Image

«Օվերտոններ» կուլ տալ ստիպող մեծաբերանների  եւ ՀԱՅԻ խնդրի մասին

«Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն, որպեսզի նվազի միջադեպերի հավանականությունը»․ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ծիծաղելիորեն դյուրահավատություն կլինի մտածել, որ տիկինը չգիտի՝ ընդհանրապես ինչ ասել է զորքերի հայելաձեւ հետքաշում եւ չի հասկանում, թե դա ինչ է ենթադրում Հայաստանի համար։ Բայց դե դեսպանին ինչ ասես, երբ «հայկական կողմն» է այդ թեզը շրջանառում («ՀՀ թերթը» բացատրել է, թե ինչու է «հայկական կողմ» ասվածը չակերտներում ներառում,-Ա․Մ․)։ Անկեղծ ասած՝ չենք էլ հիշում՝ «հայկական կողմն» այդ թեզը երբ սկսեց շրջանառել, որովհետեւ մեկը մյուսի կողմից այնքան «Օվերտոնի պատուհաններ» են բացվում, որ ժամանակագրության ժամանակ չի մնում։ Հանրության մի շերտ բերանն այնքան մեծ է բացել, որ ինչ «օվերտոն» ասես եւ՛ շրջանառում եւ՛ կուլ  տալ է ստիպում։

Այո, այն իրավիճակում, որում հիմա Հայաստանն է, «զորքերի հայելաձեւ հետքաշումը» «Օվերտոնի պատուհաններից» է։ Այնպես, ինչպես «Լեռնային Ղարաբաղում ապրող բնակիչը», «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ հակահայ այլ թեզեր։ Այս «օվերտոնների» նպատակը մեկն է, եւ օրվա իշխանական քաղաքականությունը վարող «հայկական կողմը» դա չի թաքցնում, որովհետեւ ասում է, թե՝ «խաղաղության հասնելու համար զոհողություն է պահանջվում, Արցախի ժողովուրդն այդ ճանապարհի վրա է»։ «Հայկական կողմին» թե հարցնես՝ ինչ է «Օվերտոնի պատուհանը», գուցե կարողանա մոտավոր ասել՝ խորքային ծանոթություն չունենալով, բայց լավ կարողանում է կիրառել այդ չհասկացածը, որովհետեւ հայատյաց է ամեն բջջով։ Նրա համար Արցախի բնիկ հայը «ԼՂ-ում ապրող բնակիչ է», հայկական հողերի վրա մեկ դար առաջ արհետականորեն ստեղծված Ադրբեջանը՝ «տարածքային ամբողջականության» հաստատման ենթակա։

Այս «հայկական կողմին» ինչպե՜ս բացատրես, որ Արցախը մատաղացու գառ չէ, որ զոհաբերման ես տանում, բացի դա՝ զոհաբերվողը ոչինչ չի ստանում։ Տառացիորեն՝ ոչի՛նչ։ Անհնար է բացատրել, որովհետեւ հայատյացի հետ հայկականությունից խոսելը պարզապես անհեթեթություն է։

Խոսենք «զորքերի հայելաձեւ հետքաշումից»։ Բացատրությունը մեր ընթերցողների համար է, ոչ թե «հայկական կողմի»։ Թշնամին մեր երկրի տարածքում է, մեր դիրքերից մեզ հեռացրել է, եթե հետքաշում լինի, ապա թշնամին մեր իսկ դիրքից է հետ գնալու, իսկ մենք արդեն մտնելու ենք գյուղեր։ Հետեւանքը՝ թշնամին ոչինչ չի կորցնում, մեր իսկ երկրի տարածքում մեր իսկ դիրքում մի փոքր հետ է քաշվում (եթե իհարկե)։ Վերջնահաշվարկում թշնամին դարձյալ առաջխաղացմամբ է։

Օրինակ՝ 44-օրյայից հետո մեր զորքերը Սյունիքի հատվածում հետ ենք քաշել։ Թշնամին օգտվեց մեր հիմարությունից, մեր դիրքերում դիրքավորվեց՝ ամեն հարմար առիթի մեր տարածք ավելի մխրճվելով։ Բնականաբար, ոչ «հայկական կողմը», ոչ էլ տիկին դեսպանը չեն խոսի այն մասին, որ այսպիսի հատվածներում պետք է ոչ թե հայելաձեւ հետքաշում լինի, այլ՝ թշնամին ինքը պետք է հետ քաշվի եւ միակողմանիորեն։ Քանի որ այս միակողմանիի մասին խոսք չկա, միանշանակ կարող ենք արձանագրել, որ «զորքերի հայելաձեւ հետքաշման» թեզով «հայկական կողմը» ջուր է լցնում թշնամու ջրաղացին եւ ավելի ու ավելի վտանգում հայկական պետականությունը։

Այսինքն՝ զորքերի հայելաձեւ հետքաշումը Հայաստանին նոր տարածքային կորուստներ է արժենալու։ Զորքերի հայելային հետքաշումից հետո Սյունիքի այն բնակավայրերը, որ շատ մոտ են շփման գծին, ի՞նչ վիճակում են հայտնվելու։ Ասենք՝ Շուռնուխը, որի հենց միջով է անցնում շփման գիծը։ Մեր զորքն արդեն քաշվելու տեղ չունի նույնիսկ, «հայելաձեւ հետքաշման» դեպքում որտե՞ղ է կանգնելու։ Այսինքն՝ Շուռնուխը չեզոք գոտում կհայտնվի՝ բացասական հետեւանքներով հանդերձ՝ բնակիչները կամ կփախչեն կամ կսպանվեն թշնամու ձեռքով։ Նույն օրինակը կարող ենք մեջբերել Կոռնիձորի, Ճակատենի եւ այլ գյուղերի մասով։

Անպատկերացնելի իրավիճակ է, բայց Երեւանում ապրող հանրային մի շերտի համար Կոռնիձորը, Շուռնուխը, Ճակատենը շա՜տ հեռու են, համարյա  նույնիսկ «գլոբուսից դուրս»։ Այս շերտը կուլ է տալիս «հայկական կողմի» բոլոր կեղծ խայծերը եւ ռոբոտի պես կրկնում, թե խաղաղություն է ուզում։ Բայց որ հարցնես՝ խաղաղությունն ինչ է, կամ ինչպես է պատկերացնում այդ խաղաղության գալը, երբ թշնամին ամեն օր կրակում ու սպանում է հայերին, միայն բացակա դեմք ես տեսնելու։

 Թշնամին ՀՀ-ի տարածքում է, եւ զորքերը հենց նա պետք է հետ քաշի։ Իսկ «հայելաձեւ» ասվածը հակահայկական ուժերի՝ ներքին եւ արտաքին, օրակարգն է։ «Հայելաձեւը» մեզ համար նշանակում է տարածքային կորուստներ, պաշտպանական առավել սրացված խնդիրներ, ժողովրդագրական սարսափելիորեն խոցելի վիճակ եւ այսպես շարունակաբար։ Հայի համար Հայաստանում եւ Արցախում բառացիորեն ապրել-չապրելու խնդիր է դրված։ Ապրելու լուծումը ՀԱ՛ՅԸ պետք է տա։ Բացառապես ՀԱՅԸ՝ արյամբ, ծագումով, արժեհամակարգով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։