Image

Թյուրքական երազանքը սպասարկելու տարբերակը պարտավո՛ր ենք բացառել

Աշխարհը մի լեզու գիտի։ Եվ դա ուժի լեզուն է։ Իրավունք, պատմական իրավունք, պատմական արդարություն, օրենք եւ բարոյականություն, ճիշտ ու ճշմարտություն, բնօրրան, հայրենիք, ազգ հասկացություններն աշխարհի համար գոյություն չունեն։  Այս աշխարհի համար կա մեկ հստակ խոսույթ՝ ուժ-իրավունքի շրջանակում։ Եթե ունես ուժ, ապա իրավունքն էլ, ճշմարտությունն էլ, օրենքն էլ քո կողմն են։ Եթե ուժ չունես, ոչինչ չունես, եթե նույնիսկ ճիշտ ես իրավունքի ու օրենքի տեսանկյունից։ Իսկ ճշմարտությունն էլ, Օտյանի ասած, միշտ բռնաբարվում է, որովհետեւ մերկ է եւ գեղեցիկ։

Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են։ Սա հայապատկան Արցախի՝ Սահմանադրությամբ սահմանված պետության անվանումն է։ Որպեսզի պահպանվի ու պաշտպանվի այս անվանումը, մեր ամուսինները, որդիները, եղբայրերը, քույրերը երեք պատերազմներ են տեսել վերջին երեք տասնամյակում (Արցախյան առաջին ազատամարտ, Ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմ)։ Որպեսզի պահպանվի ու պաշտպանվի այս անվանումը, Արցախի մեր 120 հազար հայրենակիցներ այսօր տոտալ շրջափակման մեջ են։ Որպեսզի պահպանվի ու պաշտպանվի այս անվանումը, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները սնունդ չունեն, մինչդեռ Հայաստանում Հանրապետությունում ախորժակի պակաս չկա։ Արցախի Հանրապետությունում էլեկտրաէներգիա, գազ, տրանսպորտ չկա, Հայաստանի Հանրապետությունը այնպես է պատրաստվում ամառային հանգստի, որ անձնագրային բաժանմունքները հերթերից աչք չեն բացում։  Արցախի Հանրապետությունը պայքարում է ամենժամյա զրկանքների գնով, Հայաստանի Հանրապետությունը կողքից նայում է մեր հայրենիքի այս հատվածին։ Այնպես, ինչպես դիտորդներն են նայում՝ հեռադիտակով։

Արցախի Հանրապետությունը գոյաբանական խնդիր է լուծում՝ պայքարելով նաեւ հոգեբանական ահաբեկչության դեմ։ Ցավալի է, որ այդ ահաբեկչությունը գալիս է նաեւ Հայաստանի Հանրապետությունից։ Օրվա իշխանական քաղաքականությունը վարողների՝ Արցախն Ադրեջանի մաս ճանաչելու քաղաքականությանը զուգահեռ ՀՀ հանրային հեռուստաընկերությունը, որ ապրում է բոլորիս հարկերով, չի կիրառում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  անվանումները։ Արցախ էլ չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Իսկ սա ադրբեջանական խոսույթ է։ Այս խոսույթին է դիմում նաեւ ՀՀ հանրային հեռուստաընկերությանը թղթակցող եւ ԱրցախԹՎ-ում աշխատող լրագրողը։

«Մեր» որոշ «լրագրողներ» «մոռանում» են, որ լրագրողն առանց ազգության չի լինում, վախկոտ լրագրող չի լինում, սուտ ու կեղծիք տարածող լրագրող չի լինում, առավելեւս՝ լրագրողն անգրագետ լինելու իրավունք չունի։ Արցախի Հարապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումների փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասող «հայ» լրագրողները ադրբեջանական խոսափողներ են։ Էժանագին խոսափողներ։

Այս ամենի դեմն առնելու մի ձեւ կա՝ մեր կամքի եւ արժանապատվության կիրառումը։ Իսկ մեր ուժը նաեւ արդարացի է, քանզի մենք մե՛ր հողերի համար ենք պայքարում։

Եվ այդ պայքարը երեք տասնամյակ արդյունք տվեց։ Մեկ փաստ հիշեցնենք հենց թշնամի Ադրբեջանի նախագահի խոսքերով։ 2016 թվական, հոկտեմբեր։ Ալիեւը նախարարների կաբինետի ընդլայնված նիստ է անցկացնում, որ այդ տարվա Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման 9 ամիսների ամփոփման նպատակով էր։ Եվ ինչ է ասում այս նիստի ժամանակ․ «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը »։ 

Նույն աշխարհն է չէ՞, չի փոխվել։ Այն ժամանակ մեր կողքին էր, որովհետեւ մենք տեր էինք մեր երկրին։ Աշխարհն այսօր էլ հիմար չէ եւ ոչ էլ մոռացկոտ, լավ էլ գիտի, որ Արցախը հայապատկան է, բայց այսօր այլ դիրքորոշում ունի, որովհետեւ մենք մեր երկրի տերը չենք։ Աշխարհը սիրում  է ուժեղներին։ Իսկ այսօր մենք կրկնակի թույլ ենք նաեւ, որովհետեւ Արցախին տեր չենք կանգնում՝ դրանով տեր չկանգնելով մեր պատմական արդարության եւ իրավունքի ուժին։

«Հայկական կողմը» զիջում է Արցախը՝ փոխարենը մուրալով խաղաղություն։ Խաղաղություն չենք ստանալու, որովհետեւ մուրացողին լավագույն դեպքում տալիս են մանրադրամ եւ ստորացում։ Իսկ Արցախի Հանրապետությունը կորցնելով՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Հայությունը կորցնելու է իր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից մնացած այս փոքրիկ հատվածը (ԱՀ եւ ՀՀ)։ Իսկ առանց Արցախի եւ Հայաստանի, հայությունն ինքն էլ կորչելու է։ Բայց կարող ենք շտկել իրավիճակը։ Լուծումների մասին բազմիցս է խոսվել։ Ընտրությունը մեկն է՝ կամ ոտքի ենք կանգնում կամ սպասարկում թյուրքական երազանքը։ Եթե երկրորդը բացառենք, առաջին տարբերակն ավելի հեշտ ենք իրագործելու։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։