Թշնամու քայլերի տրամաբանությունը ագրեսիա չէ՛, պատերա՛զմ է
Բազմիցս ենք ասել՝ դիվանագիտական հարթակում բառն արտաբերելիս հազար անգամ մտածել է պետք։ Դիվանագիտական տերմինաբանությունը դպրոցական շարադրություն չէ, որ աշնան մասին գրելիս 5-10 ածական գործածես։ Դիվանագիտական հարթակում պետք է ասվի այն մեկ բառը, որը կշտկի կամ կթելադրի քաղաքականությունը, ցույց կտա տվյալ պետության օրակարգը, անելիքները։ Այս հարթակում ասված բառը մեխվում է՝ անկախ այն հանգամանքից՝ գիտակցված է ասվել, թե ոչ։ Քանզի եթե գիտակցված չի ասվել, ապա ասողն ի՜նչ գործ ունի ընդհանրապես այս ոլորտում․․․
Մի խոսքով, դիվանագիտական տերմինաբանությունը հուշում է տվյալ պետության կարգավիճակն ու դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ։ Ըստ այդմ՝ ի՞նչ է հուշում մեր ա՛յս ոլորտի խոսույթը։ Պարտվողականություն եւ ուրիշ ոչինչ։ Մենք այս խնդրին անդրադարձանք այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի ազգակործան հայտարարությունում Քարվաճառը Քելբաջար էր արդեն, Ակնան՝ Աղդամ եւ դրանք թշնամուն ոչ թե հանձնվում էին, այլ՝ «վերադարձվում»։
Ցայսօր իրավիճակը փոխվել է մեկ ուղղությամբ՝ ավելի է վատացել։ «Պատերազմի» փոխարեն նշվում է՝ «սադրանք», «ագրեսիա», «թշնամու» փոխարեն՝ «հակառակորդ»։ Դրա համար էլ հնարավոր է թվում (թվում՝ հանրության մի շերտի համար) թշնամու հետ խաղաղությունը, որովհետեւ հետեւողականորեն չի տրվում թշնամու կերպարը։ Նա ընդամենը հակառակորդ է, իսկ հակառակորդի հետ, ինչու ոչ, խաղաղության կարելի է գնալ։ «Հակառակորդի» լեզվատրամաբանությունում է մնում հայ զինվորին գլխատողի, կնոջ մարմինը մասնատողի եւ դրանով հպարտացողի կերպարը։
Ընդամենը մեկ օրինակ կարող ենք բերել։ Սեպտեմբերի 13-14-ի իրականությունն ինչպե՜ս կոչվեց՝ «լայնածավալ հարձակում», «ռազմական ագրեսիա», բայց՝ «ոչ պատերազմ»։ Բառի շունչն ու խորքը չհասկացողը կարող է հարցնել՝ ի՜նչ խնդիր կա․ ագրեսիա-ն ամբոողջովին բնութագրում է ադրբեջանական կողմից սեպտեմբերի 13-14-ի հարձակումը։
Սակայն նրբություն, այնուամենայնիվ, կա։
Ժամանակակից միջազգային իրավունքի հասկացությամբ՝ ագրեսիան լատիներեն aggressio - հարձակում բառից է՝ մեկ կամ մի քանի երկրների զինված հարձակում այլ երկրի կամ երկրների վրա նվաճողական նպատակներով։ Ագրեսիայի բովանդակությունը որեւէ պետության կողմից այլ պետության կամ ժողովրդի (ազգի) տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի գործադրումն է։ Ագրեսիան ապօրինի ակտ է։ Առավել վտանգավոր ձեւը զինված ագրեսիան է։ Ագրեսոր է համարվում այն պետությունը, որն առաջինն է դիմում ուժի։
Իսկ պատերազմը սեփական կամքի պարտադրման նպատակ է հետապնդում այն կողմի հանդեպ, որի վրա լինում է հարձակումը։ Պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներ առաջադրելն ու դրանց հասնելն է։ Միջազգային իրավունքում պատերազմ է համարվում, երբ քաղաքականության մի սուբյեկտը ազդում է քաղաքականության մեկ այլ սուբյեկտի վրա ուժի գործադրմամբ եւ ստիպում հրաժարվել ազատությունից, գաղափարներից, սեփականության իրավունքից, հանձնել հողային կամ ջրային պաշարներ։ Որ սեպտեմբերյան իրավիճակը թշնամու կողմից կազմակերպված զինված բռնություն էր, գաղտնիք չէ․ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե թույլ չի տալու Հայաստանին վերականգնել քաղաքական ու զինական ներուժը։
Փաստորեն՝ ադրբեջանական կողմից ՀՀ-ի վրա (վրա, ոչ թե ուղղությամբ) սեպտեմբերի 13-ի լույս 14-ի հարձակումը ոչ թե ռազմական ագրեսիա էր, այլ՝ պատերազմ, որի ընթացքում, պաշտոնական տվյալներով հենց, ավելի շատ զոհ տվեցինք, քան 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։
Այս մեկ օրինակը բավարար է՝ հասկանալու, թե թշնամու կողմից Արցախի եւ Հայաստանի վրա 44-օրյայից հետո ո՛ր հարձակումը ո՛ր եզրույթում է տեղավորվում՝ «ագրեսիայի՞», թե՞ պատերազմի։ Հստակ տարբերակիչը՝ ցամաքային ու ջրային պաշարների մասով չմոռանանք ու սկսենք վերլուծել Սեւ լճի օրինակից սկսած։
Ի դեպ, մեր կողմից դիվանագիտական խոսույթը շարադրության հետ «շփոթելու» եւս մեկ օրինակի հետեւանքը։ «Հայկական կողմի»՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու» պատրաստակամությունը հանգեցրեց այն կետին, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախի մեր հայրենակիցների համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու մասին Հայաստանի պահանջը՝ «խաղաղ բանակցությունների նոր փուլից առաջ» (Reuters), որովհետեւ «պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտելուն»։
Իրականում չկա դիվանագիտական խոսույթի շփոթմունք։ Կա պարտվողական հոգեբանության լեզվամտածողության արտաբերում։ Զուտ։ Լուծու՞մը։ Այդ մասին ամեն օր ենք խոսում։