Image

Նրանք գալիս են աննկատ՝ մեքենաներով, ընտանիքներով

Բաքվի իշխանություններն առաջին տարին չէ, որ ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի տարածքը ժողովրդագրական առումով նվաճելու ծրագիրը։ Մենք սովորաբար անփույթ անտարբերությամբ ենք վերաբերվել թշնամու կողմից հնչող նման ուղղվածությամբ հայտարարություններին եւ նախընտել ենք ծաղրն ու հումորային մենկաբանությունները։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո թվում էր՝ հայ հանրությունը պետք է ավելի ուշադիր եւ զգոն լինի Հայաստանն Ադրբեջանի «պատմական տարածք» համարող հայտարարությունների հանդեպ, սակայն գրեթե նույն անհոգությունն է։ Ահազանգ հնչեցնողներին պիտակավորում են՝ փորձելով լռեցնել։ Կարծես թե ստացվում է։ Մինչդեռ, ի տարբերություն մեզ, Ադրբեջանի իշխանությունները հատկապես այս տարվա սկզբից զարգացնում են «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը։ Թիրախում ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է։

Հունվարի կեսերին «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը հայտարարել էր Հայաստան «ադրբեջանցիների» վերադարձի համար պայքարելու մասին եւ դատապարտել «այսօր Հայաստանի տարածք համարվող պատմական հայրենիքից ադրբեջանցիների վտարումը»: Հայտարարության մեջ նաեւ նշվել էր, թե «Հայաստանի ԽՍՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանցիների զանգվածային վտարման արդյունքում Հայաստանի տարածքում այսօր բացառապես հայեր են ապրում»: Նկատենք, որ կեղծարարություններով եւ պատմության խեղաթյուրումներով աչքի ընկնող Բաքվի իշխանությունները «մոռանում» են Բաքվից, Սումգայիթից, Նախիջեւանից եւ խորհրդային տարիներին հայկական այլ բնակավայրերից բռնաճնշումների, հալածանքների եւ ջարդերի հետեւանքով հեռացած հայերի եւ նրանց ժառանգների իրավունքները հարգելու մասին։ Ընդհակառակը իրենց ոճրագործությունները պրոյեկտում են մեզ վրա՝ պնդելով, թե «ադրբեջանցիների առավել դաժան վտարումը տեղի է ունեցել 1905-1906, 1918-1921, 1948-1953 եւ 1988-1991 թվականներին», այլ կերպ ասած, հայելային արտապատկերմամբ փոխում են զոհի եւ ոճրագործի տեղերը:

            Ավելի վաղ, դեռեւս 2022 թ դեկտեմբերի 24-ին՝ իր ծննդյան օրը, Ալիեւը հայտարարեց «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մասին՝ հավակնություններ հայտնելով Հայաստանի բնակավայրերի նկատմամբ։ Բաքվի բռնապետի հաշվարկների համաձայն, «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ»։ Նշենք, որ 2018 թ-ի դրությամբ, Հայաստանում կար շուրջ 1000 բնակավայր։ Այդպիսով, Ալիեւի նշած թվերը ժողովրդագրական էական փոփոխություններ կարող են գրանցել Հայաստանի էթնիկ նկարագրում եւ միանշանակ սպառնալիք են դառնալու երկրի անվտանգության համար։

Սրանով Բաքվի բռնապետը չի սահմանափակվել, հայտարարություններին հաջորդել են գործնական քայլերի մշակումն ու իրականացումը։ Բաքվում սկսեցին տիրաժավորել «տեղահանված 100 հազար ադրբեջանցիների» կեղծիքը․ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը հայտարարեց, թե իբր իրենց մոտ հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին «տեղահանված» 100 հազար մարդ՝ մոռանալով նշել շատ էական հանգամանք, այն է՝ Հայաստանում ապրած «ադրբեջանցիները» այդ տարիներին ոչ թե փախել են, այլ վաճառել կամ փոխանակել իրենց տները եւ հեռացել Հայաստանից ողջ-առողջ՝ իրենց հետ տանելով ունեցվածն ու ընտանիքները, ինչը չենք կարող ասել Ադրբեջանում ապրած հայերի մասին։

Բնականաբար տեղեկատվական, նախապատրաստականին հաջորդելու էր ավելի առարկայական փուլը։ Հիմա արդեն օգտագործվում են միջազգային իրավունքի հնարավորությունները․ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» մարտի սկզբին դիմել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Հայաստան ադրբեջանցիների «խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին» աջակցելու խնդրանքով։ Հայաստանում բնակվել ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում դիմել են նաեւ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետեւաբար պահանջում են զբաղվել այդ երկրից «տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով եւ անվտանգությամբ, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները, սրբավայրերը»։

Միջազգային հարթակներից բացի վերոնշյալ համայնք կոչվածի ներկայացուցիչը դիմել է նաեւ Հայաստանի կառավարությանը։ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ոմն մեկը, որը հանդես է գալիս որպես այդ համայնքի նախագահ հայտարարել է, որ հայաստանյան կառավարությունը «պետք է երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը եւ վերաինտեգրումը»։ Կընդառաջե՞ն․․․ ամենայն հավանականությամբ՝ այո՛, չէ՞ որ «խաղաղության» դարաշրջան է։ Այլ հարց է, թե ո՛ր կողմի շահերից բխող։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։