ԱՄՆ-ին ուղղված թյուրքական դեմարշը Երասխում
ԱՄՆ-ի ուղղությամբ ավելի ակնհայտ առհամարական ժեստ, քան Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ արձակած կրակոցների երկու դեպքերն էին, հնարավոր չէ նշմարել Ադրբեջանի գոյության պատմության ողջ ժամանակահատվածում: Դրանց հետևանքով կան նաև կապալառու ընկերության ազգությամբ հնդիկ երկու վիրավոր աշխատակից: Այն, որ այդ ուղղությամբ կրակոցները պատահականություն չէին, փաստում են միջադեպի նախօրեին ադրբեջանական մամուլում տարածված այն կեղծ տեղեկությունները, թե ՀՀ տարածքում կառուցվող գործարանը բնապահպանական բացասական ազդեցություն կարող է ունենալ Նախիջևանի վրա:
Պաշտոնական Բաքուն նման ցինիզմի է դիմում այն բանից հետո, երբ նախօրեին իր լիդերը հանդիպել և քննարկումներ էր ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում առանց Անկարայի թույլտվության կամ հանձնարարության՝ կարելի է միանշանակ պնդել, որ այն նաև Թուրքիայի ուղերձն էր ԱՄՆ-ին: Պատկերն ավելի ամբողջական ներկայացնելու համար պետք է արձանագրել, որ նույն օրերին Երասխից ուղիղ գծով մի քանի հարյուր կիլոմետր հարավ-արևմուտք՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարման նոր մակարդակի վրա է բարձրացել: ԱՄՆ-ը Իրաքից լրացուցիչ ուժեր էր տեղափոխում Սիրիայի քրդաբնակ հատվածում գտնվող իր ռազմաբազա, իսկ Թուրքիան այդ նույն հատվածում ԱԹՍ-ի գործադրմամբ հարված է հասցնում ամերիկյան աջակցություն վայելող քրդական զինված ուժերի մեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Ստացվում է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի հետ ունեցած իր հակասությունները դրսևորում է նաև ՀՀ-ի հետ սահմանին, ինչը ծայրահեղ վտանգավոր է և կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Միջադեպը լիովին տեղավորվում է նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում զուգահեռ արձանագրված լարվածության պատճառների շրջանակներում: Թուրքիայի առաջնորդի այցից անմիջապես հետո արձանագրվեցին Երասխի, Սոթքի հատվածներում հրադադարի խախտման, Կապանի զորմասի վրա ԱԹՍ-ով հարձակման և Հակարի կամրջի սադրանքի դեպքերը: Այս ամենը թյուրքական կողմի՝ իրեն բնորոշ գործելաոճով, պատասխանն է վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերույունները կարգավորելու գործընթացում ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվացմանը՝ ակնհայտորեն արտահայտելով դրանց հետ իրենց անհամաձայնությունը:
Վերոշարադրյալի համատեքստում պետք է անխուսափելիորեն արձանագրել, որ թյուրքական կողմի նման պահվածքի թիվ մեկ մեղավորն արևմտյան երկրներն են՝ հենց նույն ԱՄՆ-ի առաջնորդությամբ, երբ աչք փակեցին Արցախի ժողովրդի դեմ կիրառած աննախադեպ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների առաջ և այսօր էլ շարունակում են այդ քաղաքականությունը: Արևմուտքի այդ լռությունը թյուրքական պետությունները ընկալեցին ոչ միայն համաձայնության այլև թուլության նշան և այսօր արդեն աննախադեպ անհարգալից և ցինիկ պահվածք են դրսևորում խոշոր պետությունների և նրանց միջնորդական ջանքերի հարցում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ թյուրքական պետություններն առհամարում են համաշխարհային կարգը՝ միջազգային իրավունքը՝ ի դեմս այդ երկրների, ինչը ծայրահեղ վտանգավոր է տարածաշրջանի և ողջ աշխարհի համար: