Բրյուսելյան բանակցություններ՝ հետընթաց արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերում
Բրյուսելյան հանդիպումները եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի, թեկուզ չնչին, առաջընթացներ են ապահովում, ապա արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերում միանշանակ միայն հետընթացներ են գրանցվում: Վերջին հանդիպման վերաբերյալ ներկայացված հրապարակային խոսքերը և հաղորդագրությունները միանշանակ դրա մասին են փաստում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ եռակողմ հանդիպման արդյունքներով տված ասուլիսի ժամանակ հնչեցվեց երկու հայտարարություն, որոնք ուղղակի հարվածում են Արցախի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը:
«Լաչինի միջանցքում իրավիճակը կայուն չէ, և դա ոչ մեկի շահերից չի բխում։ Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»,-ասել է Միշելը։ Այս հայտարարությունն ուղիղ հարված է արցախցիների անվտանգության իրավունքի իրականացմանը: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բազմաթիվ ռազմական դրվագներում արցախցիներին սպանելով՝ փաստել է, որ չի հարժարվում իր ցեղասպան քաղաքականությունից: Այս իրականության պայմաններում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ինչպես է պատկերացնում հումանիտար կապի բացում Ակնայի ուղղությամբ դեպի Ադրբեջան: Այն կլինի ցեղասպանվելու ուղիղ ճանապարհ:
Ալիևը իրավիճակը հասցնում է աբսուրդի աստիճանի: Ի՞նչ է նշանակում Արցախը լիակատար բլակադայի ենթարկել, այնտեղ ստեղծել հումանիտար աղետ, այնուհետև պատրաստակամություն հայտնել հումանիտար ճանապարհ բացել դեպի Ադրբեջան: Իրականությունից կտրված , ավելին՝ վերջինիս հակադրվող նման առաջարկներով Ադրբեջանը ծաղրում է ողջ միջազգային հանրությանը: Արցախի և Ադրբեջանի շփման գծում կանգնած են երկրների զինված ստորաբաժանումները, որոնց միջև բացառապես ադրբեջանական կողմից սադրած բազմաթիվ ռազմական բախումներ են տեղի ունեցել տասնյակների հասնող զոհերով: Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է դաշտերում հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ, և այդ ամենի ֆոնին խոսել դեպի Ադրբեջան հումանիտար միջացքի մասին՝ առնվազը վիրավորական է արցախահայության համար: Արցախում սկսված աղետը կանխելու համար անհրաժեշտ է բացել Լաչինի միջանցը, ինչը ամրագրված է տարածաշրջանում հրադադար ապահոված միակ փաստաթղթում:
Շառլ Միշելի արտահայտած մյուս միտքն ուղղակի հարված էր Արցախի ժողվորդի իրավունքներին: Եվրոպացի պաշտոնյան ասել է. «Ես ընդգծել եմ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը Բաքվի և ԼՂ նախկին ինքնավար մարզի ներկայացուցիչների միջև»։
ԼՂԻՄ-ը հանրաքվեով հռաչակել է իր անկախությունը՝ դրանով ընդգծելով, որ ինքնավար մարզի կարգավիճակում անգամ չի ցանկանում մնալ Ադրբեջանի կազմում, քանի որ բոլշևիկյան իշխանությունը բռնի է իրենց կցել արհեստածին Ադրբեջանին, որտեղ տասնամյակներ շարունակ էթնիկ զտման և կոտորածների է ենթարկվել, իսկ Շառլ Միշելն օգտագործում է ԼՂ նախկին ինքնավար մարզ արտահայտությունը: Օրինաչափ հարց է ծագում, որ 30 տարվա բանակցություններում եթե անգամ մեկնակետային համարվող ԼՂԻՄ-ն է դիտարկվում գոյություն չունեցող, ապա էլ ինչի մասին պետք է ուղիղ երկխոսի արցախցին ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Արցախահայության առաջնային իրավունքը ինքնորոշման իրացումն է, սակայն հնարավոր է, որ բանակցությունների սեղանին քննարկման համար ինքնորոշումից բացի դրվի նաև մարզային ավելի բարձր մակարդակի կարգավիճակի հարցը, բայց այսօր եվրոպացի պաշտոնյան կրկնում է Ալիևեի հայտարարությունը, թե Արցախին ոչ մի կարգավիճակում չի ուզում տեսնել Ադրբեջանի կազմում:
Հետևաբար բրյուսելյան բանակցությունները հետընթաց էին արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերում: Օրինաչափ էր որ դրանից հետո արցախից հնչեցին արձագանքներ, որ իրենց իրավունքները չեն հարգվում, որ կգրադասեն զոհվել, քան Ադրբեջանի կազմում ստորաքարշ ապրել: Այդ մասին բարձրաձայնեցին ինչպես արցախում բլոկադայի մեջ հայտնված տասնյակ հազարավորների մասնակցությամբ ակցիայի ժամանակ, այնպես էլ հայրենիք վերադառնալ չկարողացող Արցախցիները՝ Հայաստանում տեղակայված միջազգային կառույցների և միջնորդ պետությունների ներկայացուցչությունների առաջ կազմակերպած ակցիաների ժամանակ: