Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեր հաջորդ ու վերջին սեւ թուղթը կդառնա
«Աղդամի շրջանը վերադարձվում է ադրբեջանական կողմին․․․», «Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը»․․․ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից է։ Հայտարարություն, որ սեւ թուղթ է Հայաստանի համար։ Հայկական Ակնան ու Քարվաճառը միանգամից այդ հայտարարությունում գրվում են ադրբեջանական անուններով։ Դրանից զատ՝ գրվում է՝ «վերադարձվում է»։ Մինչդեռ իրականում «հանձնվեց», ոչ թե «վերադարձվեց»։ 90-ականներին մենք ազատագրեցինք եւ վերադարձրեցինք մեր հողերի մի մասը։ Գործածում ենք «վերադարձնել» բառը, որովհետեւ այդ հողերի պատկանելությունը մերն է։ Հետեւաբար՝ մենք Ակնան, Քարվաճառը․․․ ոչ թե վերադարձրեցինք, այլ՝ հանձնեցինք մի կողմի, ով այդ հողերի տերը չէ (ադրբեջանական կողմն ընդհանրապես որեւէ հողի տեր չէ,-Ա․Մ․)։ Հետեւաբար՝ նոյեմբերյան այդ չարաբաստիկ հայտարարությունում ինչու՜ է գրվում «վերադարձվում է»։ Որովհետեւ գրվել էր «Աղդամ», «Քելբաջար»․․․ Վստահաբար՝ ադրբեջանական ու ռուսական կողմերը հասկացել են՝ ինչ են արել։ Սրանք գիտեն՝ որ բառն ինչպես գործածել, տիրապետում են դիվանագիտական լեզվի նրբություններին։ Համենայնդեպս՝ մեր համեմատությամբ։ Հասկացե՞լ է «հայկական կողմը» սա, թե՞ ոչ, դրական կամ բացասական պատասխանն այլեւս ոչինչ չի փոխում․ հայտարարը նունն է՝ հայկական հողերը հանձնվել են։ Հանձնվե՛լ։ Մեղմ ասած՝ հանձնվե՛լ։
Նույնիսկ նոյեմբերի 9-ի՝ հայերիս համար (հայերի՛, ոչ թե զուտ հայկական ազգանուն ունեցողների,-Ա․Մ․) սեւ թղթում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Ադրբեջանի նախագահը իր հեռուստաընկերություններին (ի՛ր անձնական օգտագործման, ոչ թե իր պետության,-Ա․Մ․) այս տարեսկզբին տված հարցազրույցում հստակ ասում է․ ««Այո, այնտեղ (նոյեմբերի 9-ի հայտարարությունում,-Ա․Մ․ ) «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո, բայց այնտեղ հստակ գրված է, որ տրանսպորտային կապ պետք է հաստատվի Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, եւ Հայաստանը պետք է ապահովի այդ կապը»։
Ի՜նչ է ասում հայկական կողմը․ ««Միջանցքի» թեման ադրբեջանական հռետորաբանությունից դուրս է եկել»։ Իսկ ինչ է ասում թուրքական կողմը․ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։ Եթե սա կոչվում է «հռետորաբանությունից դուրս գալ», ուրեմն՝ ես էլ, ասենք, դուրս եմ եկել աստղաֆիզիկոսների միջազգային ինչ-որ կառույցից ու դարձել եմ բալետի պարուհի․․․
«Հռետորաբանությունից դուրս գալու» եւս մեկ օրինակ Թուրքիայի նախագահի «ձեռամբ»․ այս, համենայնդեպս, արտաքին տեսքով մարդ-նախագահը, թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ, օրերս կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» թեմայից եւ հայտարարել․ «Զանգեզուրի միջանցքի բացմանը խանգարում է Իրանը, ոչ թե Հայաստանը։ Մեզ ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական երկիր Իրանն է խանգարում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Հուսով եմ այդ հարցն էլ կհաղթահարենք»։
Ի դեպ, թուրքական վերջին ընտրություններին այդքան ուշադրությամբ հետեւողների համար, որ անձի փոփոխությամբ համարյա հայկական փրկություն էին կանխատեսում (վերջապես չի կարելի այդքան հիմար լինել,-Ա․Մ․), մեկ այլ փաստ հիշեցնենք․ Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր է համարել Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի համար, սակայն նշել, թե «Իրան–Հայաստան միասնականությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը»։
Եթե թուրքական գործող ծեր աղվեսի ու երբեմնի թեկնածու ծեր աղվեսի խոսքերի միջեւ տարբերություն կա, ուրեմն՝ կարող եմ թողնել բալետի պարուհու գործն ու անցնել, ասենք, էզոթերիկային։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող խմբի աշխատանքի արդյունքում կողմերն ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը եւ հստակ հետեւում է երեք երկրների ղեկավարների՝ 2020թ․ նոյեբերի 9-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին։ Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կխախտի կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա եւ չի կարող լինել»։
Ռուսական կողմն ասում է՝ չկա, թուրքական կողմն ասում է՝ կա, հայկական կողմն ասում է՝ «թուրքական հռետորաբանությունից դուրս է եկել»։ Իրականությունը, սակայն, այն է, որ քանի դեռ հայկական կողմը չի վերականգնել իր ձայնի իրավունքը, ռուսական, թուրքական, եվրոպական, ամերկյան կողմերը մեր գլխին փորձելու են իրենց ուզած սանրվածքը։ Խնդիրն այն է՝ մենք մեր գլուխը որբի գլուխ կդարձնե՞նք, թե՞ ոչ։ Ավելի ստույգ՝ կշարունակե՞նք դարձնել, թե՞ ոչ։ Եթե այո, ապա՝ մեզ ոչ մի կողմ օգնել չի կարող, նույնիսկ եթե սեփական իսկ շահերից ելնելով՝ մեր հանդեպ բարեկամաբար է տրամադրված։ Եթե ոչ, ապա պետք է գտնենք ու վերագտնենք իրական դաշնակիցներին՝ նրանց իսկ շահերին համադրելով հայկական շահը։