«Խաղաղության» զոհերը
Վաշինգտոնում մեկնարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին ընդառաջ hhtert.am-ը գրել էր, որ հայկական կողմի համար դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում եւ խոսել էր պատճառահետեւանքային կապից։ Ցավոք, չսխալվեցինք։ Բանակցությունների սեղանի շուրջ․․․ շու՞րջ։ Ոչ, իրականում հայկական կողմը բանակցությունների սեղանից շա՜տ հեռու է նստում։ Շա՜տ հեռու։ Ու չի որոշում ոչինչ։ Սպասում է որոշման, որ հետո կատարի։ Այլապես․․․
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտակերտի եւ Մարտունու հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։ Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ հայկական կողմը 4 զոհ ունի։
Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները («Ամերիկայի ձայն»)։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ՝ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որից հետո հանդիպել են եռակողմ ձեւաչափով: Միլլերը հրաժարվել է մանրամասնել, թե Վաշինգտոնն ինչ ակնկալիքներ ունի այս բանակցություններից՝ նշելով, որ ընթանում է փակ բանակցային գործընթաց:
Փաստորեն՝ հայ-ադրբեջանական բանակցություններ՝ ԱՄՆ-ի «քավորությամբ» եւ․․․ հայկական կողմից՝ 4 զոհ։ Եթե հայկական կողմը նստած լիներ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե այդ սեղանից հեռու, անմիջապես կդադարեցներ առհասարակ ադրբեջանական կողմի հետ «խաղաղության օրակարգի» (ում «քավորությամբ» էլ լիներ) որեւէ բանակցություն։ Բայց քանի որ հայկական կողմը բանակցությունների սեղանից շատ հեռու է, որոշում չի կայացնի։ Եվ որ ամենաողբերգականն է, հայկական կողմը ցանկություն չունի որոշում կայացնելու։ Կատարող է։ Իսկ կատարող կողմի համար կարեւոր չէ՝ 4 զոհ, 400, թե 4 հազար․․․
«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում եւս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարեւոր են, ու կարեւոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը:
Միլլերը կարող է չանհանգստանալ․ իրենց ուզած առաջընթացը իրենք կստանան՝ հայկական կողմից զոհերի հաշվին։ Որովհետեւ հայկական քաղաքական դաշտը, գրողը տանի, անհասկանալի է, թե ինչով է զբաղված․ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը բանակցությունների սեղանից հեռու «լռված» է, իշխանական կողմի գործողություններին չհամաձայնող կողմը նստացույց է անում միջազգային կառույցների դռների դիմաց, կոչեր է հղում, հայտարարություններ անում կամ սպասում։ Հայկական կողմի քաղաքական թեւերը «լռված» են ու «նստած»։
Հա, Միլլերը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը՝ «խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար» եւ հույս է հայտնել, որ «Բաքվին եւ Երեւանին կհաջողվի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները»: Միլլերը մոռացել է նշել, որ իրենց պատկերացրած «խաղաղության» ձեւաչափը արդյունավետ է դարձել սպանողի՝ թյուրքական կողմի եւ սպանվողի՝ հայկական կողմի «փոխհամագործակցության» «շնորհիվ»։ Եվ որ վերջապես թյուրքական ու հայկական կողմերի միջեւ չկան տարաձայնություններ։ Կա թյուրքական կողմի սպանելու որոշում եւ հայկական կողմի սպանվելու հնազանդություն։ Դահիճի ու զոհի միջեւ փոխհամագործակցություն լինել չի կարող, կա լուռ համաձայնություն՝ այն էլ զոհի կողմից։
Չէ, Հայաստանն ու Արցախը չեն կործանվելու՝ ի հեճուկս ներքին ու արտաքին թշնամիների։ Եվ վաղը տրվելու է բոլորի գնահատականը։ Իրակա՛ն գնահատականն ու պատասխանը։ Քայլ առ քայլ, օր առ օր, աղմուկով թե լուռ համաձայնողների։