Image

«Աստված անողին է պարտական»

Հստակ է Հայաստանին եւ հայությանն ուղղված սպառնալիքների պատասխանատուների շրջանակը

 

Հայաստանի, այդ թվում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների, առկա մարտահրավերներին դիմագրավելու հանրային նախաձեռնությունների շուրջ «ՀՀ թերթը» զրուցել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ։

- Տիկին Ալավերդյան, արդեն վեց ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ի՞նչ կարող էր անել, բայց չի արել Հայաստանի գործող իշխանությունը խնդրի լուծման համար։ Պատասխանատու է արդյո՞ք միջազգային հանրությունն այսօրվա իրավիճակում, թե ոչ։

- Եկեք նախ ճշտենք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Արդյո՞ք այն, ինչ մենք կոչում ենք շրջափակում, առանձին կամ հատվածական գործողություն է Ադրբեջանի կողմից։ Եթե մենք փոքր-ինչ շրջահայաց դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ Ադրբեջանի գործողություններն ունեն հստակ նպատակ եւ նրանք անշեղորեն իրականացնում են իրենց քաղաքականությունը։ Առաջինը՝ տեղի է ունենում մարդկանց կոնկրետ խմբի, այն է՝ ազգությամբ հայերի՝ արցախահայության դեմ գործողություն, երկրորդ՝ դա արվում է բացահայտ, բավականին պարզ նպատակով, որն է՝ ամբողջովին Արցախից դուրս մղել հայությանը, իսկ եթե «խաղաղ» միջոցներով չստացվի, ապա շարունակաբար սպառնալիքներ են հնչեցնում, որ կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ այսօր, այն է՝ կշարունակվի Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան։ Այս ամենը մեկ շղթայի գրեթե անքակտելի օղակներն են եւ այդ առումով սա հասարակ շրջափակում չէ, դրա նպատակը զուտ հումանիտար աղետը չէ, ինչը հաճախ են ասում։ Հումանիտար աղետ առաջացնելը միջոց է այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որի արդյունքում այդտեղ բնակվող հայությունն ուղղակի դուրս կմղվի, իսկ չստացվելու դեպքում՝ մասնակիորեն կամ ամբողջովին կոչնչացվի։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելուի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետում նշված է, որ ցեղասպանություն է նաեւ «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Այսինքն՝ անթաքույց ձեւով Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն, որը սկսվել է ոչ այսօր, ոչ էլ խորհրդային տարիներին, այլ 1918-ին՝ ստեղծման օրվանից։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանության անելիքներին, ապա ոչ թե ինչ-որ բաներ պետք է աներ, այլ բազմաթիվ բաներ կան, որոնք չպետք է աներ, որովհետեւ այդ քայլերը պայմաններ են ստեղծում կամ թույլ են տալիս Ադրբեջանին իրականացնելու ցեղասպան քաղաքականությունը։ Եթե այդ քայլերը չլինեին Հայաստանի վարչակազմի ծրագրի իրականացում, ինչի մեջ համոզված եմ, որ այդպես է, ապա բոլորովին այլ բնութագրեր կտային Ադրբեջանի գործողություններին։ Օրինակ՝ գործող վարչախումբը պետք է ոչ միայն միջազգային դատական ատյաններին դիմեր մասնակի հարցերով, այլ պետք է բոլոր քաղաքական հարթակների, քաղաքական օրակարգի հարց դարձներ եւ հասներ այն բանին, որ Ադրբեջանի հանդեպ ընդունվեին խիստ պատժամիջոցներ, մասնավորապես Ադրբեջանի կոնկրետ ղեկավարների դեմ։ Այդ դեպքում Հայաստանը նախեւառաջ ցույց կտար, որ դիմում է այնպիսի միջոցների, որոնք կարող են կանխել ցեղասպանությունը։ Իշխանությունն ինքը պետք է դրան մղեր միջազգային հանրությանը։

