Image

Ադրբեջանը լեգիտիմացնում է պետական ահաբեկչությունը բոլորի լուռ թողտվությամբ

Վաշինգտոնյան բանակցությունների, Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ տարվող ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ «ՀՀ թերթ»-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

- Այս օրերին ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ բանակցային գործընթացի հերթական փուլը։ Ի՞նչ կարող են սպասել վաշինգտոնյան բանակցություններից, կարո՞ղ է արդյոք այն առանցքային դառնալ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստը համաձայնեցնելու առումով։

- Վաշինգտոնյան բանակցությունները բովանդակային իմաստով քիչ են տարբերվում բրյուսելյան բանակցություններից, եթե չասենք, որ հաճախ փոխլրացնում են միմյանց։ Իսկ այս երկու հարթակների հիմնարար տարբերությունն այն է, որ այս դեպքում ԱՄՆ–ն փորձում է որպես մոդերատոր հանդես գալով իր ազդեցության տակ պահել ամբողջ գործընթացը։ Ահա այստեղից էլ գալիս է ռուսական կողմի արձագանքների տրամաբանությունը, որոնք մենք տեսանք նախորդ հանդիպման ժամանակ, եւ կարծում եմ՝ այս անգամ եւս արձագանքներ կլինեն։

Սպասելիքները, սակայն, ի չիք են դառնում հենց այն պահից, երբ զուգահեռաբար Ադրբեջանը սկսում է ահաբեկչական գործողություններ հայկական պետության դեմ՝ վերջին դեպքում սպանելով 4 զինվորի։ Այստեղ մենք ականատեսն ենք միջազգային իրավունքի եւ բանակցային գործընթացի տրամաբանության արմատական փոփոխության։ Այդ փոփոխության հստակ ինդիկատորն այն է, որ եւ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերը, եւ՛ միջազգային իրավունքը մշտապես բացառել են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ներքո պարտադրված բանակցությունները, պայմանագրերը եւ այլն։ Մինչդեռ Վաշինգտոնում հանդիպման նախօրեին ադրբեջանական ահաբեկչական գործողությունները ԱՄՆ–ի կողմից ո՛չ միայն քննարկման առարկա չեն դառնում, այլեւ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերն ավելի են ամրապնդվում հենց ուժի կիրառման սպառնալիքի եւ ուժի կիրառման արդյունքում։ Հետեւաբար ինչպիսի հայտարարություն էլ հնչի «խաղաղության պայմանագրի» տեքստը համաձայնեցնելու կամ դրա որոշակի էլեմենտներ համաձայնեցնելու մասով, ակնհայտ է, որ այն չի արտացոլելու իրերի իրական վիճակը, որովհետեւ ոչ մի պարագայում Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ աննշան չափով անգամ պաշտպանվում է հայկական շահը։

- Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ նշելով, որ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ի երեկոյան կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ուշադրության է արժանի այն, որ Հայաստանի բնակավայրերի անվանումները ներկայացվում են ադրբեջանական տարբերակներով։ Կարո՞ղ ենք այս միտումը համարել «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի տեղեկատվական պատերազմի դրսեւորում։

- Կասկածից վեր է, որ Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, եւ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ընդամենը շղարշ է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար։ Պատկերացրեք, եթե 1978 թվականի սեպտեմբերի 17–ին սկսված եւ 12 օր տեւած Քեմփ Դեյվիդի համաձայնագիր անվանումը ստացած եգիպտա–իսրայելական բանակցություններն ուղեկցվեին այնպիսի սադրանքներով, ինչպիսին անում է Ադրբեջանը։ Սա վկայում է, որ Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ձեռք բերել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա ազդեցության այնպիսի լծակներ, որոնք կզրկեն Հայաստանին կենսունակ պետություն լինելու եւ տարածաշրջանային անվտանգային բալանսում իր տեղն ունենալու հնարավորությունից։ Դրա ամենաակնառու վկայությունը Ադրբեջանի Մեջլիսում քննարկված այսպես կոչված «արժանապատիվ վերադարձ» ծրագիրն է, որը «ժողովրդագրական պատերազմ» է Հայաստանի Հանրապետության դեմ՝ հետագա ռազմական միջամտության համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով։ Հենց այս ծրագրի մասն է նաեւ այսպես կոչված «անկլավների» հարցը, որը կարելի է հիբրիդային պատերազմի առանձին դրվագ կամ օպերացիա համարել։

