Իսկ մե՛նք կներե՞նք մեզ
Այդպես էլ չիմացանք՝ ներեցի՞ն արդյոք գերիները 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզչությամբ տարված գործադիրի ղեկավարին, թե ոչ։ Հունիսի 7-ին Արմավիր գյուղում նա անդրադարձել էր գերիների խնդրին՝ հայտարարելով․ «Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաեւ պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Անցավ ոչ թե մեկ-երկու ամիս, այլ երկու տարուց ավելի։ Հայ գերիներն առայսօր տառապում են Բաքվի բանտերում։ Նրանց հարցը կարծես չկա էլ «խաղաղության օրակարգ» քարոզողների համար։ Մինչդեռ այդ հարցը լուծված պետք է լիներ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, որտեղ մասնավորապես նշված է․ «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Հայրենիք վերադառնալու փոխարեն Բաքիվ բռնապետը նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտեց բանտարկության։
Բաքվի իշխանությունները վարվում են հակառակ տրամաբանությամբ․ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու փոխարեն, առայսօր նոր գերիներ ենք ունենում։ Մայիսի վերջին ՀՀ տարածք թափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից առեւանգվել են դիրքեր մթերքներ տեղափոխող երկու հայ զինծառայողներ՝ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը, որոնք մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, անգամ «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողության կատարման» մտադրության մեջ։ Նրանց արդեն իսկ ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ, հրապարակվել է նաեւ մեղադրական վճիռը։
Կրկին «խաղաղության օրակարգը» դրոշակ դարձնելով, դրա դիմաց առանց որեւէ բան ստանալու թշնամուն նվիրեցին Արցախի ականապատ դաշտերի քարտեզները։ Այսօր եւս մեկ «խաղաղության օարակարգի» փուչիկ պայթեց, երբ գործադիրի ղեկավարը Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ այդ քարտեզների փոխանցմանն ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չի արվել ադրբեջանական կողմից, այդ թվում՝ մինչեւ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին եւ նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն։ «Հայկական կողմը» առաջնորդվում է այսպես կոչված «անկեղծ» մղումներով, պատրաստ է ամեն գնով (հասկանանք ամեն գնով հայի եւ Հայաստանի հաշվին) «խաղաղություն» հաստատել, սակայն արդյունքում ավելի սանձարձակ է դառնում թշնամին։
Եվ ում հանդեպ է այսպես կոչված «անկեղծություն» ցուցաբերվում՝ բարբարոսի՞, ցեղասպանի՞, գենետիկ մակարդակով հայատյացի՞։ Որքան պետք է հայ հասարակության մի ստվար զանգված ինքնախաբեությամբ զբաղվի, որքան պետք է խուսափի պատասխանատվությունից կեղծ խաղաղության սպասելով եւ չհասկանա, չընդունի, որ իրական խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում միայն հայկական բանակը կարող է հաստատել։ Հայ զինվորը՝ ամենամարդասերը եւ խաղաղասեր։

