանկա՞րծ սատանա դարձավ։ Ո՛չ։ Նշյալ «մենք»-ը բերեց դրան՝ հայկական շահը չպաշտպանելով։
Հայերին փրկող Եվրոպան հիմա նույնիսկ «տեղյակ չէ»՝ ինչ է կատարվում Արցախում։ Պոռնկության բարձրագույն դրսեւորումները շարունակվում են հայտարարության հաջորդ տողերում։ «Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է եւ բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնական էներգետիկ եւ հաղորդակցական ծառայությունների խափանումներին․․․ Եթե դա դեռ այդպես է, մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար․․․»։ Ուշադրություն դարձնենք՝ «եթե դա դեռ այդպես է»։
ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչության՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի կապակցությամբ հայտարարությունն ավարտվում է հետեւյալ խոսքերով․ «Նախարար Բայրամով, թույլ տվեք վերահաստատել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը դեպի անվտանգ, կայուն, խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»:
Ահա եւ վերջ։ Եվրոպան հանուն ադրբեջանական էներգակիրների Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը կապեց Ադրբեջանի հետ։ Այն Ադրբեջանի, որ առաջին դեմքով հայտարարում է․ «Մենք գրողի ծոցն ուղարկեցինք այսպես կոչված «Արցախի հանրապետությունը»», «Նրանք (հայերը,-Ա․Մ․) միշտ կապրեն պարտված ազգի եւ պետության խարանով», «Մենք թույլ չենք տա նրանց վերականգնել իրենց ուժերը», «Ես ասում եմ, եթե ինչ- որ մեկը Հայաստանում մտածի վրեժի մասին, նրանք կառերեսվեն մեր երկաթյա բռունցքի հետ» (Ալիեւի 2021թ․ ելույթներից)․․․
․․․Բայց այսպես չի մնա։ Հայը անպայման մտածելու է այն մասին, ինչից այդքան իրականում վախենում է թուրքը։