- Արդեն 200 օր շարունակ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Երեկ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակը չորս զոհ ունեցավ։ Արդյոք միայն Ադրբեջանն է այս ամենի պատասխանատուն, թե այլ կողմեր էլ կան։

- Ես կարծում եմ, որ այլեւս անիմաստ է միայն Ադրբեջանին մեղադրելը, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում աշխարհի աչքերի առաջ, չկա որեւէ գաղտնի գործողություն, ամեն ինչ չափազանց բաց է։ Հետեւաբար զոհերի, 120 հազար անմեղ մարդկանց խոշտանգումների ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեջ իրենց բաժին հսկայական մեղքը ունեն հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որքան էլ նրանք այսօր որպես հարթակ չհամագործակցեն։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը մի կողմից, Հայաստանի Հանրապետությունն էլ մյուս կողմից՝ ունեն չափազանց մեծ պատասխանատվության բաժին։ Ընդամենը պատկերացրեք, թե ինչպես կգործեին այս երկրները, եթե նույն բանը որեւէ անձ ծրագրեր որեւէ խմբի նկատմամբ այդ երկրների տարածքներում։ Եթե օրինակն ընդլայնենք, բավական է հիշել, թե ինչպես 1999–ին ՆԱՏՕ–ական կործանիչները ռմբակոծեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը «հանուն ալբանացի փոքրամասնության իրավունքների»։ Իսկ ի՞նչն է տարբեր կամ պակաս ողբերգական Արցախի պարագայում։ Ընդամենն այն, որ Ադրբեջանից ակնկալվող շահերն ավելին են։

- Ադրբեջանը հայ զինվորականների զոհվելու մասով հաղորդագրություն է տարածել՝ նշելով «Ղարաբաղում 4 հայ անջատողական է ոչնչացվել»: Նկատենք, որ նման ձեւակերպումներով հանդես է գալիս նաեւ Թուրքիան, երբ հայտարարում է Սիրիայում իր հերթական ագրեսիայի հետեւանքով զոհվածների մասին։ Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը քաղաքական, իրավական տեսանկյունից։

- Այս ձեւակերպումն ունի երկու հիմնական ուղերձ՝ քաղաքական եւ իրավական։ Քաղաքական իմաստով Ադրբեջանը փորձում է այլեւս ջնջել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության վերջին պատառիկները, լեգիտիմացնել իր կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը եւ բռնարարքները հայ ժողովրդի նկատմամբ։ Մյուս կողմից՝ միջազգային քաղաքականության մաս դարձնել ո՛չ թե Արցախի պետական մարմինների, այլ ապօրինի կամ ահաբեկչական, ծայրահեղական կառույցների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունները։ Ադրբեջանն ըստ էության հետեւողականորեն առաջ է տանելու այս գիծը, նամանավանդ այս հարցում մինչ այս պահն առնվազն լուռ թողտվություն ունի հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Սա միեւնույն ժամանակ փորձ է, Արցախի մասով ցանկացած քննարկում տեղավորելու բացառապես իր օրակարգի մեջ, ինչը եւս Արցախի էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության մաս է։

Իրավական իմաստով սա Ադրբեջանին ապահովագրում է հետագայում հնարավոր միջազգային դատական, քրեական հետապնդումներից, որոնք տեսականորեն կարող էին լինել կանխամտածված սպանության եւ էթնիկ զտման, ազգային–ռասսայական եւ այլ տարբերություններով պայմանավորված սպանությունների, ի վերջո՝ ցեղասպանության կազմակերպման եւ իրագործման մեղադրանքով։ Ասել է թե՝ լեգիտիմացնել եւ իրավական տեսք հաղորդել պետական ահաբեկչությանը, որն իրագործում է Ադրբեջանը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։