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միջազգային հանրություն կոչված հարթակները միայն այն ժամանակ են նախաձեռնություն ցուցաբերում, երբ դա համապատասխանում է այսպես ասած ուժեղների աշխարհաքաղաքական նպատակներին։ Օրինակ՝ շատերը նշում են, որ եթե անգամ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, միեւնույն է պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ չեն հանվելու, այսինքն՝ դա ոչ թե Ուկրաինայի կամ մարդու իրավունքների պաշտպանությանն է ուղղված, այլ ընդամենը համապատասխանում է միջազգային այն հանրության շահերին, որն այսօր ուժեղն է եւ որին հաճախ անվանում ենք հավաքական Արեւմուտք։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական նպատակների համընկնման դեպքում է այսպես ասած միջազգային հանրությունը որեւէ քայլեր նախաձեռնում։ Մնացած դեպքերում նախաձեռնությունը պետք է լինի շահագրգիռ եւ ճանաչված պետության կողմից, որպեսզի միջազգային հանրությունն ինչ-որ ձեւով դրան անդրադառնա։

Շատ վիրավորական է ինձ համար Միացյալ Նահանգների կողմից թույլ տրված այն արտահայտությունը, որ իրենք դեմ են, որպեսզի ազգային փոքրամասնությունը դուրս մղվի Ադրբեջանից։ Դա խոսում է այն մասին, որ արցախահայությունը դիտարկում են ոչ թե ժողովուրդ, որն ինքնորոշվել ու հասել է իր անկախությանը եւ 30 տարի շարունակ գոյություն ուներ որպես իրական պետություն, թեկուզ չճանաչված, ինչը համաձայեցված է Հայաստանի վարչակազմի հետ։ Նման եզրակացություն կարող են անել, քանի որ գործող իշխանությունը չի անդրադառնում այդ արտահայտությանը, չի հերքում, այսինքն՝ համաձայեցնված է արցախահայությունը դիտարկել Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն։

Նման պարագայում մենք պետք է հստակեցնենք աստիճանական մեղավորությունը կամ պատասխանատվությունը։ Անշուշտ Ադրբեջանը երբեւիցե չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից, որն իրականացնում է նախեւառաջ Արցախի եւ արցախահայության նկատմամբ եւ միաժամանակ մենք տեսնում ենք նրա նկրտումները նաեւ Հայաստանի հանդեպ։ Երկրորդը՝ ՀՀ այսօրվա վարչակազմի քաղաքականությունն է, որը որդեգրվել է 2018-ից, ավելի ճիշտ կլիներ ասել, որ նրանք եկել են իշխանության հենց այդ նպատակով։ Եվ երրորդ պատասխանատուն միջազգային հանրությունն է, որը որպես կանոն ղեկավարվում է ոչ թե այս կամ այն ժողովրդի շահից կամ մարդու իրավունքներից ելնելով, այլ իր քայլերը մշտապես բխեցնում է սեփական աշխարհաքաղաքական շահերից ու նպատակներից։

- Բացի նրանից, որ իշխանության օրակարգը հայամետ չէ, մենք այսօր մեր հասարակության ներսում էլ խնդիր ունենք․ խիստ մասնատված եւ պառակտված է, հաճախ ավելի շատ ատելություն կա միմյանց հանդեպ, քան իրական թշնամու։

- Ճիշտ եք նշում, որ հասարակությունը պառակտված է, բայց ու՞մ կողմից։ Հասարակությունն ինքնին չի պառակտվում, դա հետեւողական քաղաքականություն է, որը նպատակ է ունեցել ներսից քանդել Հայաստանը եւ հայ ժողովրդի միասնությունը։ Հիշեցնեմ, որ 2016-ին նույնչափ հույսեր ուներ Ադրբեջանը ամբողջ Արցախը բռնակցելու հարցում, բայց երկու հանգամանք արձանագրեց․ նախ այն, որ միայնակ չի կարող անել, որի համար որոշեց բացեիբաց դիմել Թուրքիայի օգնությանը եւ երկրորդ՝ ներսի ոչ հայամետ ուժերը տեսան, որ Հայաստանը եւ հայերին դրսից քանդել հնարավոր չէ։ Դրա համար անցան այն գործողություններին եւ տեխնոլոգիաների կիրառմանը, որով կարողացան զավթել Արցախն ու Հայաստանը, ներսի՝ իշխանության եկած քաղաքական խմբերի կողմից։

