ԱՄՆ կառավարությունը պետք է կանգնի Արցախ ինքնորոշման իրավունքը պաշտպանած ամերիկացիների կողքին
Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ պետությունները խնդրահարույց և հիմնարար հարցերի վերաբերյալ պետք է ունենան առավելագույնը՝ միանշանակ և նվազագույնը՝ գոնե ոչ հակասական դիրքորոշումներ, որոնք կնպաստեն բանակցային գործընթացներում առաջընթացի ապահովմանը և վերջնարդյունքի ձևավորմանը: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները՝ նահանգային կամ առանձին համայնքայի ներկայացուցչական մարմինների մակարդակներում ընդունած բանձևերով ճանաչել են Արցախի ինքնորոշման իրավունքը, ներկայիս՝ արցախցիների համար բախտորոշ ժամանակահատվածում խոշոր միջնորդ, Մինսկի խմբի համանախագահ այս պետության գործողություններում գոնե հակասություններ չպետք է նշմարվեն:
ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնի բերումով նվազագույնը պարտավոր էր օրերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախցիների իրավունքին վերաբերող նրբագույն հարցի վերաբերյալ իր ներկայացրած պետության պետական քաղաքական գծին չհակասող ձևակերպումներ անել: Մինչդեռ, պատասխանելով Ադրբեջանի կազմում արցախահայության անվտանգ գոյատևման հնարավորության մասին հարցին, Քվինն ասել էր. «Հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Եվ բոլոր կողմերին քաջալերում ենք, որ միասնաբար ջանքեր գործադրել՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»։
Ամերիկյան ընտրողի կարծիքին հակասող նման դիրքրքշում հայտնելիս ԱՄՆ-ի դեսպանը, թերևս, աչքի առաջ է ունեցել ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս դիրքորոշումը նորություն չէ, Հայաստանի քաղաքական վերնախավը նախկինում էլ է արել նման հայտարարություններ, սակայն այդ արտահայտությունն ունի շատ կարևոր շարունակություն, այն է՝ Արցախը միջազգային իրավոնքի և այն ժամանակների գործող խորհրդային օրենսդրությամբ, երբեք չի եղել ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի կազմում:
Արցախը Ադրբեջանից շուտ է անկախությունը հռչակել, իսկ Ադրբեջանն էլ ԽՍՀՄ-ից անկախանալիս իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, մինչդեռ այն միակ ժամանակահատվածն էր, որի ընթացքում Արցախն ինքնավար մարզի կարգավիճակում արհեստականորեն մտցվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմ: Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների հարցը չէր կարող և չլուծվեց 44-օրյա ագրեսիակի արդյունքում, այլ ավելի խորացավ, հետևաբար՝ հիմնախնդիրը բաց է մնում, իսկ արցախցիների անվտանգության հարցն առայժմ լուծվում է Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով:
Բնական էր, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությանն առաջին արձագանքները պետք է հնչեին Արցախի հանրապետությունից: Իր անկախության համար պայքարող արցախցին ստիպված էր ԱՄՆ անկախության հռչակման օրը՝ հուլիսի 4-ին դեսպանին հիշեցնել, որ իր երկիրն այդ օրան ինքնորոշվել է Մեծ Բրիտանիայից, որի հետ էթիկ, կրոնական տարբերություն չունի, ինչպես՝ Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանի միջև է: Արցախից դեսպանին հիշեցրեցին նաև Թայվանի օրինակը, որի անկախության համար նպատակային գործողությունների է դիմում ԱՄՆ-ը, այն դեպքում երբ այնտեղ ապրում են չին ժողովուրրդներ:
Հիմնահարցի վերաբերյալ ԱՄՆ-ի՝ եթե ոչ ներկայացուցչական մարմինների դիրքորոշմանն, ապա որպես միջնորդի չեզոք կեցվածքին հակասող նման հայտարարությունը խմբագրման անհրաժեշտություն էր զգում և այն չուշացավ: Այդ հայտարարությունից երկու օր անց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, դեսպանն արդեն հայտարարեց. «Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»:
Դեսպան Քրիստինա Քվինի այս խոսքերն արդեն ոչ միայն իրականության ճշգրիտ արտացոլումն են, այլև Արցախի խնդրի կարգավորման գործընթացին նպաստող հիմնական սկզբունքի մասին բարձրաձայնում, առանց որի հիմնահարցն կարգավորում չունի: