Image

Արցախի հարցը փակ չէ

Հունիսի 27-ին Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպման նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումների անցկացումն ինքնատիպ ուղերձ են իրենց մեջ պարունակում:  Այն պատասխան է փորձագիտական շրջաններում շրջանառվող այն կարծիքին, թե արևմտյան երկրները՝ մասնավորապես ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում անտեսում է Արցախի հիմնահարցը:

ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթի, Ջեյմս ՄըքԳավերնի, Ադամ Շիֆի, Ֆրենք Փալոնի, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոնսպան Ջոն Էվանսիի նախաձեռնության նպատակը նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի իրական՝ ագրեսիվ, ոչ կառուցողական քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնումը: Լսումների ժամանակ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների:

Նման լսումներն իրենց մեջ հստակ ազդակներ են պարունակում, որոնք ԱՄՆ-ը ուղղում է Ադրբեջանին՝ հատկապես վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարների ռեժիմների խախտման դեպքերի կտրուկ ավելացման և Ալիևի՝ հերթական զորամասը բացելու արարողության ժամանակ հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների ֆոնին: Այն դեպքում, երբ ամենօրյա ռեժիմով, իսկ որոշ օրերին մի քանի անգամ ադրբեջանական զինուժը հրադար է խախտում, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակն ունի նաև պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպք՝ ԱՄՆ-ում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորագրով քննարկումը խոսուն ժեստ է՝ ուղղված պաշտոնական բաքվին:

Փաստորեն ամերիկյան մայրցամաքից ասում են, որ Արցախի հարցը փակ չէ, այն միայն  Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ինչպես վերջինիս առաջնորդն է հայտարարում, և հիմնահարցն լուծելու ուղղությամբ պետք է արվեն գործուն քայլեր: Միանշանակ է, որ հայ-ադրբեջանակն կարգավորման հիմնական դրույթներից է Արցախի հիմնահարցը, մասնավորապես՝ արցախցիների իրավունքների և անվտանգության խնդիրները, և երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ ուրվագծվում է այդ խնդրին միջնորդի՝ այս դեպքում ԱՄՆ-ի ուշադրությունը:

Այստեղ պետք է արձանագրել, որ թերևս միայն նման մոտեցումը կարող է բանակցային գործընթացում և խաղաղության պայմանագրի հաստատման հարցում առաջընթաց ապահովելու միակ ուղին: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիրը պետք է միջազգային իրավունքի նորմերից բացի արտացոլի նաև  հետպատերազմյան վիճակը, այս դեպքում պետք է այլ կերպ մեկնաբանվի, քան իր պատկերացրածն է: Իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմը չլուծեց արցախյան հիմնահարցը, եթե չասենք, որ ավելի խորացրեց այն՝ հերթական անգամ տասնյակ հազարավոր արցախցիների ստպելով բռնել բռնագաղթի ճանապարհը, հետևաբար, տարածաշրջանում իրավիճակի կարգավորում հնարավոր է միայն Արցախի հիմնահարցի կարգավորման մեխանիզմների ամրագրմամբ և գործադրմամբ:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։