Image

Ընտրությունը մերն է՝ թու՞ղթ, թե՞ երկաթ

Արցախում ծանր հիվանդ երեխա կա, ում հնարավոր է փրկել Հայաստանում, բայց տեղափոխումն  անհնար է, որովհետեւ Արցախի կապը ՀՀ -ի հետ բետոնել են (երեխային ռուս խաղաղապահների ուղղաթիռով արդեն բերեցին ՀՀ, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, ծանր հիվանդներ Արցախում կան, Բերձորի միջանցքն էլ փակ է )։ Արցախում թերսնման հետեւանքով հղի կին է վիժել․․․

Միջազգային հանրու՞յթ․․․ չէ, նրանից չենք խոսի, քանզի մենք այդ հանրույթից ոչնչով չենք տարբերվում։ Նույնն ենք անում՝ կոչեր-թղթեր-նամակներ, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիաներ, բողոքներ, լաց, սուգ։ ՀՀ-ում գործող ՀԿ-ներ կան չէ՞, որոնց եթե լսես, Հայաստանում հայրերն ամբողջ օրը բռնություն են գործադրում իրենց երեխաների հանդեպ, ծեծում են կանանց 24/7 ռեժիմով ու․․․ առանձին դեպքերը չեն ներկայացնում իբրեւ առանձին դեպք, այլ՝ ազգային բնութագիր են տալիս դրան։ Հիմա սսկվել են, Արցախում հիվանդ երեխաներին մոռացել են, հղի կանանց մոռացել են։ Բայց ի՜նչ անեն խեղճերը, պատվեր չկա խոսելու Արցախից, այնպես ինչպես պատվեր չկար 44-օրյային, որ խոսեին Արցախում թշնամու կողմից մեր զինվորների ու անտառների վրա ֆոսֆոր թափելու անթույլատրելիության, գլխատման, դիամասնատան սարսափելի դեպքերից։

Միջազգային հանրույթը աշխատանքային ժամին կոչ է անում Ադրբեջանին բացել Բերձորի միջանցքը, աշխատանքից հետո գնում է տուն՝ մոռանալով Արցախում տոտալ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայերի։ Մե՞նք ինչ ենք անում, ՀՀ-ն ի՞նչ է անում որպես պետություն։ Տառացիորեն նույնը։ Այնպես որ, միջազգայյին կանրույթ կոչվածից նեղվելու կամ նեղանալու իրավունք չունենք։ «Ժողովուրդը երբեք չի սխալվում» ասվածին երբեք չեմ հավատացել, դեռ դպրոցական տարիներից, երբ ուսանում էինք հայ ժողովրդի, ԽՍՀՄ եւ համաշխարհային պատմություն։ Ժողովուրդը որ չսխալվեր, պատմության մեր տարբեր փուլերում «թղթե շերեփների» շրջանը ժամանակ առ ժամանակ չէր կրկնի։

Բեռլինի կոնգրեսն ու միջազգային դիվանագիտությունում Արեւմտյան Հայաստանի հարցը որպես «Հայկական հարց» ներառումը հիշում ենք։ Կոնգրեսի մասնակիցներից էր ՀԱԵ 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ Մկրտիչ Խրիմյանը։ Նա Կոնգրեսում ներկայացնում է Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներ իրենց առաջարկներով են հանդես գալիս։ Վերջում․․․ Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, ըստ որի՝ «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Ուշադրություն դարձնենք, «Հայաստան» բառը փոխարինվել էր «Հայաբնակ վայրեր»-ով։ Մի խոսքով, Խրիմյանը ձեռնունայն վերադարձավ․ ««Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ եւ ես ձեռնունայն վերադարձա»:»

Հիմա նույնն է, թղթե շերեփը առել ենք ձեռքներս ու կոչ ենք անում, նամակ ենք գրում, ՄԱԿ-ի դեմը ցույց ենք անում եւն։ Բայց հիմա պետություն ունենք չէ՞, որ պարտավոր է ծառայել ազգին, պարտավոր է մտածել հայի հայրենիքից մնացած այս փոքրիկ տարածքի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների մասին, պարտավո՛ր է մտածել շրջափակման մեջ մնացած իր 120 հազար հայրենակիցների մասին։ Պետություն ունենք չէ՞։

Դարձյալ դպրոցական տարիներին ուսանածից հիշում ենք «Լենինգրադի բլոկադան», որ շրջափակմանը դիմանալու ու դրանից դուրս գալու հերոսական ճիգերի օրինակ է ներկայացվում։ Բայց գիտենք նաեւ, որ քաղաքի հետ կապ կար՝ այսպես կոչված «կյանքի ճանապարհ» Լադոգայի վրայով։

Արցախը շրջափակված է ու «կյանքի ճանապարհ» չկա։ Հաագայի որոշումն եղավ, թյուրքական կողմից՝ անարձագանք․ փակ է Բերձորի միջանցքը։ Ամերիկյան, եվրոպական, ռուսական կողմերը կոչ են անում բացել, թյուրքական կողմից՝ անարձագանք։ Հավատալ, թե միջազգային դերակատարներն ուզում են բացել միջանցքը ու թյուրքի դեմ չեն կարողանում, ծիծաղելի միամտություն կլինի։ Այդ նույն դերակատարները լավ գիտեն՝ երբ եւ ինչ ու ինչպես պարտադրել ։ Ուկրաինական ծավալումների համապատկերում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ մեկ տասնյակից ավել փաթեթ ունեն, թյուրքական կողմի դեմ պատժամիջոցների փաթեթ կազմելուն ընդառաջ գրչի թանա՞քն է վերջացել․․․

Այո, թանաքը վերջացել է, որովհետեւ անիմաստ է օգնել մեկին, ում ձեռքի շերեփը թղթե է։ Կրկին գալիս ենք մի կետի․ ի՜նչ է անում ՀՀ-ն որպես պետություն, որ միջազգային խաղացողներին ցույց տա, որ չէ՛, իր շերեփը թղթե չէ, ինչու պետք է թղթե լինի, Հայաստանում լիքը երկաթ կա։ Ի դեպ, այդ երկաթի տեղը միջազգային հանրույթ կոչվածը մեզնից լավ գիտի, բայց քանի որ տեսնում է թափահարվող թուղթը, համապատասխանաբար թղթի վրա էլ կոչեր ու հայտարարություններ է անում։ Թույլերին չեն պաշտպանում․ սա աշխարհի օրենքն է, որովհետեւ թուղթը պահպանելն անիմաստ է, թղթի ժամկետը կարճ է։ Այ, երկաթը պաշտպանում են, որ անձրեւից չժանգոտի, չքայքայվի եւ երկար ծառայի։

Ի՞նչ է անում ՀՀ-ն որպես պետություն։ Պատասխանը իրականությունն է՝ լիովին շրջափակված հայկական Արցախ։ Թե ինչու են կրկնվում մեր թղթե շերեփների ժամանակաշրջանները, պատասխանները շատ են, հայտարարը՝ նույնը։ Մոռանում ենք, որ ունեցել ենք նաեւ առանց թղթե շերեփի ժամանակաշրջաններ ու միշտ հաջողել ենք, նույնիսկ երբ պետականություն չենք ունեցել։ Հային ոչ ոք չի խանգարում դեն նետել թուղթը ու վերցնել այն, ինչից շատ ունի՝ երկաթ։ Թղթի ու երկաթի միջեւ ընտրությունը մեզ է թողնված․ կամ մեռնում ենք՝ այն էլ նսեմանալով, կամ ապրում՝ այն էլ արժանապատիվ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։