Image

Քանի դեռ որոշում կայացնողը «հայկական կողմն» է, ոչ թե հայկական կողմը

Այս համակարգը փլուզվեց, որովհետեւ կառավարիչը գործից չէր հասկանում, այն համակարգը փլուզվեց, որովհետեւ կառավարիչը իրավիճակային խնդիրների ճիշտ լուծումը տալ չէր կարողանում, մի համակարգի ղեկավարը պարզապես իրականության հետ նույնական (ադեկվատ) չէր, մյուսի ղեկավարն էլ թքած ուներ համակարգի ու անելիքների վրա։ Եթե տարբեր համակարգերի կառավարիչները նույն՝ գործից գլուխ չհանողի կամ գործը գլուխ բերող չուզողի «շտամպով» են, ուրեմն՝ խնդիրն այլ տեղ է։ Այն է՝ իրականում ոչ թե կառավարումն է լավ կամ վատ, այլ՝ կա հստակ կառավարում, որի նպատակը քաոսն է։ Կազմակերպված քաոսը։ Որը, չկանգնեցվելու պարագայում, բերելու է պետության ու պետականության կորստի։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում այսօր դիպուկ խոսել է իրավիճակային անադեկվատությունից ու դրա հետեւանքներից․ «Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետեւանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։

Նույնիսկ իմաստը չես տեսնում հարցնելու՝ գնաճը տեսե՞լ ես, խանութ մտե՞լ ես, հասկանո՞ւմ ես, որ այսօրվա 36 հազարի գնողունակությունը կարող է ավելի քիչ լինել, քան նախորդ տարիների, ասենք, 30 հազարը։

Անիմաստ է, որովհետեւ կա շատ ավելի լուրջ խնդիր. իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ, որեւէ ռիսկի, որեւէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ։ Այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները վախենում են պատասխանել արցախցի պաշտոնյաների զանգերին, հենց այդ անադեկվատության ապացույցն է. խոսեն, որ ի՞նչ ասեն, ո´չ լիազորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու, ոչ՝ ունակություն որեւէ լուրջ, ռացիոնալ քայլի։ Ադրբեջանական պրոպագանդան քարոզում է «նոր հատուկ ռազմական օպերացիայի» անհրաժեշտությունը՝ «Ղարաբաղը մաքրելու հայկական ուժերից»։ Կա՞ բան, որ անում է պաշտոնական Երեւանը՝ սա կանխելու համար։ Կա՞ ծրագիր, կա՞ աշխատանք ռուսական կողմի հետ։

Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում։ Պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել։ Կարող են դեռ իներցիայով կառավարության կամ ԱԺ նիստեր անել, իրար ասել ՄԵԾԱՐԳՈ ու իբր հարցեր քննարկել, բայց սա ուղղակի իներցիա է, որովհետև ընթացքը տանում է պետականության փլուզմանը։

Այս ընթացքը կանգնեցնելու համար նոր լուրջ քաղաքական, հանրային ընդդիմադիր ձեւաչափեր են պետք։ Լիքը լուրջ գործիչներ, դեմքեր ունենք՝ բոլոր սերունդներից, բայց չենք կարողանում նիկոլական ինստիտուցիոնալ անլրջությանը սոլիդ այլընտրանք ստեղծել, ու մեր քաղաքական ֆորմատը մնացել է ԱԺ-ում մայկա-տռուսիկի բանավեճի փիլիսոփայական մակարդակում»։

Երբ իրավիճակային անադեկվատությունը կառավարման բոլոր ոլորտներում է, ուրեմն քաոսը հստակ կառավարվող է։ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունները դրա եւս մեկ օրինակ են․ ի՞նչ են բանակցում, կամ բանակցու՞մ են արդյոք, օրվա քաղաքականությունը վարող «հայկական կողմը» բանակցային սեղանին որեւէ հստակ հարց դնու՞մ է, հստակեցրե՞լ է այն շեմը, որից այն կողմ չի անցնի։ Կարո՞ղ ենք չէ այս հարցերը տալ եւ ենթադրել, որ «հայկական կողմը» ոչ մի կարմիր գիծ չի դրել։ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին հայտարարել ու գնալ բանակցությունների, նշանակում է կարմիր գծերը վերացրած գնալ։ 44-օրյայից հետո ՀՀ տարածք մտած թշնամու զինված ուժերին ՀՀ տարածքից դուրս չշպրտել ու բանակցությունների գնալ, նշանակում է կարմիր գծերը վերացրած գնալ։ Բանակցությունների նստել քեզ վրա ամեն օր մատ թափ տվող թշնամու հետ ու բանակցությունների գնալ երրորդ երկրում, որն անթաքույց պաշտպանում է թշնամու շահը, նշանակում է ոչ թե բանակցելու գնալ, այլ՝ թշնամու ու թշնամու շահը պաշտպանող կողմերի որոշումները լսելու։

Երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատում Վաշինգտոնում Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցություններում արձանագրված առաջընթացը, ակամա մտածում ես «հայկական կողմից» հերթական զիջման մասին, որովհետեւ այդպես մտածելու բոլոր հիմքերը կան։ Կրկնում ենք՝ թշնամու զինուժին սեփական երկրից չվռնդելով՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելը արդեն զիջման փայլուն օրինակ է։

Բլինքենը նշում է, որ «առջեւում դեռեւս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար», ՀՀ ԱԳՆ-ն ասում է՝ «նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ»:

Իրո՞ք, առաջընթա՞ց, «խաղաղության շու՞րջ»։ Վաշինգտոնում բանակցությունների մեկնարկին Արցախում չորս զոհը առաջընթաց է խաղաղությա՞ն շուրջ։ Երբ ասում ենք՝ «հայկական կողմից» հերթական զիջման հիմքերը կան, հենց այս իրավիճակը նկատի ունեինք։ Որովհետեւ իրապես բանակցող կողմը հենց 4 զոհի լուրն առնելուն պես պիտի դադարեցներ բանակցությունը։ Թշնամին սպանում է, սպառնում է, Արցախը շրջափակում է, ՀՀ-ից դուրս չի գալիս, Երեւան հասնելով է վախեցնում, «հայկական կողմն» ասում է՝ հանգիստ եղեք, միեւնույնն է՝ «գնալու ենք խաղաղության օրակարգով»։

Սա բանակցել չէ։ Սա բանակցությունների սեղանին նստած՝ որոշման սպասում է։ Իսկ որոշումը կայացնում են թշնամին ու թշնամուն աջակցողները։ Իսկ «հայկական կողմը»․․․ «հայկական կողմը» կայացնում է «աննախադեպ որոշումներ», հետո՞ ինչ, որ չենք խոսում երկրի պաշտպանության, անվտանգության հարցերի մասին, կարեւորը ռեֆորմ ենք ուզում անել, օրինակ՝ ձմերուկը եւ սեխը կտրած կամ մասերի բաժանած վաճառողները կտուգանվեն։ «Աղամանի» ռեֆորմից հետո սա մյուս աննախադեպ որոշումը կլինի։

Չի շտկվելու այս վիճակը, ամեն օր ավելի ենք մոտենալու անդունդին, քանի դեռ որոշում կայացնողը «հայկական կողմն» է, ոչ թե հայկական կողմը։ Պետք է մոտեցնենք հայ ազգի իրավունքի ժամանակը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։