Արցախը մի օր կհաղթի կեղտոտ խաղերի արհեստավորներին
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրառում էր արել՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառելով ադրբեջանական Խանքենդի տեղանունը:
Նախկինում երբ արտերկրի որեւէ պաշտոնյա Հայաստանի ու Արցախի մասին հայտարարություն էր անում կամ սոցմեդիայում որեւէ գրառում, հաճախ էինք ուսումնասիրում նրա կենսագրությունը՝ հատկապես ազգությունը, կրթությունը, կյանքի ճանապարհը։ Նախ եւ առաջ՝ ազգությունը, որովհետեւ միշտ այնպես էր լինում (զուգադիպություններն այդչափ շատ չեն լինում), որ ազգություն չունեցող պաշտոնյաները չէին հասկանում (իրականում կամ չակերտավոր) հայի ազգային խնդիրը։ Ամերիկացին (ԱՄՆ) կամ իսպանացին խորքային չեն ընկալի հային, նրա էությունը, առաքելությունը, հայրենիքին տեր լինելու նվիրական ցանկությունը։
Անշուշտ, չի բացառվում, որ ազգություն չունեցողը հասկանա ազգային խնդիրը, բայց դրա համար այդ ազգություն չունեցող ամերկացի, եվրոպացի, ռուսաստանցի գործիչը պետք է լինի ազնիվ ճշմարիտ գիտելիքի ու խղճի առաջ։
«Ճշմարիտ գիտելիք» ասելով նկատի ունենք պատմությունը, իրականությունը չխեղաթյուրող գիտելիքը։ Այլապես ադրբեջանական Ալիեւն էլ է բարձրագույն կրթություն ստացել, ընդ որում՝ պատմությանը քաջատեղյակ է՝ եւ՛ հայերի եւ՛ իր այսպես կոչված ադրբեջանցի ժողովված հանրույթի։ Բայց ամեն օր տենում ենք դրա ստացած գիտելիքի այլափոխման-այլասերման հետեւանքները․․․
Գանք Տոյվո Կլաարի «Խանքենդիի» գիտելիքին։ Նրա կրթությունը հաստատ թույլ է տալիս, որ նա հստակ իմանա Արցախի հայապատկանությունը։ Բայց նա պետք է բավականաչափ բարոյականություն եւ ուժ ունենա ճշմարտությունը բարձրաձայնելու։ Եթե նրա համար հայկական Արցախի մայրաքաղաքը Խանքենդի է, ապա Կլաարի անվան կողքին պետք չէ դնել բարոյականություն, ճշմարտություն, արդարություն, ուժ բառերը։ Նա պարզապես գործիչ է, ում համար կեղտոտ խաղերի արհեստում կարեւորը գործատուի պահանջն է։
Արցախի հայապատկանությունը փաստող բազմաթիվ տվյալներ կան՝ հազարամյակների։ Հազարամյակների տվյալների առջեւ դրված են 100-ամյա ադրբեջանական կեղծ ու սարքովի տվյալները։ Բոլոր այն գործիչները, որոնք «հավատում» են ադրբեջանական կեղծիքին ու հնարովիին, ոչ այլ ինչ են, քան թուրքական ազդեցության գործակալներ։
Հիմա այս ազդեցության գործակալը երեկ շատ էր ուրախացել, որ առավոտյան կարդացել էր, որ «դեպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնվել է»։ Հետո էլ տխրել էր, որ անջատվել է, ու «Խանքենդի/Ստեփանակերտը» դարձրել էր «Ստեփանակերտ/Խանքենդի»։ Կարող էինք, իհարկե, նրան տեղ հասցել մեր կարծիքը իր՝ դիրքորոշման հերոսականության մասին, բայց մտածեցինք՝ սարկազմը չի «հասկանա», հետո պիտի ստիպված լինենք դա էլ բացատրելու։
Եվրոպայում կարելի է գտնել այլ տեսակետ ունեցող պաշտոնյաների։ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել էր Տոյվո Կլաարի գրառմանը․ «Դուք համոզվա՞ծ եք Տոյվո Կլաար: Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է եւ դեռ շարունակվում է: «Ուրա՞խ եք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մեջ է: Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը եւ օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ: Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործեք, ոչ թե լուրեր կարդաք եւ աջակցեք շրջափակման մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ոչ թե հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:
Դե, Կլաարը կարդացել էր, «Խանքենդիի» տեղը փոխել էր, Ստեփանակերտը բերել առաջ։ Բայց երկուսի մտքով էլ չէր անցել, թե՝ իսկ ինչու՜ ընդհանրապես պետք է գործածվի «Խանքենդին»։ Կարող ենք, իհարկե, ամերիկացի, եվրոպացի, ռուսաստանցի ու չգիտեմ էլ ինչացի գործիչներին մեղադրել պատմությունն ու իրականությունը աղավաղելու, ազդեցության գործակալներ լինելու, «ժողովրդավարության» դրոշակը բռնելով՝ բռնակալ թշնամիներին աջակցելու մեջ։ Թեեւ մեր մեղադրանքներն իրավացի են, բայց կա դրա դաժան պատասխանը․ Հայաստանի Հանրապետության իշխանությունն ինքն է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս։ Դե արի ու աշխարհին բացատրիր, որ այս «հայկական կողմի» դիրքորոշումը բնավ չի համընկնում հայ ազգի (ազգի՛) ցանկության հետ։ Իսկ բացատրության մեկ ձեւ կա՝ հայ ազգի կամքը ցույց տալը։