«Հայկական մոդելը» գծագրելու ժամանակը
Հայրենիք, հայրենիքի հանդեպ սեր, հայրենաճանաչողություն, ինքնաճանաչողություն, արյան ծագում, հայրենիքի հանդեպ պատասխանատվություն․․․ այս ամենի՝ գիտակցական մակարդակով սերմերը ներսումս ցանել են երկու կողմից՝ դպրոցս եւ պապս։ Այո, դպրոցս եւ՝ ոչ անկախական տարիներին։ Երբ Շուշին ազատագրվեց, մենք արդեն գիտեինք՝ այն որտեղ է, ինչու էր այդքան կենսական հայկական քաղաքի ազատագրումը, ինչու այն բացեց մեր շունչը եւն։ Այո, պապս, որ ինձ դաստիարակելու հնարավորություն ուներ տարվա արձակուրդների ընթացքում միայն, որովհետեւ Երեւանից գյուղ էի վազում հենց այդ ժամանակ։ Հիմա երբ նայում եմ որոշների, կապ չունի՝ «վերնախավային» կամ «շարքային» շերտ, ակամա հարց է ծագում՝ լավ, սրանք դպրոց կամ պապ չեն ունեցե՞լ․․․
Որ չեն ասում՝ սա անկլավ է, սա թուրքի հող է, ակամա մտածում եմ, որ ասողը, եթե իհարկե գենախեղում կան հոգեկան շեղում չունի, դպրոցում քարտեզ բացած չկա։ Չէ, հնարավոր չէ, որ դասատուների շարքում ուսուցիչ չլիներ, պարզապես նայել է աշակերտի անհաղորդ դեմքին եւ որոշել է մի կերպ ավարտացնել՝ այեւս այդ դեմքը չտեսնելու ակնկալիքով։ «Թուրքի հող» ասողը հավանաբար պապ էլ է ունեցել, բայց էլի իր պես անհաղորդ՝ միայն օրվա սննդի հաշվին մեծացող։ Ի՛մ պապը այս հարցի պատասխանը տվեց առաջին ու վերջին անգամ, երբ տատս ասաց, որ մեծերին հարգել է պետք։ Պապս թե՝ չկա էդպիսի բան, սպիտակ մազե՛րը չեն հարգում, խե՛լքն են հարգում, թե չէ «էնա, մեր հորթն էլ մեծացավ՝ կով դարձավ»․․․
Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում՝ հիմա այս անհաղորդ (կամ պայմանական անհաղորդ) շերտին ինչպես բացատրել, որ չկա՛ «անկլավ», չկա՛ թուրքի հող։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը շրջապատող տարածքներում չկա՛ թուրքի հող։ Այդ տարածքները դարձյալ մեր բնօրրանի, մեր հայրենիքի հողերն են։ Սա ծավալապաշտություն չէ, սա հայի հայրենիքի սահմանների իմացություն է։ ՀՀ-ն մեր հայրենիքի մի հատվածում է ընդամենը։ Դրա համար ենք ասում՝ հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը։ Հողը նրանը չէ՛, ով այդ ժամանակահատվածում այդ հողին ապրում է։ Օրինակ՝ Արեւմտյան Հայաստանը թուրքինը չէ՛։ Նա կեղտոտ վարձակալի պես խցկվել է հայի տուն, տանտիրոջը սպանել է, գույքը յուրացրել, աչքն էլ միշտ անթարթ է պահում, որ տանտիրոջ զավակներից մեկը չհայտնվի ու իրեն չվռնդի այդտեղից։ Հիմա մենք՝ զավակներս, միայն Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության զավակները չենք։ Մենք մեր ամբողջական հայրենիքի զավակներն ենք եւ պարտավոր ենք կեղտոտ վարձակալներին վերաբերելու ինչպես կեղտոտ վարձակալների․․․
Մեր ասածից հետո բերանը բացող ու ապուշի պես հռհռացող հորթերին էլ կարող ենք կեղտոտ վարձակալների հետ քշել քոչվորության՝ իրենց բնույթին ու կերպին հավատարիմ։ Որովհետեւ նրանք չգիտեն ինչ ասել է հայրենիք եւ ազգային երազանք։ Առավելեւս՝ չեն կարող մեզ ու սերունդներին օգնել իրագործելու ազգային երազանքը։ Ոչ հիմա, ոչ երբեւէ։