Այնպես որ, երբ մենք խոսում ենք հասարակության պառակտվածության մասին, պետք է դա դիտարկենք որպես հետեւողական քաղաքականության արդյունք, այլ ոչ թե իրավիճակ, որն ինքն իրեն էր ստացվել։ Քաղաքագիտական լեզվով ասած, խոսք է գնում հասարակական անվտանգության մասին, որին ուշադրություն չի դարձրել նախկին իշխանությունը եւ այսօր հստակ իրականացվում է ներսից զավթելու, ներսից քայքայելու քաղաքականություն եւ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որպեսզի թշնամական պետությունները հաջողության հասնեն ուղղակի ագրեսիայի միջոցով։  

- Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կայացավ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Ո՞րն էր հարթակի ստեղծման նպատակը եւ ինչպիսի ընթացք ունեցավ քննարկումը։

- Շատերն են խոսում այն մասին, որ ստեղծված խմբերը միավորված չեն։ Երբ խոսում ենք միախմբման մասին, մենք պետք է հստակեցնենք, որ մեր դեմ, հայ հասարակության դեմ աշխատում են շատ հզոր կենտրոններ, որոնց հետ համագործակցում է իշխանությունը, իմ գնահատմամբ՝ իշխանությունը զավթած այս վարչակազմը։ Դրա վրա ծախսվել են ոչ միայն մարդկային ռեսուրսներ, այլեւ շատ մեծ գումարներ։ Հիմա դրա դեմն առնելն այնքան հեշտ չէ, ինչպես կարող է թվալ։

Ես ինքս ողջունում եմ յուրաքանչյուր խմբի ստեղծումը։ Օրինակ՝ մայիսի 28-ին իր մասին հայտարարեց, «Մայր Հայաստան» խումբը։ Թե երբ կմիավորվեն առանձին-առանձին գործող խմբերը, այլ հարց է։ Հասկանալի է, որ խմբերի ներսում կա վստահություն, անդամները միմյանց ճանաչում են, նույնն են աշխարհայացքներն ու մեթոդները, որոնք դրվում են այս իրավիճակը հաղթահարելու համար։ Այդ առումով ինձ համար առանձնահատուկ եւ թանկ նախաձեռնություններից է «Գավիթը», քանի որ բարձր եմ գնահատում հոգեւոր արժեքները եւ դրանց շուրջ միավորվելը։ Շատ խմբեր դնում են միայն պարզ քաղաքական նպատակներ, այն է՝ այս իշխանության փոփոխումը կամ նրանցից ազատումը։ Ես ընդգրկված եմ նաեւ «Վասն հավատո եւ վասն հայրենյաց» խմբում, որտեղ միավորվել են հոգեւոր, մշակութային եւ լայն առումով ազգային արժեքների շուրջ։

«Գավիթ»-ը ամենախոստումնալից նախաձեռնությունն է։ Եթե եկեղեցին է հանդես գալիս նման նախաձեռնությամբ, ապա մենք մեր մեջ ուժ կգտնենք ոչ թե մի խմբի, այլ արժեքների շուրջ համախմբվելու համար։ Պատմական այս շրջանում մենք պետք է անգամ մտովի հրաժարվենք աղետալի սցենարներից։ Նրանք, որոնք ավելի հողեղեն եւ աշխարհիկ արժեքներով են ղեկավարվում, կհասկանան, որ մենք չունենք հետընթացի կամ տապալման ճանապարհ։

- Եկեղեցին, երբ բարձրաձայնեց իր մտահոգություններն ու անհանգստությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների, սպառնալիքների մասին, մեղադրեցին քաղաքականության մեջ մտնելու մեջ։ Սակայն նույն այդ կենտրոնները քննադատել են եկեղեցուն նաեւ պասիվության մեջ։ Ո՞րն է եկեղեցու դերն այսօրվա իրավիճակում։

