Թշնամուն թշնամաբա՛ր են վերաբերում
Ադրբեջանական ալիքների եղանակի տեսություններում Հայաստանի Հանրապետությունը իբրեւ «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվում։ Խոսքը ամբողջ Հայաստանի Հանրապետության մասին է՝ ներառելով նաեւ Երեւանը, որ նրանք իբրեւ «Իրեվան» են նշում։
«Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը, ներառյալ՝ մայրաքաղաք Երեւանը, եղանակի տեսության ժամանակ ներկայացնում է որպես Ադրբեջան: Հարեւան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների եւս մեկ բացահայտ քարոզչություն։ Հիվանդ պատրանքները եւ թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»․ սա ՀՀ ԱԳՆ խոսնակի թվիթերյան միկրոբլոգում գրառումն է։
Համաձայն ենք՝ պետք է կտրականապես մերժվեն։ Հապա ինչու՞ չեն մերժվում։ Կամ՝ ո՞վ պետք է մերժի։ Այո՛, նախ եւ առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց․․․
Անհրաժեշտ որոշ պարզաբանումներ անենք մեր ընթերցողների համար։
1․ Երբ գողը տանդ մեջ է, բայց դու նրան սեփական ուժերով դուրս մղելու, ոստիկանություն կանչելու փոխարեն ասում ես՝ ինչ ուզում ես գողացիր, միեւնույնն է՝ ես գնալու եմ քո ձեռքը սեղմելու օրակարգով ու քեզ չեմ պատժելու, գողը հիմար կլինի, եթե չփորձի ավելին գողանալ։ Նրա բնույթն է գողությունը, նա այլ բան, քան քեզ վրա ծիծաղելը եւ տունդ հիմնովին թալանելը, չի կարող անել։
Կենցաղային այս օրինակի ծավալները մեծացնենք եւ բերենք երկրի ծավալներին։ Եթե դու երկրիդ մի հատվածը հանձնում ես թշնամուն՝ մյուս հատվածը պահելու կեղծ ու վտանգավոր իբր հիմնավորմամբ, ապա կամաց-կամաց կամ միանգամից կորցնում ես երկու հատվածն էլ։ Եթե «հայկական կողմը» Ացախը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մաս, որ իբր թե Հայաստանի Հանրապետությունը փրկի, ապա մոտեցնում է թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության կործանումը։
2․ Թշնամու քայլերը ոչ թե մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների քարոզչություն են, այլ՝ այդ հավակնությունների իրացում։ Թշնամին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում դիրքավորվում է, թշնամին ՀՀ տարածքում է 44-օրյայից հետո։ Եվ դեռ հետ չի շպրտվել։ Սա հավակնության քարոզչություն չէ, նրա ախորժակը ուտելիս բացվել է։ Եթե մեր իսկ երկրում դիրքավորվում ու առաջ է գալիս, նաեւ՝ անպատիժ մնում, ապա ինչու չպետք է մտածի է՛լ ավելի առաջ գալու մասին։ Եթե «հայկական կողմը» թշնամուն այնքան է գերագնահատում, որ վախենում է սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար թշնամու մռթին գալ, ապա թշնամին ինքն իրեն այնքան չի թերագնահատի, որ չօգտվի ստեղծված իրավիճակից։
3․ Թշնամին իր պատրանքները իրողության վերածելու հնարավորություն է ստացել։ Եթե ուզում ենք նախ՝ ինքներս մեզ եւ հետո՝ աշխարհին ցույց տալ, որ թշնամու պատրանքները հիվանդագին են, ուրեմն մեր երկիր մտած թշնամուն պետք է թշնամաբար վերաբերենք, ոչ թե կոչերով։ Միջազգային ինչ-որ «զրթիկների» հղում անելու կարիքն էլ չկա, որովհետեւ միջազգային կոչված ոչ մի նորմ , ընդգծում ենք, ո՛չ մի, չի արգելում սեփական երկրի պաշտպանությունը։ Իսկ ի՜նչ ենք անում մենք․․․ Եթե թշնամաբար չենք վերաբերում, ուրեմն՝ թշնամուն հնարավորություն ենք տալիս պատրանքն իրականության վերածելու։
«Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք եւ ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի եւ ոչ աննշան հարցերում: Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի եւ առողջ դատողության»: Եթե Չերչիլի հաջողության գրավականը նրա այս հիմնային սկզբունքը համարենք, ապա այս սկզբունքի վերաձեւումը մեր օրերում ցույց կտա մեր անհաջողությունների պատճառը։ Որովհետեւ երկրի համար չկա մեծ ու փոքր զիջում, ամեն զիջում պարտություն է։ «Հայկական կողմը» զիջեց բոլոր հարցերում․ այս լիճը պետք չէ, որովհետեւ հեռու է, այն սարը պետք չէ, որովհետեւ միշտ ձյունապատ է, այս քաղաքը դժգույն է, մյուսի գույներն էլ այնքան պայծառ են, որ աչք են ցավեցնում․․․ «Հայկական կողմը» զիջեց պատիվը՝ դրանով թշնամու պատրանքները իրողության վերածելով։
Հիմա զարմանում, զայրանում կամ չգիտեմ՝ իրականում ինչ ենք անում, թե բա՝ վայ «Իրեվան» են ասում։ Մինչդեռ վայի փոխարեն պիտի բռունցք խփվեր սեղանին՝ որոշում կայացնելիս եւ թշնամու գանգատուփին՝ երկրից դուրս վռնդելիս․․․ Դեռ կարող ենք հասցնել․․․