«Անկլավային» խոսույթը թրքահաճ խոսույթ է։ Սա հստակ է ու միանշանակ այդպես է։ Ինչպես եւ հստակ է, որ թրքահաճ խոսույթ է նաեւ Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելը։ Եթե նույնիսկ չխոսենք այն մասին, որ չկա՛ ադրբեջանական հող, որ այդ արհեստական միավորը ստեղծվել է հայկական հողերում եւ հարցը քննարկենք զուտ մեր օրերի տիրույթում, այն է՝ Ադրբեջան պետության եւ Արցախի, ապա ինչպե՞ս կարելի է պատկերացնել Արցախն Ադրբեջանում։ Պատկերացնողներին էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհուդ է տալիս «իջնել գետնին»։ «Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ,-ասում է նա,- ո՞նց կարող են արցախաբնակներն այդտեղ ունենալ տարրական մարդկային իրավունքներ, կամ անվտանգություն։ Հայերի համար ի՞նչ անվտանգություն Ադրբեջանում, ի՞նչ երաշխիք, ու՞մ երաշխիքով․․․ Ադրբեջանում հայերի իրավունքնե՞ր… Ադրբեջանում հենց իրենք՝ ադրբեջանցիները չունեն իրավունքներ, ինչ մնաց արցախաբնակ հայերը։ Այդ ովքե՞ր են հավատում ալիեւյան այդ լկտի խաբեությանն ու անհեթեթությանը։ Տեսե՞լ են, լսե՞լ են, գիտե՞ն պաշտոնական ու պետական մակարդակով ինչ կարգի համակարգված ու կազմակերպված խորը հայատյացություն է սերմանվում այդ երկրում։ Կամ՝ Ադրբեջանի տարածքում «միջազգային երաշխի՞ք։ Այդ ո՞ր երկրներն են, որ կարող են ապահովել «միջազգային երաշխիքներ» Ադրբեջանի ներսում՝ «ցեղասպանություն» բրենդը կրող Թուրքիա՞ն։ Արդյո՞ք դեռեւս կան միամիտներ, ովքեր հույս ունեն, որ «միջազգային երաշխիք» տվողները մտնելու են Ադրբեջանի տարածք, եւ պաշտպանեն արցախաբնակների իրավունքները: Եվ վերջապես, այդ ովքե՞ր չեն հասկանում, որ Արցախում բնակվողները Ադրբեջանի կազմում ուղղակի կմնան մեն-մենակ՝ ցեղասպանության վտանգի առջեւ»։
«Պատճառն էլ ակնհայտ է,-շարունակում է Կարեն Ճշմարիտյանը,- առաջին՝ ինչ որոշում էլ լինի, միեւնույն է՝ նրանց ճնշող մեծամասնությունը երբեք չի լքի Արցախը՝ հայրենի հողը։ Երբե՛ք… երկրորդ՝ արցախցիների այդ նույն ճնշող մեծամասնությունը երբեք չի վերցնի Ադրբեջանի անձնագիր, եւ չի ենթարկվի։ Երբե՛ք… Պարզապես չեն ենթարկվելու «մեծերի» գծած այլ երկրների օրինակով կազմած ստանդարտ ծրագրին, եւ վերջ։ Ի՞նչ են անելու Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը։ «Մոսկվան» չգիտի՞, թե՞ չի հասկանում այս պարզ իրողությունը, թե՞ «Վաշինգտոնն» ու «Բրյուսելը» չեն հասկանում։ Չեն տեսնու՞մ, չեն ընկալու՞մ, որ երեք միջնորդներով միասին ոչինչ չեն շահելու՝ բացարձակապես ոչինչ։ Չգիտե՞ն, որ իրենց ՆԱՏՕ-ներով ու ՀԱՊԿ-երով, բոլորով համատեղ, Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանն էլ իրենց հետ միասին՝ Ադրբեջանի ներսում չեն կարող արցախաբնակ ոչ մի քաղաքացու նույնիսկ գոյության որեւէ երաշխիք ապահովել՝ ո՛չ մի… Այնքան է աշխարհը մոդելներով կառավարվում, որ բոլորին թվացել է, թե կարող են այնտեղ էլ մոդելավորել։ Չի ստացվի… Համենայն դեպս՝ ստանդարտ, այլ երկրներում փորձարկված որեւէ «մոդել» Արցախում չի աշխատում, եւ երբեք չի աշխատել։ Հակառակ դեպքում՝ այնտեղ վաղուց ոչ մի բնակիչ չէր լինի»։
Ահա եւ վերջ։ ԽՍՀՄ կազմաքանդման պրոցեսում էլ «մոդելներ» կային, անկախական առաջին տարիներին՝ նույնպես, Արցախյան առաջին ազատամարտում՝ եւս։ Աշխատեց մեր «մոդելը», այն է՝ Արցախը հայկական հող է եւ հայկական հողի ազատագրումը՝ հայի սրբազան պարտքը։ Փաստը դարձրինք իրականություն, եւ միջազգային «մոդելավորողները» չնկատելու չտվեցին հայկական «մոդելը»՝ անկախ այն հանգամանքից՝ համաձա՞յն էին «մոդելային» մեր տարբերակին, թե՞ ոչ։ Չնկատելու չտվեցին, որովհետեւ տեսան, որ այն անիծյալ թղթե շերեփը ձեռքներիս չէ։ Կարո՞ղ ենք նորից ազատվել այդ շերեփից։ Հաստատորեն՝ այո՛։ Բայց այդ լուծումը գրածի սկզբնամասում նշյալ շերտերը ոչ կարող են տալ, ոչ էլ ցանկանում են։ Լուծումը հա՛յը պիտի տա՝ հայրենիքի ու ազգային երազանքի դրոշմն ունեցողը։