Քաղաքականությունը բարոյականության կրթարան չէ, բայց այստեղ էլ կան հստակ կանոններ
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում (հայ-ադրբեջանական) բանակցությունների եւս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Այս մասին Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է հունիսի 21-ի ճեպազրույցում։ Նա ասել է, որ իրենք հավատում են, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար, եւ․․․ ԱՄՆ-ն այս հարցում կարեւոր գործընկեր է եւ այլն եւ այլն։
Ու՞մ հետ է ԱՄՆ-ն կապում Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հույսը եւ ու՞մ հետ է ուզում արժանապատիվ խաղաղության հասնել։ Դատելով իրականությունից ու ադրբեջանական սանձարձակությունները չկանգնեցնելու քաղաքականությունից՝ միանշանակ կարող ենք ասել՝ ԱՄՆ-ն ադրբեջանական ձեռքն է բռնում։ Ադրբեջանը, Թուրքիայի թույլտվությամբ, ամեն օր կրակում է Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ։ Թեեւ ճիշտ կլինի ասել՝ ոչ թե ուղղությամբ՝ այլ՝ վրա։ Որովհետեւ թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի վրա թշնամին կրակում է մեր իսկ տարածքից․ Արցախի մեծ մասն օկուպացված է, իսկ Հայաստանում էլ դիրքավորվել են։ Ադրբեջանական կողմի հանդեպ միջազգային պատժամիջոցների ոչ մի մեխանիզմ չի կիրառվում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իբր խաղաղություն է ուզում հայի տարածքի ու հայի արժանապատվության հաշվին։
Իբր խաղաղություն ենք ասում, քանզի Արցախում եւ Հայաստանում բնիկի՝ հայի տարածքի ու արժանապատվության հաշվին խաղաղություն չի կարող լինել։ Թեեւ եթե հաշվի առնենք ԱՄՆ ստեղծման պատմությունը, բնիկության, ազգայինի, էթնիկության, ազգի իրավունքի, պատմական իրավունքի եւ այս կարգի հարցերի մասին խոսելն անօգուտ է։ Ժողովված հավաքականությամբ պետությունը չի կարող հասկանալ ազգայինի արժեքը։
Բնականաբար, այս կարգի պետության պաշտոնյան էլ, անկախ իր ծագումից, պետք է տանի իրեն պաշտոն տված պետության կամ ուժային կենտրոնի, դերակատարի քաղաքականությունը։ Այս պաշտոնյաների կենսագրությունն էլ է շատ բան հուշում։ Եվ միանգամայն հասկանալի է դառնում, թե, օրինակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի համար ինչու է արցախցին ոչ թե Արցախի բնիկը, տերը, այլ՝ բնակիչը։ Որովհետեւ իսպանացի լինելով՝ ինքն էլ ազգային ծագում չունի, եւ ազգի բնական իրավունքի կողքին չի կանգնի։ Ազգ, հայրենիք չունեցողները ազգի ու հայրենիքի հարգը չեն հասկանա։ Պարզունակ բացատրությամբ՝ դես ու դեն ընկնող սերմից աճող ծաղիկը հաստաբուն ծառի արմատի հարգը չի իմանա։
Պատելն, իհարկե, ազգային ծագում ունի։ Հնդիկ է, Գուջարաթ քաղաքում է ծնվել, սովորել է Կալիֆորնիայի համալսարանում, Ռիվերսայդում: Ջո Բայդենի մերձավոր գործակիցն է, Բայդենի նախագահական քարոզարշավի հաղորդակցության թիմի հիմնական անդամն է եղել համընդհանուր ընտրությունների ժամանակ: ԱՄՆ մամուլը, նրա կենսագրականին անդրադառնալով, գրում է, որ «Պատելը ամուր հավատ ունի հինդի կրոնի հանդեպ»։ Պատելը իր կենսագրականում ազգությունը նշել է «հնդիկ-ամերիկացի», կաստան՝ «ռաջպուտ»։ Ընտանիքի մասին տվյալներ մեդիայում չի հրապարակել․ հայրը նշված է իբրեւ պարոն Պատել, մայրը՝ տիկին Պատել, քույրը՝ «անհայտ», եղբայրը՝ «կթարմացվի», կնոջ անունը՝ «կթարմացվի», երեխաները՝ «նշված չէ»։ Փոխարենը նշված են տվյալներ մազերի գույնի, կտրվածքի չափի, հասակի, քաշի, մարմնի չափերի, կոշիկի չափի, դաջվածքի լինել-չլինելու եւ այլնի մասին։ Ընտանիքի մասին տվյալների չլինելը նորմալ է, անձնական տիրույթ է եւն, Պատելի կենսագրականից մեզ հետաքրքրեց ազգությունն ու կաստան։
