Բաքուն լարում է տարածաշրջանային իրավիճակը՝ աշխարհի լուռ հայացքի ներքո
Այսօր արդեն ոչ թե ամենօրյա, այլ օրվա մեջ մի քանի անգամյա պարբերականությամբ հրադադարի ռեժիմի խախտման մասին են տեղեկանում Հարավային Կովկասի և, ընդհանրապեց, միջազգային հանրությունները: Դրանց հեղինակը բացառապես ադրբեջանական զինուժն է, և հատկանշականն այն է, որ պաշտոնական Բաքուն նույն ինտենսիվությամբ սադրանքների է գնում և՛ ՀՀ-Ադրբեջան սահմանին, և՛ Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով:
Փորձելով հավասարության նշաններ դնել՝ պաշտոնական Բաքուն իր զինված ուժերին հրահանգում է կրակել և՛ ամերիկյան կապիտալով Երասխում կառուցվող գործարանի, և՛ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի հարակից դիրքերի ուղղություններվ՝ երկու դեպքում էլ փորձելով խոչընդոտել տնտեսվարող ընկերությունների գործունեությանը: Նման ագրեսիվ վարքագծով Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ թքած ունի տարածաշրջանում միջնորդական առաքելություն իրականացնող որևէ կողմի հորդորների և, առավել ևս, կարծիքի վրա և կարող է ցանկացած պահի դիմել ուժի կիրառման:
Այստեղ խնդիրն այն չէ, թե այդ սադրանքներին որքանով են պատրաստ հայկական կողմերը, այլ հարցն այն է, թե ինչքանով է Ադրբեջանը ներկայանում որպես միջազգային սուբյեկտ՝ գործող իրավունքի համընդհանուր նորմերի ներքո, քանի որ միջնորդ պետությունները և կառույցները հենց այդ դիրքերից են հանդես գալիս, իսկ Բաքվի քաղաքական ղեկավարությունն ամեն անգամ պատրաստակամ ներկայանում է նրանց միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումներին, որի ժամանակ ինչ-որ խոստումներ է տալիս, սակայն հետագայում անում տրամագծորեն հակառակ գործողությունները:
Վերջին հաշվով՝ Բաքուն սահմանային կրակոցների ինտենսիվացմամբ նույնիսկ միջնորդների տրամադրություններն էլ չի ստուգում՝ հերթական հնարավոր խոշորածավալ սադրանքի դիմելու համար, այլ հետևողաբար լարում է տարածաշրջանային իրավիճակը: Դժվար չէ նկատելը, որ լարվածության կտրուկ աճ գրանցվեց Բաքու Թուրքիայի առաջնորդի այցից անմիջապես հետո: Մյուս հատկանշական միտումն այն է, որ տարածաշրջանում կրակոցներն ինտեսիվացան Իրան-Աֆղանստան սահմանին արձանագրված աննախադեպ ռազմական միջադեպի ֆոնին, այն դեպքում, երբ այդ օրերին Բաքվից հետ վերադառնալիս Էրդողանը հայտարարեց, թե Իրանն է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին» հիմնական դեմ արտահայտվողներից մեկը:
Միանշանակ է, որ հայկական կողմերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, հարցը դրանում չէ, այլ այն, թե ի վերջո Ադրբեջանը բանակցում է, թե դրա իմիտացիայի տակ վարում սողացող պատերազմ: Այդ հարցի պարասխանն արդեն ամբողջությամբ միջնորդ կառույցների և կենտրոնների իրավասության տիրույթում է: Եթե վերջիններիս արտահայտած մտքերն տարածաշրջանում կայունություն հաստատելու վերաբերյալ անկեղծ են, ապա նրանք պարտավոր են Բաքվին կառուցողականության դաշտ բերել, քանի որ այդ լծակներն միանշանակ ունեն, հակառակ տրամաբանությամբ զարգացումները կփաստեն վերջիններիս ոչ թե անկարողության, այլ չկամության և Ադրբեջանի գործողությունները քողարկված խրախուսելու մասին: Ավելորդ չէ արձանագրել, որ Հայաստանի դեպքում խոսքը գնալու է բռնությունը խրախուսելու, իսկ Արցախի դեպքում 21-րդ դարում էթնիկ զտումներին նպաստելու մասին:
Վերևում հնչեցված հարցերի պատասխաններից է կախված հայկական պետությունների անվտանգային համակարգի գործիքակազմի արմատական վերանայման հարցը, ինչն այլընտրանք ունենալ չի կարող:

