Ոգու, թե՞ սարսափի հաղթանակը․ ընտրությունը մերն է
Մինչեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը մրցակցում են Արցախյան հիմնախնդիրը լուծելու անվան տակ իրենց աշխարհաքաղաքական դիրքն ու կշիռը մեծացնելու համար, այդ իրավիճակից օգտվում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ «Մեծերի» մրցակցային պայմաններում Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ ներկա իշխանությունը երկրի ռազմավարական դիրքը որպես առավելություն օգտագործելու փոխարեն, երկիրն ու ժողովրդին թողել են քաղաքական առուծախի սեղանին։ Ամերիկացի հոգեբան, բ.գ.թ., պրոֆեսոր Նորման Քոուփլենդը «Հոգեբանությունը եւ զինվորը» աշխատության մեջ գրում է․ «սարսափը կարող է հաղթանակ տանել զինվորի նկատմամբ, իսկ արիությունը՝ լքել նրան, եթե նա վատ ղեկավարներ ունի»։
Թե անձնական, թե ազգերի ու պետությունների մակարդակում պարտություններն անխուսափելի են ժամանակի այս կամ այն հատվածում։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են դրանք հաղթահարվում։ Չկա որեւէ անհատ, հասարակություն կամ պետություն, որն ինքնակամ հրաժարվում է իրավիճակը շտկելու, պարտության ծանր բեռը թոթափելու հնարավորությունից։ Համենայն դեպս առողջ տրամաբանությունը բացառում է նման հնարավորություն, բայց․․․ Բայց այստեղ էլ կան բացառություններ եւ այն, ցավոք, մեզ է վերաբերում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հային համոզում են, թե պարտության հետ համակերպվելն այլընտրանք չունի, մեզ փորձում են ահաբեկել պատերազմի սարսափներով՝ եւ դա այն պարագայում, որ այդ սարսափներն ու վտանգները չեն ավարտվել չարաբաստիկ նոյեմբերի 9-ով, դրանք առայսօր պահպանվում են։ Երկուսուկես տարիների ընթացքում վարկաբեկում, փնովում են հայ զինվորին ու Հայոց բանակը՝ պարտության ծանրությունը թողնելով նրանց ուսերին։ Այդպես մաշվում, մանրացվում է ազգի ու անհատի իմունիտետը, արտաքին վտանգներին հակազդելու դիմադրողականությունը։ Հանրային տրամադրությունները, բնականաբար, փոխվել են բացասական ուղղությամբ, սեփական ուժերի եւ կարեւորության նկատմամբ հավատն է խամրել։
Ի տարբերություն Հայաստանի, Բաքվի հանրապետությունում բոլորովին այլ քաղաքականություն է որդեգրել իշխանությունը։ Նրանք արհեստածին պետության քաղաքացուց կերտում են հաղթողի հոգեբանություն ունեցող զինվորի ու անհատի։ «Մեր բանակը կռվեց, իր ուժը ցույց տվեց ոչ թե շքերթում, այլ մարտի դաշտում։ 44 օր ոչ մի մարդ ոչ մի քայլ հետ չի գնացել, ոչ մի դասալիք չի եղել. Սա մեր բանակն է։ Այսպիսին է մեր ժողովուրդը»,- հորջորջում է Բաքվի բռնապետը։ (Ի տարբերություն արհեստածին պետության ղեկավարի, մեզ՝ հայերիս համոզում են, թե հայ զինվորը, հայ սպան դասալիք է, կռվող չէ։) Ադրբեջանում այդ մոտեցումը չի սկսվել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Տարիներ շարունակ ագրեսիվ հռետորաբանությունը, ռեւանշիզմի մտայնություններն ամենօրյա ռեժիմով ներարկվել են հասարակությանը։ Տարիներ շարունակ մեծացվել է ռազմական ներուժը, սպառազինությունները։ Ո՛չ Ադրբեջանի հասարակության ներսում, ո՛չ էլ միջազգային հանրության շրջանում քննդատության չի արժանացել Բաքվի բռնապետի ռազնատենչ ձգտումներն ու հայտարարությունները, ի դեպ, հրապարակային հայտարարությունները։ Մարդասիրություն, խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզողները վտանգավոր ոչինչ չես տեսել ալիեւյան բառապաշարում։ Մինչդեռ հայ հասարակությանը բոլոր հնարավոր տարբերակներով թույլ չեն տալիս ուղղել մեջքը, մնալ արժանապատվության տիրույթում՝ դրանք որակելով ռեւանշիզմ, անհանդուրժողականություն։ Որքան էլ տարօրինակ է, նման գործելաոճով հաճախ աչքի են ընկնում «հայ» քաղաքական, հասարակական գործիչները՝ գերազանցելով անգամ թշնամուն։
Նորման Քոուփլենդը Հոգեբանությունը եւ զինվորը գրքում Զորքի բարձր բարոյական վիճակը այն միջոցն է, որը կարող է պարտությունը վերափոխել հաղթանակի։ Բանակը պարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի տոգորվել պարտության գիտակցությամբ, քանզի պարտությունը մտքի հատկություն է, այլ ոչ թե ֆիզիկական վիճակ։