Image

Անտոհմիկները սիրել չեն կարող

Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր։ Նրանում է, որ կան թուրքանման հայեր․․․ Նժդեհը քաջ գիտակցում էր իր պայքարի ուղու խութերը, տեսնում էր ամեն քայլափոխի, եւ՛ դրսի թշնամուն էր ճանաչում, եւ՛  ներսի։ Դրա համար էլ հստակ գիտեր՝ ո՛րն է, ի՛նչն է եւ ո՛վ է հայի խնդիրը։

Հիմա մենք, վերջին տարիներին, ամենօրյա պարբերականությամբ, տեսնում ենք այդ խնդիրը, լսում այդ խնդրի ձայնը եւ շոշափելիորեն զգում այդ խնդրի հետեւանքը։ Ամեն օր, առանց բացառության, Հայաստանում եւ Արցախում հակահայկական թեզեր են շրջանառվում։ Ու՝ «յան» ազգանունը կրող անհասկանալի ծնունդների կողմից։ Ու նաեւ այդ թեզերն իրացվում են «յան» ազգանունը կրող անհասկանալի շրջանակներում։ Անհասկանալի՝ հայի համար, միանգամայն ընդունելի՝  աշխարհի անդեմ հատվածի կողմից։ Որտեղ չկա  ծագում, տոհմ, ընտանիք, ազգ։ Կա մարմին, որ երկու հստակ օրգան ունի՝ որկոր ու հետույք։ Տձեւ աշխարհի տխեղծ թերմացքներ, որ պայքարում են այն ամենի դեմ, ինչ բնական է, ազգային է, մարդկային է ու բարոյական։

Աշխարհի ցավն աշխարհին թողնենք, տապակվենք մերով։ Ցավալի է, որ «յան» ազգանունը կրող անհեթեթություններն այսօր որոշում են Արցախի, Հայաստանի ու հայության ճակատագիրը։ «Անհեթեթություն» բառի փոխարեն կարող ենք գործածել թերմացք-ը, ընկեցիկ-ը, անտոհմիկ-ը, չ՛հայ-ը, տմարդ-ը եւ այսպես շարունակաբար։ Որ գործում է ի վնաս հայի, հայի բնօրրանի, հայի պետության ու պետականության, հայի հետագայի։ Որ ամեն օր հաճույքով բարձրաձայնում է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ դա համարում է «խաղաղություն» ու «լավատեսության գեներացում»։

Կանադայի Վանկուվեր քաղաքում ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան 30-րդ նստաշրջանում կամ ԱՄՆ-ի որեւէ քաղաքում, կամ Բելգիայի սրտում կամ որեւէ այլ տեղ․․․ «յան»-ը ի’նչ է անում։ Մեկ բան միայն՝ վստահեցնում է, որ Հայաստանն ու Ադրեջանը կճանաչեն միմյանց՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Եթե այս կարգի «յան»-երին հարցնես՝ ինչ ասել է միջազգայնորեն ճանաչված սահման, հաստատ պատասխանը չեն իմանա։ Եթե սրանց դեմը քարտեզ դնես ու տեսակը հարցնես, հաստատ չեն պատասխանի՝ վարչակա՞ն է, քաղաքակա՞ն, ֆիզիկակա՞ն, երկրաբանակա՞ն, ճանապարհայի՞ն, ջրագրակա՞ն․․․ Եթե խելքները հասնի ու քարտեզի վրա կարդան, ապա մեծ առաջընթաց կլինի։ Հիշում ենք չէ՞, որ վարչական ու պետական սահմանները նույնիսկ չէին տարբերում, եւ վարչականը պետականի տեղ անցկացնում էին ու լրիվ նորալ էին համարում GPS-ով սահմանի որոշումը։ Հասկանալի պատճառներով ժամանակ չենք վատնի եւ չենք հարցնի՝ իսկ GPS-ն ի՞նչ է, կամ՝ որ հանուն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»  այդպես պայքարում եք, գոնե դպրոցում քարտեզ բացած կա՞ք, Ադրբեջանին ո՞ր թվերի քարտեզներում եք գտել։

Երբ ասում ենք՝ հասկանալի պատճառներով ժամանակ չենք վատնի, պատճառը մեկն է․ երկիրը չսիրողներին անիմաստ է հարցնել՝ իսկ դուք ինչու՞ չեք սիրում մեր երկիրը։ Պատասխանը հայտնի է՝ որովհետեւ իրենց երկիրը չէ, իրենց հայրենիքը չէ։ Ավելին՝ իրենք երկիր, հայրենիք չունեն։ Հայրենիքը, երկիրը ամեն բջիջով են սիրում, ծագում են սիրում, շնչով են սիրում։ Հաճախ ենք գործածում՝ «գյադաների» ժամանակն է, «լակոտների» ժամանակն է։ Բայց հայերեն շատ բնութագրական բառ կա՝ անտոհմիկ։ Անտոհմիկները սիրել չեն կարող։ Անտոհմիկների կառուցվածքը ատելությունն է՝ շրջապատող ամեն ինչի ու մարդկանց հանդեպ։ Անտոհմիկների էությունը մութն է, իսկ մութը լույս չի սիրում։

Բայց հա, մութը միշտ պարտվում է լույսին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։