Անվտանգության միջազգային ո՞ր մեխանիզմն է ապահովելու 300 հազար հայի վերադարձն իր բնօրրան Բաքու

Ակտիվացնելով Խորհրդային Հայաստանի տարածքում նախկինում բնակված մահմեդականների ներկայացուցիչներից կազմված և պետական քարոզչական նպատակներով ստեղծված հասարակական կազմակերպություններին՝ պաշտոնական Բաքուն երկու նպատակ է հետապնդում: Առաջին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել արցախահայությանը հումանիտար աղետի մատնելու փաստից, որն իր վերջնական հանգրվանին է հասցնում Արցախի Հանրապետությունը լիակատար շրջափակման մեջ առնելով: Երկրորդ նպատակն էլ պատմությունը կեղծելով և խմբագրելով ծավալապաշտական նկրտումների իրականացման համար հող նախապատրաստելն է, որը հիմնականում Թուրքիայի հրահրմամբ է արվում:
Արցախի մի ողջ ժողովրդի սողացող ցեղասպանության ենթարկող Ադրբեջանն այսօր փորձում է բարձրաձայնել Հայաստանի Խորհրդային Հանրապետության նախկին մահմեդական բնակիչների՝ վերադարձի մասին: Բաքվի ցինիկությունն այն աստիճանի է հասել, որ նման բեմականացում է կազմակերպում Արցախի լիակատար բլոկադայի պայմաններում, երբ արդեն որերորդ օրն է այնտեղ ապրող 120 հազար քաղաքացիները զրկվել են սննդի և դեղամիջոցների մատակարարումներից, բնական գազն ու էլեկտրամատակարարումը վաղուց են անջատվել Բաքվի հրահանգով:
Այսօր Միջազգային իրավապաշտպան և հումանիտար կառույցներին իր շարունակվող բարբարոսությունների համար պատասխան տալու փոխարեն, ադրբեջանական ղեկավարությունը կրկին առաջադրում է կեղծ օրակարգ՝ շրջանառելով անիրատեսական և բացառապես քարոզչական մի նախաձեռնություն: Ակնհայտ է, որ նույնիսկ երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուց հետո էլ տասնամյակներ են անհրաժեշտ պետությունների իրավասությունների տակ գտնվող տարածքներ նախկին բնակիչների վերադարձի համար, եթե վերջիններս նման ցանկություն կունենան, իհարկել, այլ ոչ թե այն կանեն ստիպողաբար: Հայտնի փաստ է, որ Հայաստանից հեռացած մահմեդականների մի զգալի մասն Ադրբեջանի փոխարեն նախընտրել են գնալ երրորդ երկիր՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա: Որևէ այլ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել վերադարձի գործընթացի աննվտանգությունը: Թերևս միայն Արցախի տարածքից բռնագաղթած հայերն այսօր կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղում արդեն գործող միջազգային անվտանգային ձևաչափի՝ ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո: Հայաստանի տարածքում նման մեխանիզմ չի կարող գործել, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, որտեղից մեղմ հաշվարկներով 450-500 հազար հայ բնակչություն է բռնագաղթել:
Ի տարբերություն Խորհրդային Հայաստանում բնակվող մահմեդական նախկին քաղաքացիների թվի մասին Բաքվի ակնհայտ կեղծ և ուռճացված տվյալների՝ Խորհրդային ադրբեջանի տարածքում բնակված հայերի թիվն հստակ ամրագրված է Ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներով: 1980-ականների վերջին Բաքվի 1, 3 միլիոն բնակչից շուրջ 300 հազար հայ էին։ 1990 թվականի հունվարի 13-19-ին այնտեղ կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր համայնքն այլևս այդ քաղաքում գոյություն չունի։ Սումգաիթի ջարդերից հետո, ունենալով հարյուրավոր զոհեր և խոշտանգվածներ տեղի 18 000 հայերն էլ են բռնագաղթել: Մեղմ հաշվարկներով Գանձակից բռնագաղթած հայերի թիվը անցնում է 40 000-ը: Նախորդ դարի 90-ականների սկզբում Շահումյանի շրջանի 21 000 բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից կոտորվեց և բռնի ուժով տեղահանվեց իր պատմական հայրենիքից: Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը հայաթափվեցին: Արծվաշենը մինչև թշնամու ձեռքն անցնելն ունեցել է 4.500 բնակիչ: Նախիջևանում 1989 թվականին հայերի թիվը նվազել էր մինչև 1850 հոգու, որոնք կազմում էին մարզի բնակչության 0,6 %-ն, այն դեպքում, երբ մինչև խորհրդային կարգերի հաստատումը տեղի բնակչության մոտ 50 %-էին կազմում հայերը: Վերևում թվարկված խոշոր բնակավայրերից և շրջաններից բացի բռնագաղթել են նաև Ադրբեջանի այլ հայաբնակ գյուղերի և բնակավայերիի հայեր: 40-60 հազար էլ կազմում է արցախյան երեք պատերազմների հետևանքով նախկին ԼՂԻՄ-ի բուն տարածից բռնագաղթածների թիվը:
Այս պայմաններում օրինաչափ հարց է ծագում, թե ո՞ր միջազգային մեխանիզմն է ապահովելու, օրինակ, 300 հազար հայի վերադարձը իրենց դարավոր բնօրրան՝ Բաքու: Նման ուժային մեխանիզմ չի կարող լինել: Նման վերադարձ հնարավոր կլինի Ադրբեջանի վարչախմբի՝ բարբարոսական գործելաոճից քաղաքակիրթի անցնելու դեպքում միայն, իսկ այն ամենալավատեսական կանխատեսումներով մոտ ապագայում չի նշմարվում, հետևաբար պաշտոնական Բաքվի նախաձեռնած քարոզչական գործընթացի ժամանակավրեպությունը միայն տարածաշրջանում նոր լարվածության և արագ գործող ռումբի էֆեկտ կարող է ունենալ: