Image

Ազգից հասարակություն սարքելու ճանապարհը պետք է փակել

Թյուրքական հատվածի անցած ճանապարհը, ներկան եւ ապագայի դրանց տեսլականներն ու հստակ ռազմավարությունները վկայում են, որ տարածաշրջանում երբեք իրական խաղաղություն չի լինելու։ Պատճառների մասին, կարծում ենք, խոսելու կարիք չկա։ Մենք (Հայաստան եւ Արցախ) խաղաղություն կունենանք միայն այն ժամանակ, երբ թշնամին կտեսնի, որ հակազդելու, դիմագրավելու պատրաստ ենք։

Բայց հիմա թշնամու համար պարարտ ժամանակաշրջան է։ Մեր հանրության գերակշիռ մի հատված չի ընկալում, որ ինքը փաստացի պատերազմի մեջ է։ Այնպես չէ, որ այլ երկրների հանրությունները մերինից լավն են կամ մերինից գիտակից են։ Բոլոր հանրությունները, մի փոքր ավելի կամ պակաս չափով, նույն ձեւաչափով են անցկացված։ Ի վերջո՝ գլոբալացման հաղթարշավի պարտադիր պայմաններից մեկը տարիներ շարունակ հատկապես ազգային երկրներում հասարակ-ություն կերտելն էր եւ է։

Արցախյան առաջին ազատամարտից հետո միջազգային որոշ խաղաքարտեր խառնած հայ ազգը գլոբալացման մամլիչի տեսադաշտից դուրս մնալ չէր կարող, եւ… Օվերտոնի ինչ պատուհան կար-չկար, մեր երկրում բացվեց։ Անբնական, հակազգային ինչ երեւույթ կար, արդարացվեց, պետական ու ազգային անվտանգությանն սպառնացող ինչ տարրեր ու բաղադրիչներ կային, հրապարակ նետվեցին, քննարկվեցին, անունը դրեցին ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւն։ Այս ամենի խորքային սպառնալիքները հասկացողները կոչվեցին «դավադրապաշտներ», «ազգային տգետներ», մարդու ազատությանը սպառնացողներ… Ազգային հատվածը, իհարկե, ախորժելի ոչ մի խայծ կուլ չտվեց, բայց ժողովրդի մի մեծ հատված վերածվեց հասարակ-ության։ Այս շերտին նորից երկրի մասի մտածող ժողովրդի կողմ ուղղելը ի՜նչ ջանքեր կպահանջի, դժվար է ասել։

Բայց փաստն այն է, որ թշնամին ամեն օր իր ուզածին հասնում է ոչ թե քայլերով, այլ՝ լոնքերով։ Իսկ մեր հանրության մեծ մասը չի ընկալում պատերազմի վտանգը։ Ինչպե՜ս ընկալի, երբ քարոզչության ամենատարածված միջոցներից մեկը չի անում իր գործը։ Խոսքը հայկական հեռուստատեսության մասին է։ Տեղեկատվական այս դարում միանգամից, բնականաբար եւ արդարացիաբար, կարող են հնչեցնել, որ հեռուստատեսությունը չի անում, բայց կան ամենատարբեր սոցհարթակներ, կայքեր, ինտերնետային ալիքներ, եւ մարդիկ անսահմանափակ հնարավորություն ունեն տեղեկություններ ստանալու։ Այո, տեղեկատվական տեխնոլոգիաների դարը տալիս է անսահմանափակ հնարավորություններ, բայց այդ դարը նաեւ ռիսկեր է տալիս։ Հանրությունը ինչ որակի տեղեկություն է ստանում, ինչպես է մարսում այդ տեղեկությունը, ով կամ ինչ ուժեր են տեղեկություն տվողներն ու «սպրդողները»։ Հանրությունն այս հարցերի պատասխանը չգիտի, մեդիագրագիտություն բավականաչափ չունի, ոլորտի Ա-ն ու Բ-ն չտարբերելով՝ հասկանալի է, չի կարող նաեւ հասկանալ իրականն ու անիրականը։ Շատ պարզ մի օրինակ, հայալեզու ադրբեջանական կայքն ընդունում է իբրեւ հայկական կայք եւ, ըստ այդմ, թյուրքամետ տեղեկույթն ընկալում է իբրեւ հայկական տիրույթի տեղեկություն։ Այս շերտը եթե գրագետ, իրապես ԶԼՄ համարվող կայք բացում է, ապա միայն վերնագրերը կարդալու համար։ Թերթ սովորաբար չի կարդում, հոդվածի, վերլուծության տեղն անգամ չգիտի։ Մենք ունենք հանրության մի շերտ, որ, այո, հայատառ կարդում է, բայց հայերենի տարրական իմացության առումով անգամ խնդիրներ ունի։

