Ջարդե՛նք այն պատուհանները, որից միայն մութ է ներթափանցում
Խնդիրները լուծելու համար պետք է խնդիրները ճի՛շտ ձեւակերպել, խնդրի ճի՛շտ բնորոշումը տալ, խնդրի առաջացման իրակա՛ն պատճառը նշել՝ անու՛ն-երեւույթո՛վ։ Իրականությունը կիսատ ներկայացնելը քաղաքականություն չէ՛, սխա՛լ ճանապարհ է, որի պատճառով խնդիրն այդպես էլ չի լուծվելու, եթե անգամ այդ լուծումը դիմացներս դրված է։
Օրինակ՝ երբ ասում ենք, թե հայապատկան Արցախը կանգնած է հայաթափման ու ցեղասպանության վտանգի առջեւ, ճիշտ ենք ասում, բայց դա կես իրականությունն է, կես ճշմարտությունը։ Մինչդեռ լրիվ ճշմարտությունն ու ամբողջական իրականությունն այն է, որ Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունն են կանգնած հայաթափման, հայրենազրկման, ցեղասպանության, պետականության կորստի շեմին։
Հաճախ եմ զրույցի բռնվում փողոցում, բակում, հարեւանների, բարեկամների, ընկերների շրջապատում։ Երբեմն՝ նույնիսկ ժամերով։ Դիտմամբ, իբրեւ այս կամ այն խնդրից անտեղյակ, հարցեր «գցում», բնական կամ անբնական հիանում, զայրանում, զարմանում։ Այս ձեւաչափով դիտարկումը յուօրինակ սոցհարցման պատկեր է հաճախ տալիս։
Խնդրո առարկայի հետ կապված․ պատկերը հուշում է, որ կես իրականությունը, թե իբր միայն արցախցիներին է սպառնում ցեղասպանությունն ու հայրենազրկումը, հայաստանցիներին զրկում է (գիտակից ու իրականությունը ճիշտ ընկալող հատված կա անշուշտ) ամբողջական ճշմարտությունն իմանալու իրավունքից։
Այն է՝ Հայաստանն ինքն էլ ցեղասպանվելու եւ հայրենազրկվելու է։
Տարիներ առաջ մի հոդվածում այսպիսի միտք էի արտահայտել, թե Հայաստանը պիտի խորքային գիտակցի, որ միայն ինքը չէ Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախն էլ իր հերթին Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Այն ժամանակ ընթերցողներիս շրջանակը դա մի քիչ իբրեւ պաթետիկ ընկալեց, գերզգացական խոսք։ Ինչ որ առումով հասկանալի էր՝ Արցախն ու Հայաստանը խաղաղ էին ապրում այդ տարիներին, եւ գլուխներս բարձին դնելիս չէինք մտածում, թե տեսնես գիշերը կամ լուսաբացին թշնամին որ ուղղությամբ կկրակի։ Արցախի՝ Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելու մասին գրածս հիշեցի, երբ 44-օրյայի ընթացքում ՀՀ ՊՆ-ն ցույց տվեց քարտեզը, ըստ որի Արցախի հարավն անցել էր թշնամու վերահսկողության տակ․․․
Հիմա փաստենք՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզը Հայաստանում բացված՝ Օվերտոնի ամենակեղտոտ պատուհաններից է, որ լուսամուտ չէ, որ ըստ օրվա ժամերի լույսի մուտք թույլ տա։ Այս պատուհանը մի մուտք ունի՝ մթության։ Այս պատուհանը մի նպատակ ունի՝ կեղտի, նենգության, դավադրության։ Այն ամենի հանդեպ, ինչ հայկական է։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» արտահայտությանը «հավատացողները» կամ հակահայեր, հայատյացներ են, կամ՝ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցողներ, որոնք սատանային կարող են լուսապսակով տեսնել։
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» արտահայտությունը պետք է ճիշտ կարդալ՝ Արցախը տանք, Հայաստանը տանք, հայության վերջը տանք։
Հարցը՝ կարո՞ղ ենք տալ այս ազգակործան իրավիճակի վերջը։ Անշուշտ։ Դրա համար պետք է անենք երկու քայլ․ 1․ հասկանանք, որ Արցախը նույն Հայաստանն է, եւ Հայաստանը նույն Արցախը, եւ առանց մեկը մյուսի չեն կարող, առանց մեկը մյուսի երկուսն էլ կկործանվեն, 2․ կործանումը թույլ չտալու համար պետք է ջարդել վերոնշյալ կեղտոտ պատուհանը։
Մեզ պատուհաններ պետք չեն, քանզի պատից հանված ամեն հատվածից չէ, որ լույս է գալիս։ Մեզ լուսամուտներ են պետք, որոնցից, այո, միշտ լույս է թափանցում։