Ի տարբերություն արեւմտյան շատ պաշտոնյաների, այս անձն ունի ազգություն։ Եվ ռաջպուտ է։ Ռաջպուտների մասին նշվում է իբրեւ ռազմիկների դասակարգի, ճշմարտության կողմնակիցների, խոստումը նույնիսկ կյանքի գնով պահողների։ Ասվում է, թե ռաջպուտների համար աղքատ լինելն անպատվաբեր է, նրանք խոշոր հողատերեր են։ Ռաջաստան նահանգում հայտնի են ռաջուտների ամրոցները, պալատները։ Պատվի գաղափարները ռաջպուտների շրջանում նաեւ կանանց են վերաբերում, թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց համար գերության մեջ մնալն անպատվաբեր է, մահը՝ գերադասելի։
Հիմա կասեք՝ ինչ կապ ունի Պատելի կենսագրությունը հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Մեր ասածն էլ հենց դա է՝ ոչ մի կապ չկա։ Հայ-ադրբեջանական բանակցությունների, Արցախի հարցի հետ միջազգային ոչ մի պաշտոնյայի կենսագրություն կապ չունի (ինչպես որ կապ չունի Արցախի հարցի հետ Լավրովի կենսագրությունը)։ Մի պաշտոնյա ազգային ծագում չունի, անկրոն է, անհավատ, անարմատ, անտոհմ, մեկ այլ պաշտոնյա՝ ազգային ծագում ունի, ազգային հավատ, ընտանիք, տոհմ, մեկ այլ պաշտոնյա՝ հայկական ծագման նշույլ, բայց նրանք բոլոր մեկ ափսեում են Արցախի ու Հայաստանի հարցում։ Նրանք բռնել են այս պահին շահի ձեռքը՝ թյուրքական կողմի, որովհետեւ դա է թելադրում նրանց գործատուն։ Գործատուն հրահանգում է պաշտպանել տարածաշրջանը ամենօրյա պատերազմի դաշտի վերածած թյուրքական տանդեմին ու կապ չունի, որ դա արվում է հայ ազգի մարդկային ու տարածքային կորուստների հաշվին։ Կա զուտ շահ։ Ավելի ստույգ՝ հակահայկական շահ, որի շուրջ էլ՝ համախմբում։ Մեր «պետական այրերի» խնդիրը պիտի լինի հայկական շահի շուրջ համախմբում կազմակերպելը, մեր շահերը միջազգային դերակատարների շահերի հետ համադրելը։ Քանի որ իրականությունը ցույց է տալիս այլ պատկեր, պետական այրեր-ը գրվում է չակերտներում։
Դրա համար մենք ոչ թե պետք է ուրախանանք այն փաստերով, որ այս պաշտոնյայի տատը հայ է, մյուսի պապն է հայ, մյուսի՝ նախատատը, մեկ այլը՝ ազգային ծագում ունի, մեր ազգի խնդիրը կհասկանա եւ այն, այլ՝ նայենք՝ որ երկրի պաշտոնյա է նա եւ ով է գործատուն։ Այլապես՝ Ֆրանսիայում Սենատի շատ անդամներ ամբողջ օրը կոչ են անում պատժել Ադրբեջանին Արցախը շրջափակելու համար, բայց ֆրանսիական քաղաքականությունն այլ ուղղությամբ է գնում։ Աշխարհի դերակատարների հետ երկխոսելը մանկապարտեզում խաղալ չէ, գավառամտության տեղ չէ, առավեեւս՝ մի կենտրոնի կողմից հրահանգով մյուս կենտրոնի հետ հարաբեությունները փչացնելու անհեռատես գործելաոճի տեղ չէ, նույն խոսքը մեկ ամսում տասը անգամ փոխելու հրապարակ չէ։ Հասկանալի է, որ քաղաքականությունը բարոյականության կրթարան չէ, բայց այստեղ էլ կան հստակ կանոններ, որոնք թույլ չեն տալիս հարգել անարժանապատիվներին։ Այստեղ ձայնի իրավունք ունենում է միայն սեփական երկրի մասին մտածողը։