Կրկնենք՝ սա միայն մեր հանրության խնդիրը չէ։ Պետությունները սա լավ գիտեն, դրա համար, երբ հարկ է հանրության լայն շերտերին մատուցել մտածված, մշակված ու նպատակային տեղեկություն, դիմում են հեռուստատեսության օգնությանը։  Երբ 2002 թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը թույլ տվեց նախագահին ցանկության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրաքի դեմ, ԱՄՆ հեռուստատեսությունը, թերթերը մի իսկական մեդիաարշավ սկսեցին՝ հանրությանը բացատրելու, թե ինչ «պուպուշ է ԱՄՆ-ն» ու ինչ շնորհակալ գործ է անում աշխարհի համար, որ որոշել է աշխարհը եւս մեկ բռնապետից ազատել։ Կամ՝ այսօր նույն Ռուսաստանի օրինակը բերենք. արդեն մեկ տարի շարունակ ամբողջ օրը, ամենատարբեր հեռուստաալիքներով հաղորդումներ, վերլուծություններ են ուկրաինական թեմայով՝ ճանաչողականից սկսած մինչեւ քաղաքական։ Այս կարգի քարոզչության մասին է խոսքը, երբ պետությունը հանրությանը մատուցում է նպատակային տեղեկույթ, այն, ինչ ինքն ուզում է։

Հիմա ասում ենք՝ մեր հանրությունը չի հասկանում, որ փաստացի պատերազմի մեջ է եւ, ըստ այդմ, չի ընկալում ռիսկերը, հետեւանքները, ընդհուպ՝ նրան տեղից չի շարժում նույնիսկ մտահոգ հատվածի այն ահազանգը, որ թշնամին մեզ սպառնում է եւս մեկ ցեղասպանությամբ։ Ախր մեր հանրությունն ինչպե՞ս հասկանա իրեն սպառնացող մարտահրավերները, երբ հայկական հեռուստաալիքները երբ միացնես, «սիթքոմ» հորջորջյալ էժանագին հումորներն են, տաշին-տուշին ու սերիալնե՜րը։ Մեկ-երկու բացառություն կա։ Մեր հարգանքները, իհարկե, բայց դա ընդհանուր եղանակը չի փոխում։ Իսկ ընդհանուր հեռուստատեսային քարոզչության համաձայն՝ մենք ուրախ, զարգացող, երջանիկ երկիր ենք։

Այս համապատկերում արդեն բավական բարդ է լինում հանրությանը տեղ հասցնել եվրոպական ուղղությամբ ադրբեջանական հաջողությունների, թյուրքական կողմի՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ու հետ հարաբերություններում մանիպուլյացիաների՝ համենայնդեպս, այս պահի դրությամբ դրական ելքի պատճառներն ու մեր ձախողումների պատճառները։

Քարոզչությունը ուժ է, որից մենք չենք օգտվում, փոխարենը դատարկ տեղը լցնում են շահագրգիռ ուժերը, որոնց պետք է հենց մեր հանրության այսպիսի դիմագիծ, ով պարզապես ապրել է ուզում։ Հայրենիք, պետություն, պետականություն, անկախություն, ազգ, ազգային արժանապատվություն. երբ այս արժեքները հանրությանը պետք չեն լինում, նա, այո, կարող է հավատալ նաեւ «փոխված թուրքի» գոյությանը, թշնամու հետ խաղաղ գոյակցությանը։

Օվերտոնի պատուհանները ինչպես բացվել, այդպես էլ փակվել կարող են։ Հայաստանի Հանրապետությունը հիմա պետք է որոշի, թե ինչպես փակել դրանք՝ հանուն իր ու Արցախի ապագայի։ Հայկակա՛ն ապագայի։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։