Հռոմի պապից ավելի կաթոլիկ
Հայրենասիրությունը լավ բան է, հրաշալի բան է, երբ սերը անվերապահորեն դրսեւորվում է բառի առաջին արմատի` Հայրենիքի նկատմամբ:
Երբ մարդ, հանգամանքների բերումով, թե իր կամքով կամ իր ծնողների ու պապերի անայլընտրանք կատարած ընտրության արդյունքում ծնվել կամ հայտնվել է իրական Հայրենիքից հեռու ինչ-որ Թաբուլիստանում, ու ցանկանում, չէ` իրեն կոտորում է տեղական հայրենասեր երեւալու համար, նա ուզի-չուզի ունենում է անձի երկվություն:
Մարդու մեջ կան գենետիկ կոդեր, որոնք ոչ մի ջնջոցով, ոչ մի թմրաբութով ու քարոզչազտիչով չեն ջնջվում…
Մյուս կեղծ (պսեվդո) կոդերը արհեստականորեն փոխակերպվում են թաբուլակոդերով, որովհետեւ թաբուլափլավներն ավելի առատ են, թաբուլահալվան քաղցր է, թաբուլափողերը հեշտ են աշխատվում…
Սակայն ո՞րն է հայրենասիրությունը. երբ մենք մեր Հայրենիքում մեր ազգի միասնականության մաս ենք կազմում ու վստահում միմյանց:
Այս եռամիասնության ամբողջության մեջ է, որ մենք մեր Հայրենակիցների, ազգակիցների հետ զգում ենք մեկ միասնական ընտանիքի հարազատություն, որը մեզ լիակատար վստահություն է ներշնչում մեր Հայրենանվեր մտքերում ու գործողություններում:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ձեւավորում եւ ներառում է տվյալ ազգին պատկանող անհատի (ո’չ անձի) Հայրենակենտրոն աշխարհայացքը, խարիզման, բնավորությունը, կեցվածքը, խառնվածքը, վեցերորդ եւ հաջորդ բոլոր զգայարանները…
Եթե դու Թորգոմազգի ես, բայց բնակվում ես Թաբուլիստանում, այստեղ ընդհանրությունը միայն առաջին «Թ» տառն է:
Բայց երբ թորգոմազգին ցանկանում է քաղաքական մեծ խաղերի մեջ մտնել, մեծ բիզնես շահեր հետապնդել, գիտության կամ այլ ոլորտում աշխատանքային մեծ առաջխաղացում (կարերիա) ունենալ, ապա սկսում է բոլոր թաբուլալիքներով, թաբուլերենով մի էնպիսի գովք անել Թաբուլիստանի բոլոր գործող իշխանություններին, որ թաբուլազգիները ափիբերան ապշած են մնում, որ իրենցից շատերը չեն տեսնում իրենց եւ’ երկրի եւ’ իշխանությունների դրական կողմերի այն ներկապնակը, որը ներկայացնում են թաբուլահպատակ թորգոմազգիները: Սրանք իրենց ներկայացնում են ավելի թաբուլազգի, թաբուլասեր, թաբուլապաշտ, քան իրենք` թաբուլազգիները:
Իհարկե, եւ’ Թորգոմստանում եւ’ Թաբուլիստանում այս անձինք (ո’չ անհատները) հայտնվում են ծիծաղելի վիճակում: Բայց որքան ծիծաղելի վիճակում են հայտնվում, այնքան շատ ավելի ճիգեր են գործադրում անձի երկվության նժարը թեքելու դեպի թաբուլապաշտություն, թաբուլամշակույթ, թաբուլերենի գերազանց իմացություն…
Շատ են «Թաբուլիստանները». Մեկը` հյուսիսում, մեկը` օվկիանոսից այն կողմ, մի քանիսը` Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում, բայց թաբուլեի բաղադրատոմսը մեկն է` հիմնականում բանջարեղեն ու ձավարեղեն:
Շատերն են հանգամանքների բերումով ապրում, ավելի շուտ, բնակվում Հայրենիքից դուրս, բայց բոլորը չեն անձը երկատում, դիմագիծը կորցնում, հավատքը խաթարում, ազգը ուրանում…
Սակայն այն քիչը, որ իրեն կոտորելով ցանկանում է Պուտինից ավելի ռուս երեւալ, Բայդենից ավելի ամերիկապաշտ, Մակրոնից ավելի ֆրանկ, Նաթանյահուից ավելի մասոն… ավելի երեւացող են, որովհետեւ «թաբուլիստանների» ղեկավարները սիրում են իրենց քծնողներին դրոշակ սարքել, երեւացնել, տպավորություն ստեղծել, թե այդ մի քանի թորգոմերենը մոռացած, սակայն թաբուլերենը չսովորածները ներկայացնում են ողջ ազգի կարծիքն ու տեսակետը… Իսկ երբ այդ դրոշակները մաշվում են, նրանցից թուղթ են ձուլում, շատ բարակ ու փափուկ թուղթ…
Իսկ ամենացավալին ու վտանգավորն այն է, որ թաբուլիստանցի ձեւացողներ կան (եւ ո’չ քիչ, ո’չ պակաս դիրքեր զբաղեցրած ու զբաղեցնող) նաեւ Թորգոմա Տանը:
Արթուր Սեւաչերյան