Ժիլետի թեւի չափորոշիչները…
Հորս ծնունդով, մորս կնունքով…
Չէ՛, ուրիշ բան պետք է գրեի: Չնայած` թեման նույնն է:
Ժիլետի թեւի չափորոշիչներն են.
ա) ժիլետը պետք է թեւ չունենա,
բ) ժիլետի չեղած թեւը պետք է լինի յուրային,
գ) ցանկացած պաշտոնի կարող է նշանակվել բացառապես մե՛ր ժիլետի թեւը կամ` ժիլետի մե՛ր թեւը,
դ) այնուամենայնիվ, եթե անգամ այս բարձր չափորոշիչներով այն չի համապատասխանում այս կամ այն պաշտոնի համար սահմանված չափորոշիչներին, ապա վերջին անէական չափորոշիչներն իջեցնել մինչեւ ժիլետի թեւի համար սահմանված բարձր չափորոշիչները:
Յուրային ժիլետի թեւի կամ ժիլետի յուրային թեւի չափորոշիչին համապատասխանող յուրայինները կարող են աշխատել.
_ գիտահետազատական – միտահետազոտական ինչ-որ ինստիտուտի տնօրեն (գիտական կոչումը պարտադիր չէ եւ կարեւոր էլ չէ): Սույն տնօրենը պարտավոր է առաջիկա մեկ տարվա ընթացքում հաշվառել գիտահետազոտական ինստիտուտի միտահետազոտական արժեքները, գնահատել դրանք եւ մեկ տարի հետո հանել վաճառքի (ցանկալի է աճուրդով): Կամ` վաճառել ազգային արժեքների հսկա գանձարանի տնօրինման, արխիվացման, պահպանման եւ այլ հեղինակային իրավունքները ( նման մի փորձ արվեց տարիներ առաջ, այլ ժիլետաթեւային ուժերի կողմից: Այն ժամանակ այդ իրավունքները քիչ էր մնում վաճառեին հրեական ինչ որ գրադարանի: Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ եւ կանխվեց պիղծ գործարքը: Այն գործարքին նպաստող ժիլետի թեւերն այսօր ճախրում են Երուսաղեմում (էնտեղ էլ հարամվեց)):
Այժմ շատ ավելի հեշտ ու ծածուկ կարող են անել նման գործարքները: Այսօր ապարատը լցված է «ով ժիլետ, մենք` թեւ» կարգախոսակիրներով:
- լրատվական դաշտի «կուրատոր» կամ «բրոկեր», որի համար ո՛չ միայն մասնագիտական կրթության անհրաժեշտություն չկա, այլեւ ընդհանրապես բարձրագույն կրթություն պետք չէ: Բավարար է լինել ժիլետուհու մտերմուհու ընկերուհի…
- պետակա՛ն արխիվի տնօրեն – այստեղ թեւածելու համար հարկավոր է լինել … յուրային տնտեսագետ, հաշվապահ եւ աշխատած լինել դատական համակարգում եւ ռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակում… ( ռողջ լինեք): Տառասխալը վերցված է պաշտոնական կայքում դրված պաշտոնական կենսագրականից: Մարդն իր կենսագրությունը չի կարդում, ուր մնաց արխիվները պրպտի: Ա՛յ, եթե ասեն` հաշվի քանի « անպետք» փաստաթուղթ կա արխիվում, որի վերացման դեպքում կկորչեն ազգային զինանշանի հիմքերը, ազգային բոլոր արժեքների անհրաժեշտությունը… հինգ րոպե հետո կզեկուցի, որ այդպիսիք այլեւս չկան, չորս րոպե առաջվանից այլեւս չկան:
- կարող ես աշխատել ցանկացած թանգարանի տնօրեն, որտեղ շուտով անթեւներն էլ թեւաթափ կարվեն, որովհետեւ կփակվեն բոլոր թանգարանները եւ բոլոր այն հիմքերի լուռ վկաները, որոնք կվերացվեն պետական արխիվից, կհանվեն աճուրդի: Բա որքան տարածքներ կազատվեն քաղաքի կենտրոնում:
Մի խոսքով Հայաստանում կարող է գործել մեկ նախարարություն` պետական աճուրդների նախարարությունը, ուր աճուրդի կհանվեն բոլոր նյութական եւ ոչ նյութական ազգային արժեքները…
Սա են հուշում ժիլետի թեւի չափորոշիչները:
ԱՐԹՈՒՐ ՍԵՒԱՉԵՐՅԱՆ