Խաղաղության իմիտացիա
Ռազմական գործողությունների բացակայություն, խաղաղ գոյակցություն, հանգստություն, անվտանգություն, կարգուկանոնի վիճակ, անհանգստացնող կամ ճնշող մտքերից կամ զգացմունքներից ազատություն, ներդաշնակություն, կառավարությունների միջեւ փոխհամաձայնության վիճակ: Այս բոլորը խաղաղություն հասկացության բնութագիրներն են։ Խաղաղությունն արարման, այլ ոչ թե ժխտման եւ ոչնչացման վրա հիմնված հասկացություն է։ Ինչպես տեսնում ենք որեւէ մեկը չի համապատասխանություն Հայաստանի, այդ թվում՝ Արցախի եւ հայության շուրջ ստեղծված իրավիճակին։ Իրական պատկերը ճիշտ հակառակն է՝ անկայունություն, անվտանգության որեւէ երաշխիքի բացակայություն, Ադրբեջանի կողմից հաճախակի պարբերականությամբ իրականացվող ռազմական ագրեսիա, ցեղասպանության վտանգ, ատելության մթնոլորտ։
Այսօր Մարտակերտի եւ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադեւոսյան, Գագիկ Բալայան։ Փաստացի, մեկ անգամ եւս երեւաց, որ իբր 25 հազար զինվոր «փրկելու» համար 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված խայտառակ եռակողմ համաձայնագիրը փուչիկ էր։ Ադրբեջանական կողմին գործած հանցագործությունների, տարածաշրջանն ապակայունացնելու եւ խաղաղության անվան տակ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար պատասխանատվության կանչելու, ինչպես նաեւ Հայաստանի ու հայության օրինական իրավունքներն ու շահը պաշտպանելու փոխարեն հայաստանյան ներկայիս իշխանությունը շարունակում է հետեւել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեզ պարտադրվող հակահայ օրակարգին, որի անունը դրել են «խաղաղության օրակարգ»։
Կուրբան-բայրամի մեկնարկին արնախում կովկասյան թաթարը չորս հայի «մատաղ» է արել, իսկ այդ նույն ընթացքում ԱՄՆ-ում Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ միմյանց ձեռք են սեղմում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Եվ կարծես ոչինչ չի եղել, քննարկում են «տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Չգիտես ինչու Արցախի շրջափակումը ներկայացվում է իբրեւ հումանիտար ճգնաժամ, այն դեպքում, որ տեղի ունեցողն արդեն էթնիկ զտում էլ չէ, այլ նախապատրաստվող ցեղասպանություն։ Խոսվում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման մասին»՝ որպես «տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոն»: Իսկապե՞ս, որեւէ մեկն ակնկալում է, որ Արցախում ապրող հային Բաքվի բռնապետը անվտանգ ապրելու երաշխի՞ք կտա։ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ կանգ չի առնի որեւէ սկզբունքի, «կարմիր գծի» առջեւ։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով վերջին զարգացումներին, կոչ է արել բանակցությունների համար Վաշինգտոն մեկնած ՀՀ պատվիրակությանն անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ «մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն»։ Թերեւս անհույս է նման քայլ ակնկալել պատվիրակությունից, չէ՞ որ առաջնայինը «խաղաղության օրակարգի» հաստատումն է, եթե անգամ այն ձեւական է։
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները կատարվում են միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ Արցախի բռնակցումը, որի հետեւանքը լինելու է կամ ամբողջական հայաթափումը, կամ հայության կոտորածը, ստորադասվում է ճանապարհների եւ կոմունիկացիաների բացելուն, քանի որ դրանք անհրաժեշտ են քաղաքական շախմատ խաղացողներին։ Այդ կերպ այլընտրանք է ստեղծվում Ռուսաստանով անցնող ճանապարհներին՝ էներգետիկ, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ այլն։ Իհարկե, այդ ամենն արվում է հայի արյան հաշվին՝ աղբանոցը նետելով իրենց իսկ կողմից ընդունված եւ գերակա համարվող մարդու հիմնարար իրավունքները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Աղբանոցն է հայտնվում այն ամենը, ինչը չի սպասարկում «ուժեղների» քաղաքական օրակարգը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