Կտրու՛մ ենք վախի քոքը

Արցախ որեւէ հումանիտար բեռ չի փոխադրվում արդեն 5 օր։ Սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհը փակ է նույնիսկ ծանր հիվանդներին Երեւան բերելու համար։ Սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման խոստումն ու պատրաստակամությունը հանգեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմի է՛լ ավելի լկտիությանը․ այն է՝ Արցախի մեր 120 հազար հայրենակիցները, այդ թվում՝ 30 հազար երեխաները, 20 հազար տարեցներն ու հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդները ասօր տոտալ շրջափակման մեջ են։ Սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
Բնականաբար, «հայկական կողմի» (օրվա իշխանական քաղաքականությունը վարողները) անատամ վարքագիծը պիտի արտացոլվեր միջազգային հարթակում․ «ժողովրդավար» ու «արդարության առաջամարտիկ» զարգացած աշխարհը պիտի սեղմեր բռնակալ էրդողանա-ալիեւյան կողմի ձեռքը՝ այդպիսով ապացուցելով, որ զարգացած կոչվող աշխարհը զարգացած է մի բանում՝ անբարոյականության, ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտների կիրառման, դրանով սեփական հայրենիքում ապրելու հայի հանդեպ ցեղասպանության իրագործման խրախուսման։ Սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
«Հայկական կողմն» ասում է՝ իրենք «Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցեն», բայց չգիտես ինչու Արցախն Ադրբեջանին բռնակցելու մասով մանդատ են վերցնում։ Որովհետեւ սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
«Հայկական կողմի»՝ Արցախն ի սկզբանե անտեսելու քաղաքականությունը բերեց այն կետին, որ թուրքը մտավ ՀՀ տարածք, դիրքավորվեց, ամրացման շինություններ կառուցեց, իսկ միջազգային կողմն էլ «հայկական կողմի» կկվի քաղաքականությանը նայելով՝ մոռացավ միջազգային իրավունքերի, նորմերի, պահանջների ու տարատեսակ հեքիաթների մասին։ Որովհետեւ սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
Բաքվի վարքագիծը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվի․ այո, «հայկական կողմը» սա ասում է, բայց հարց է ծագում՝ իսկ ինչու՜ պետք է հայտնվի, երբ իրականում Բաքվի վարքագիծը նույնիսկ մեր ուշադրության կենտրոնում չէ։ Թյուրքական կողմը ամբողջ օրը կրակում է Արցախի ու Հայաստանի ուղղությամբ, «հայկական կողմն» ասում է՝ «միեւնույնն է՝ մենք գնալու ենք խաղաղության օրակարգով»։ Էհ, գնում ես գնա, միջազգային կողմն էլ է դա ասում, այսինքն՝ անում է այն, ինչ «հայկական կողմը», ավելի պարզ՝ ասում է՝ դատապարտում ենք, բայց թուրքն ինչ ուզում է ասի, քո ձեռքինը ոչ թե զենք ու արժանապատվություն պիտի լինի, այլ՝ մի անճար աղավնի։ Սա՛ է թուրքի հետ խաղաղության գնալու օրակարգի պատկերը։
Կկվի քաղաքականությունն է մեր օրակարգը․ պարզամիտ խորամանկությամբ աղվեսը հենց ձագ է ուզում՝ տալիս ենք՝ Արցախից սկսել ենք, այսպես կոչված «անկլավներով» շարունակում ենք, մինչեւ․․․ Մինչեւը վերջն է, որովհետեւ չհասկացանք, որ վերջի սկիզբը սկսել պետք չէր։
Վերջի ընթացքը կասեցնել կարո՞ղ ենք։ Անշուշտ։ Դրա ուղիները հստակ են, հայտնի են, բազմիցս ասված են։ Ընդամենը պետք է վերջ տանք կկվի առօրյային ու սկսենք ապրել խոյի կյանքով։ Որովհետեւ պատերազմից ավելի սարսափելի բան կա՝ այդ պատերազմին վախով սպասելը ու այդ վախի հետեւանքով կյանք, տարածք ու արժանապատվություն կորցնելը։ Երկու ճանապարհ կա՝ կամ վախենում ենք վախից, կամ կտրում վախի քոքը։