- Մեղադրանքները վերագրում եմ քաղաքական անմեղսունակությանը։ Նման մարդիկ ոչ գիտեն, թե ինչ է քաղաքականությունը, ոչ էլ գիտեն, թե որն է եկեղեցին։ Ո՞վ է ասել, թե եկեղեցին զանգ չի հնչեցնում օրհասական պահերին, ո՞վ է ասել, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները չեն ծառայում իրենց ժողովրդին․ «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Եկեղեցու համար այդպիսի անջրպետ ցույց տալը միայն խոսում է այն մասին, որ նման մարդիկ ոչ քաղաքականապես են հասուն, ոչ էլ հոգեւոր արժեքների կրող են։ Կարծում եմ՝ ոչ թե պետք է տհաս մտքի (թեկուզ մեծ տարիքում) մարդկանց կարծիքներին ուշադրություն դարձնել, այլ մեր հայացքը հառելով ամենաթանկ՝ ազգային արժեքներին եւ մասնավորապես մեր հավատքին, կարողանանք ժամ առաջ մոտեցնել այն, ինչ շատերը գտնում են, որ վաղուց պետք է արվեր։

Պնդում եմ՝ ամեն մեկը պետք է հասկանա հետեւյալը, երբ ասում են, որ այս իշխանությունները դավաճան են, կամ կոնկրետ մարդու անուն են տալիս, ես ինքս խուսափում եմ նման արտահայտություն անել, որովհետեւ իրենք իրենց դավանանքին չեն դավաճանել, իրենք դրանով են եկել իշխանության։ Ես ավելի շատ մեղադրում եմ այն մարդկանց, որոնք ընտրելով եւ իշխանության բերելով նրանց մինչեւ այսօր կամ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել, կամ էլ՝ համամիտ են այդ ազգակործան քաղաքականությունը վարող խմբի հետ։ Այդ անձինք իրենց թերթերում, իրենց ելույթներում երբեւէ չեն թաքցրել իրենց հայատյացությունը։ Շատ անգամ այդ հայատյացությունն ավելի սարսափելի ձեւ է ստանում, քան անգամ ադրբեջանական կայքերում գրվածը։ Ինքս տիրապետում եմ ադրբեջաներենին եւ հետեւում եմ այդ կայքերին։ Իշխանության բերել հայատյաց այդ խմբին, արդյո՞ք ավելի մեծ պատասխանատվություն չէ հասարակության համար։ Հասարակություն ասելով նկատի չունեմ օրվա ապրուստը հոգացող մարդկանց, այլ նրանց, ովքեր պարտավոր էին առաջնորդել ժողովրդին, այսպես կոչված վերնախավը՝ կրթություն ստացած շերտը, նրանք՝ ովքեր մշակութային վերնախավ են, նրանք՝ ովքեր ակադեմիական շրջանակներ են։ Այստե՛ղ եմ տեսնում բոլոր այն բացթողումները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում։ Դա անդառնալի չէ, իմ համոզմունքը հենվում է հավատքի վրա։ Հաճախ ասում են, թե Աստված երես է թեքել մեզանից, ո՛չ, այդ մե՛նք են երես թեքել Աստծուց։ Արցախում շատ են սիրում ասել, ինչը հաճախ եմ լսել նաեւ իմ տատիկից, որ Աստված անողին է պարտական։

- Կարո՞ղ ենք այդ հայատյաց քաղաքականության հետեւանքներից մեկը համարել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի փակումը, որն անկախության հասակակիցն էր։

- Անշո՛ւշտ։ Դա ոչ թե եզրակացություն է, այլ երեւում է մակերեւույթի վրա։ Ամեն անգամ ծանոթանալով ձեր հոդվածներին, սպասում էի, թե երբ են փակելու․ դրա համար չէր այսօրվա իշխանությունը գումարներ հատկացնում, որ ճշմարտությունը լսեր։ Տեսեք, ես չեմ ասում՝ քննադատություն։ Ձեր թերթի էջերից հնչել է այն խոսքը, որն ասում է նա, ում սիրտը ցավում է պետության համար, որի նպատակն այս կամ այն իշխանությունն ունենալը չէ, այլ ճիշտ քաղաքականություն վարող խումբ։ Ձեր էջերում վիրավորանքի նշույլ անգամ չկար կամ մարդկային արժանապատվությունը նսեմացնող խոսք։ Մենք պարտավոր ենք արտահայտվել կոշտ, ճշմարիտ, այո՛, ճշմարիտ խոսքը միշտ չէ, որ լինում է մեղմ, բայց երբեւիցե չի լինում վիրավորական։ Ես ողջունում եմ ձեր արածը։ Թերթի փակումը պետք է ընկալեք որպես բարձր գնահատական ձեր կատարած աշխատանքին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։