Արցախում պատասխանի սպասող հարց. Առաջնայինը մարդու իրավունքնե՞րն են, թե՞ մարդկությունը վերադառնում է բարբարոսությանը

Երբ պաշտոնական Բաքուն մեկ ամիս առաջ կտրուկ ավելացրեց Արցախ-Ադրբեջան շփման գծում հրադադարը խախտելու իր գործողությունները, լիովին կանխատեսելի էր, որ վերջինս խոշոր ագրեսիայի համար հող է նախապատրաստում: Շփման գծում իրավիճակի սրմանը զուգահեռ ադրբեջանական կողմը գործի էր դրել կեղծիքի վրա հիմնված հերթական քարոզչական թեզը, թե Արցախում ՀՀ-ից զինված ստորաբաժանումներ դեռ կան: Չնայած կես տարուց ավել ձգվող Արցախի լիակատար շրջափակմանը, ինչը հերքում է այդ վարկածը, պաշտոնական Բաքուն շարունակում է այդ ապատեղեկատվության շրջանառումը, որի վերջնական նպատակը դժվար չէ կանխատեսելը:
Հանրահայտ փաստ է, որ Արցախի Հանրապետության կայացած պետական կառույցներից մեկը Պաշտպանության նախարարությունն է, որ երկիրն ունի կանոնավոր զինված ուժեր՝ ձևավորված վերջին 30 տարիների ընթացքում, առանց որի արցախցին միանշանակ ենթարկվելու է ցեղասպանության: Այս դաժան իրողությունը Բաքուն իր ագրեսիաներով հաստատում է արդեն երեք տասնամյակից ավել՝ ինչը հաստատվում է պարբերաբար իրականացվող ռազմական ագրեսիայի փորձերով, որոնք տեղավորվում են ցեղասպանության և էթնիկ զտման վարվող քաղաքականության տրամաբանության մեջ:
Այսօր Արցախի շփման գծում հանրապետության բնակչության անվտանգությունը ապահովում են արցախցիները, հետևաբար՝ այնտեղ իրականացվող ցանկացած ռազմական գործողություն ուղղված է արցախահայության դեմ, իսկ նպատակը՝ վերջինիս բնաջնջելը կամ իր հազարամյակների բնօրրանից դուրս մղելն է: Հունիսի 28-ին Արցախի շփման գծում հերթական անգամ զոհվեցին բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ: Այս իրողության պայմաններում Ալիևի հայտարարությունը, թե իրենք երաշխավորում են արցախցիների անվտագությունը՝ ցինիզմ է, ընդորում՝ ուղղված միջազգային հանրությանը և կենտրոններին, քանի որ հայ ժողովուրդը լավ գիտի թյուրքական այս պետության իրական նպատակները, որոնք չեն փոխվել արհեստականորեն նրա ստեղծման և գոյության մեկ դարի ընթացքում:
Պաշտոնական Բաքուն այն աստիճան է սանձարձակ դարձել, որ Արցախի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հովանու ներքո Վաշինգտոնում ընթանում է Հայասանի և Ադրբեջաի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, երբ շփման գծում խաղաղապահ առաքելություն են իրականացնում ՌԴ խաղաղապահ զորակազմի ուժերը: Հատկանշական է նաև, որ ադրբեջանական զինուժը գործում է նենգորեն՝ մթության քողի տակ, ինչը սակայն չի կարող ազդել այն համոզման վրա, որ նա առհամարում է նաև ռուսական խաղաղապահ զորկազմի ներկայությունը, դրանով հիմք ստեղծելով Արցախում անվտանգության լրացուցիչ մեխանիզմի ներդրման հրամայականի համար:
Հունիսի 28-ին պաշտոնական Բաքուն կրկին հաստատեց, որ Արցախում հետևողականորեն տանում է սողացող ցեղասպանության գիծը: Նման իրողությունների պայմաններում այդ երկրի նկատմամբ միջազգային գործուն զսպող մեխանիզմենրի, մասնավորապես՝ պատժամիջոցների չկիրառումը կնշանակի 21-րդ դարում մեղսակից լինել մարդկության դեմ կատարվող մեծագույն հանցագործություններից մեկին: Վերջին հաշվով Արցախում այսօր որոշվում է ոչ միայն արցախահայության, այլև համաշխարհային իրավակարգի ճարտարապետության ճակատագիրը: Արցախում պատասխանի է սպասում հիմնարար հարցը՝ մարդկությունը շարունակելո՞ւ է առաջնորդվել մարդու հիմնարար իրավունքներով, թե՞ վերադառնում է բարբարոսական կարգերին: