Երկիրը պահում են ուժերը մոբիլիզացնելով, ո՛չ վախով
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք է ամբողջ Հայաստանում՝ «ՀայաՔվե»։ Գործընթացի նպատակը հետեւյալն է․ որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։
Օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը անհանգստացել է այս գործընթացից։ Դա պատճառաբանում է այն հանագամանքով, թե իբր Ադրբեջանը լայնածավալ հարձակում կսկսի։
Սա, սակայն, պատճառաբանություն չէ, եւ բացատրությունը մեկն է։ Ադրբեջանը «ՀայաՔվե»-ից առաջ էլ սպառնում էր եւ իրագործում իր սպառնալիքները։ Ապացույցը՝ թշնամու ներկայությունը, դիրքավորումն ու ամրացումն է ՀՀ տարածքում։ Օրինակ՝ 2022թ․ սեպտեմբերի 13-ի հարձակումը լայնածավալ էր, այնքան լայնածավալ, որ մեկ օրում հայկական կողմն ավելի շատ զոհ ունեցավ, քան 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այդ օրերին «ՀայաՔվե» չկար։ Այնպես որ՝ «ՀայաՔվե»-ն պատերազմի պատճառ համարելով հանրության շրջանում վախ սերմանելու փոխարեն ճիշտ կլիներ մեկ այլ պատճառաբանություն գտնել։
«Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլո՞րն են իրատեսական,-ֆ/բ-ում դիպուկ գրառում է արել արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:- Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից եւ, տուժող ձեւանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե պահանջում է, դե կատարեք, թե չէ պատերազմ կսկսվի: Չզարմանաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջի անհապաղ, առանց դատ ու դատաստանի, իրենց սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել. ի դեպ, բարձր մակարդակով արդեն զբաղված են «հիմնավորումներով ու հաշվարկներով»: Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրեւ պատերազմի սպառնալիք: Լո՞ւրջ ...»։
Փաստորեն՝ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմի տրամաբանությամբ՝ «ՀայաՔվե»-ից առաջ պատերազմի սպառնալիք չի եղել, թշնամին ամեն օր մեզ ասել է՝ ձեր ցավը տանեմ հայեր ջան, եկեք մեղր ու կարագի մեջ միասին հաշտ ու համերաշխ ապրենք։ Նույն տրամաբանությամբ՝ «ՀայաՔվե»-ն է մեղավոր, որ թշնամին «Զանգեզուրի միջանցք» է ուզում, որ թշնամին առանց հայի Արցախ է ուզում, որ թշնամին բացահայտ հայտարարում է, թե թույլ չի տալու Հայաստանին վերականգնել քաղաքական ու ռազմական ներուժը։ Իրո՞ք այս տրամաբանության հեղինակները կարծում են, որ հիմնավորված են խոսում։
Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է «ՀայաՔվեն» անհանգստություն առաջացրել որոշ շրջանակներում։ «ՀՀ թերթ»-ի հարցադրմանն ի պատասխան Գեւորգ Դանելյանը նախ նկատեց․ ««ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հիմնականում համարժեք ընկալում ունեցավ մեր հանրության մեջ, վստահ ենք, որ շարունակությունը էլ ավելի ողջունելի կլինի։ Շնորհակալություն ինչպես մեզ վստահող համակիրներին, այնպես էլ սուր հարցադրումներով մեզ դիմողներին, այդ թվում՝ մտահոգություններով քննադատողներին։ Մենք չենք կարող մեր ժողովրդի մեջ հերթական անջրպետումները թույլ տալ, ազգային անվտանգությունը ջլատող բաժանարար գծեր քաշել եւ դժգոհել մեզ հետ անհամաձայնություն հայտնողներից։ Խորհրդանշական է, որ այս նախաձեռնության հեղինակը «Համախմբում» շարժումն է։ Մեր միակ խնդրանքն այն է, որ մեր Երկրում նույնությամբ չկրկնեն եւ չտարածվեն զուտ ադրբեջանական «մտավախությունները»»։
Գեւորգ Դանիելյանը շեշտադրեց, թե «տեսակի մեջ բացարձակ ժողովրդավարության նոր նշաձող երաշխավորող «ՀայաՔվեն» ԵԶԱԿԻ է։ Ավելին, այն եզակի է միջազգային փորձի տեսանկյունից, քանզի օրենսդրությամբ սահմանված ստորագրության այսպիսի բարձր քվոտաներ չեք հանդիպի որեւէ երկրում։ Իշխանությունները սա պետք է հստակ գիտակցեն»։
Իսկ նախաձեռնությունը կոչված է իրավական պաշտպանության տակ առնելու երկու մեծագույն արժեք՝ Արցախի անկախությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնությունը պատերազմի սպառնալիք համարելուն։ «Այն ինքնին ոչ միայն պատերազմ չի բերում, այլեւ համախմբում է ուժերին, ինչն էլ պատերազմը կանխելու միակ միջոցն է։ Թշնամուն սթափեցնում է ոչ թե ստորագրված թուղթը, այլ ազգի համախմբումը, միասնական կամքը», -եզրափակեց Գ․ Դանիելյանը։
Արցախի խորհրդարանական բոլոր ուժերը միաձայն հայտարարությամբ ողջունել են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը։ Այսինքն՝ նրանք էլ են դեմ անկախությունը կորցնելուն։ Այն անկախությունը, որ արյամբ ենք ձեռք բերել։ Վախենալ ամեն ինչից պատերազմի սպառնալիքի պատճառաբանությամբ, նշանակում է չհասկանալ, որ հենց այդ վախենալն է պատերազմ բերում։ Սեփական վախերը երկրի վրա տարածողները իրականում երկրին լավություն չեն անում, այլ ներքաշում են ավելի խորը վախերի ու կործանման դաշտ։
Սա է հենց թշնամու (ներքին թե արտաքին) ուզածը, որ հոգեբանական իր գրոհները տեղ գտնեն մեր շրջանում։ Կամ թույլ ենք տալիս, կամ պաշտպանիչ վահանը վերցնում ենք ձեռքներս։ Որովհետեւ մի բան հաստատ է՝ վախով երկիր չեն պահում։ Երկիրը պահում են մտահոգությամբ, գիշերը ցերեկ դարձրած աշխատանքով, պաշտպանության մարտահրավերները լուծելով, ծախսերի առաջնահերթությունը որոշելով, կրթական, զինական, գիտական, տնտեսական ու քաղաքական ուժերը հանուն երկրի մոբիլիզացնելով, թշնամու առաջ չստորանալով։ Ո՛չ վախով կամ վախ սերմանելով։