Image

Ապաշրջափակում կոչվածը իրականում խորացնելու է Հայաստանի շրջափակումը

Երբ 2021թ․ Երասխը թիրախավորվեց թշնամու կողմից, փորձեցինք բացատրել պատճառները, թե ինչու 90-ականներից հետո առաջին անգամ նման ինտենսիվությամբ Հայաստանի սահմանն այս ուղղությամբ թշնամու կրակի տակ հայտնվեց: Հիմա էլ է Երասխը թիրախավորված (այլ ուղղությունների մասին առանձին հրապարակումներում ենք խոսել,-Ա․Մ․)։ Ինչու՞, ո՞րն է Երասխի նկատմամբ թյուրքական ուշադրության խորքային պատճառը։

Թեմայի շուրջ «ՀՀ թերթ»-ը (hhtert.am) զրուցում է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

«Երասխի հանդեպ թյուրքական նպատակը հենց տեսնենք, պատճառներն էլ կհասկանանք։ Իսկ նպատակը Հայաստանի շրջափակումը խորացնելու միտումն է։ Այո՛, իրականում շրջափակումը, ոչ թե ապաշրջափակումը, ինչպես հրամցվում է։ Միասին մեկ անգամ չէ, որ բացատրել ենք, թե ինչու է ապաշրջափակում կոչվածը սեղմող օղակ դառնալու մեր պարանոցին»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ Վ․ Դավթյանի, Երասխը դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաեւ Երեւանում գտնվող Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձեւավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջեւան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երեւան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը: «Հատկանշական է, որ նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին են պարբերաբար խոսում նաեւ Հնդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորման համատեքստում»,-ասաց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը «Հյուսիս-Հարավ»  լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին):

«Թուրք-ադրբեջանական տանդեմի այժմյան գլխավոր նպատակներից է «Հյուսիս-Հարավ»-ի միակ հարավկովկասյան մասնակցի կարգավիճակում մնալը՝ բացառելով Հայաստանի տարածքով Սեւ ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապը: Սա է այդ տանդեմի նպատակը։ Դրա համար էլ ասում եմ՝ Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու»,-ընդգծեց Վ․ Դավթյանը: Ապա հավելեց՝ «Եթե իհարկե․․․», հետո լռեց ու թե՝ «չեմ էլ ուզում խոսել մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքի մասին․․․»։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։