Image

Հարկավոր է ո’չ թե նայել հյուսիս կամ արեւմուտք, այլ` ներս

Ի՞նչ ենք անելու, եթե փլուզվի Ռուսաստանը, եթե ջրի տակն անցնի Եվրոպան, եթե ամբողջովին սեռափոխվի ամերիկան

 

Այս հարցադրումները, կամ մոտավորապես այսպիսի հարցադրումներ պարբերաբար հնչում են ամենատարբեր քաղաքական ուժերի, հոսանքների, գործիչների կողմից:

Միանգամից ասեմ, որ ո’չ ես, ո’չ էլ մեր խմբագրակազմը (շատերիդ համար զարմանալիորեն) ո’չ ռուսամետ ենք, ո’չ եվրոպամետ, ո’չ ամերիկամետ, ո’չ էլ աֆրիկամետ:

Վազգեն Սարգսյանը, երբ վարչապետ էր, իր հեռուստաուղերձներից մեկում (որոնց տեքստերն անձամբ էր գրում ), հայտարարեց. << Բավական է փորձենք կողմնորոշվել, ժամանակն է ինքնորոշվելու:>>

Հարգելի արեւմտամետներ, (անգլիամետներ, ֆրանսամետներ, ամերիկամետներ…) ի՞նչ ենք անելու, եթե Ռուսաստանը կործանվի…

Հարգելի ռուսամետներ, ի՞նչ ենք անելու, եթե Եվրոպան ու ԱՄՆ-ը, որպես սատանայի վերջին որջ, որպես նոր Բաբելոն, կործանվեն, ջրհեղեղների ու երկրաշարժերի տակ մնան…

Հարգելի (՞) հայ մասոններ եւ սիոնիստներ, ի՞նչ ենք անելու, երբ Իսրայելում, Արմագեդոն բլուրի մոտ վերջին ճակատամարտը տրվի եւ երկրային Երուսաղեմը գրողի ծոցն անցնի…

Կասեմ հետեւյալը. ինքնին հարցադրումն է սխալ. ոչ թե ի՞նչ պետք է անենք այս կամ այն գերտերության կամ կենտրոնի կործանման, փլուզման, անտակվելու դեպքում, այլ` ի՞նչ պետք է անեինք երեկ, ի՞նչ պետք է անենք (կամ ի՞նչ  չենք անում) այսօր եւ ի՞նչ պետք է անենք վաղը մեր երկիրը ինքնիշխան պահելու, մեր հայրենիքը վերադարձնելու եւ պաշտպանելու, մեր լեզուն պահելու (եւ ոչ թե ռուսական կամ անգլիական դպրոցներ բացելու առաջնահերթությունը վիճարկելու), լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը չաղավաղելու դպրոցներում ու բուհերում, մեր հավատքը չթուլացնելու, եկեղեցին ներսից չկազմաքանդելու (համարելով, թե ուժեղ եկեղեցին թուլացնում է աշխարհիկ իշխանությունը) ու էլի շատ բաներ անելու կամ չանելու համար:

Հարկավոր է ո’չ թե նայել հյուսիս կամ արեւմուտք, այլ` ներս: Պետք է մեր ներսը քննենք, հարցադրումներն ուղղենք ինքներս մեզ, պատասխանները գտնենք ինքներս:

Չի չորացել հայոց արգանդը:

Դարերով մեր գիտական միտքը ծառայել է կա’մ այս կա’մ այն կայսրության ( այդ թվում` թշնամական) շահերին, հզորացրել այս կամ այն տերության տնտեսությունն ու պաշտպանունակությունը:

Վերջապես ինքնորոշվե’ք քաղաքական գործիչներ: Ձեր միջազգային կապերը վատ չէ, որ ունեք. բայց, ցավոք, դուք դրանք միմյանց մեծ բոցավառությամբ հակադրում եք, փոխանակ համադրեք` ի շահ, ի բարօրություն հայրենի երկրի: Այս պահվածքը վկայում է, որ աջուձախամետները իրենց մետությունը կատարում են ո’չ անվճար, իրենց բոցերը թանկ են վառում…

Ո՞րն է ելքը:

Պետք է համախմբվեն բացարձակապես ինքնորոշված (անկախությունը հոգեվիճակ է, հոգեբանություն, խառնվածք, բնավորություն, ապրելակերպ) առողջ ուժերը եւ կատարեն շատ կոնկրետ, կիրառական քայլեր:

Այն է. ազգային բուրժուազիային ( կամ` կապիտալիստներին, օլիգարխներին, ինչպես կուզեք` անվանեք) ներառելով ազգապահպան, պաշտպանական – հարձակողական, նվաճողական – ազատագրական ծրագրերին (կամավոր կամ ոչ կամավոր), մշակել հստակ գործողությունների հաջորդականություն, հստակեցնել իրականացնողներին (գիտնականներ, արտադրողներ, հակերներ, կիրառողներ…) եւ հստակորեն անցնել գործի:

Նպատակը պետք է լինի ո’չ միայն մեր հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը, այլեւ թշնամուն իր իսկ որջում ոչնչացնելը:

Ինչպես նախորդ հոդվածներից մեկում ընդգծել էի, հաջորդ պատերազմը (որն անխուսափելիորեն մոտեցնում են մեզ) լինելու է կիբեռպատերազմ: Իսկ դա թույլ է տալիս թշնամուն հարվածել ո’չ միայն թնդանոթի արկի թռիչքի հեռավորության վրա, այլեւ հազարավոր կիլոմետրերից:

Պետք է կաթվածահար անել թշնամի պետությունների ֆինանսաբանկային համակարգերը, փակել փողային գետերի հոսքերի ակունքները, թշնամուն խեղդել սեփական գազով եւ այրել սեփական նավթով…

Եւ այսպես շարունակ, հարգելի կողմնորոշվածներ:

Ով կմիանա այս նպատակներին, լա’վ. ով չի’ միանա… Աստված մեզ հետ:

Պետությունը մենք ենք:

Արթուր ՍԵՒԱՉԵՐՅԱՆ

Հ.Գ. Հետաքրքիր է, որ ոչ ոք չի հարցնում, թե ի՞նչ ենք անելու,ս երբ Թուրքիան ու Ադրբեջանը կործանվեն…

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։