Image

Կենսաբանորեն անբարոյականները չե՛ն կարող մթագնել հայի գիտակցությունը

Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ հայկական կողմից 4 զոհը հայի եւ թուրքի միջեւ կեղծ խաղաղության թեզի իրացման հետեւանքն է։ Որ խաղաղություն ասվածը կեղծ է, հենց մղձավանջային իրականությունն է փաստում։ Իսկ իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմն ամեն օր կրակում է Արցախի եւ Հայաստանի վրա՝ Արցախում օկուպացրած տարածքներից եւ Հայաստանից գրաված սահմանային տարածքներից։ Ադրբեջանական կողմը կրակում է, հարձակվում է, սպառնում է, մեզ սպանում է, իսկ հայկական կողմի պաշտպանական գերատեսչությունը (կլինի ՀՀ ՊՆ, թե Արցախի ՊԲ) արդարանում է, թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում, որ իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Երդվում ենք՝ չենք կրակել, հավատացեք՝ չենք կրակել»՝ սա՛ է մեր տոնայնությունը։ Որպես հայ շարքային քաղաքացի՝ կարող եմ չէ՞ հարցնել, իսկ ինչու՛ չենք կրակել։ Թշնամին մտել է Հայաստան, Արցախում մտածված չի թողնում, որ գյուղատնտեսական գործունեություն ծավալեն նույնիսկ, մոռացե՞լ եք թշնամու բերանին ոնց են գալիս, «չենք կրակել» մեղայականով հանդես գալու իմաստը ո՜րն է։

Մեր պահվածքին զուգահեռ օրինաչափ է միջազգային արձագանքը։ Դե այն, որ հավասարության նշան է դնում սպանողի ու սպանվողի միջեւ։ Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ ադրբեջանական կողմը կրակում է, հայկական կողմը զոհեր է ունենում, բայց ՌԴ-ն ու ԱՄՆ-ն զսպվածության կոչ են անում  երկու կողմերին էլ։

ՌԴ ԱԳՆ-ն «շատ մտահոգված լինելով» Արցախի ՊԲ չորս զինծառայողի զոհվելով՝ «կողմերին զսպվածության եւ բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության» կոչ է անում։

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդականն էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին Սպիտակ տանն ընդունելով թվիթերյան գրառում է անում, թե՝ հորդորել է «Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաեւ խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձեւավորելու համար»։

Անկեղծորեն ասած՝ եթե ռուսական ու ամերիկյան այս կողմերի արձագանքից զայրանայինք, պարզ հայերենով պիտի արձանագրեինք, որ այս երկու կողմերն էլ գերադրական աստիճանի անբարոյականներ են, որովհետեւ անտեսում են հանուն կեղծ խաղաղության թուրքական գայլի բերանը գնացող գառին։

Բայց չենք զայրանում, որովհետեւ միջազգային արձագանքը ճիշտ հավասար է մեր պահվածքին։ Հայի դեմ զուտ պատերազմից բացի տեղեկատվական ու հոգեբանական լայնածավալ պատերազմ է սկսված, ըստ որի փորձ է արվում մեր մեջ սերմանել թույլիկի գաղափարը՝ մի քանի վտանգավոր թեզերով, այն է՝ 1․ մենք թույլ ենք, ոչինչ անել չենք կարող, Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, իսկ Թուրքիան ուժեղ է, 2․ Արցախը տալով կարող ենք ընդմիշտ խաղաղ ապրել, 3․ որովհետեւ թուրքն առաջվա թուրքը չէ եւ բլա-բլաների մի ամբողջ շարք։

Չմոռանանք՝ 90-ականներին էլ փորձեր կային մեզ համոզելու, որ թույլ ենք։ Ի դեպ, այն ժամանակ էլ Թուրքիան Ադրբեջանի թիկունքին էր, այն ժամանակ էլ թյուրքական տանդեմն ավելի զինված էր, քան հայկական կողմը եւ այն ժամանակ էլ թյուրքական տանդեմը օգտվում էր նաեւ միջազգային հանցագործների ու ահաբեկիչների ծառայություններից ընդդեմ հայկական կողմի։ 90-ականներին մենք այդ թեզերը փաթաթեցինք ու․․․ շպրտեցինք համապատասխան ուղղությամբ՝ ազատագրելով Լեռնային Արցախը եւ երեք տասնամյակ խաղաղություն ապահովելով Արցախի եւ Հայաստանի համար։ Սեփական ձայն ունենալու կամքը շատ արագ փոխեց մեր հանդեպ միջազգային վերաբերմունքը։

Ոչինչ չի խանգարում, որ հիմա էլ հնչեցնենք մեր սեփական ձայնը։ Ընդամենը պետք է փաթաթենք համապատասխան թեզերը ու․․․ շպրտենք համապատասխան ուղղությամբ։ Նժդեհն ասում է՝ «ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է»: Իսկ հայը կենսաբանորեն անբարոյական չէ։ Պարզապես ամեն հայ՝ մտավորական, գրող, լրագրող, զինվոր, հրամանատար, բանվոր, ուսուցիչ, պետք է թույլ չտա, որ իր գիտակցությունը մթագնեն կենսաբանորեն անբարոյականները։ Հետոյի ճաապարհը հայ արդեն գիտի։

 

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից՝ 2000 թվական, երբ հայկական հողերին թուրքական պատկանելություն չէր վերագրվում

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։