Image

Ինչ անել, երբ աշխարհն օրինականացնում է թուրքական ահաբեկչությունը

Արցախին վերաբերող ցանկացած հարցի պետք է վերաբերել չափազանց նրբանկատորեն, ամեն բառ ու արտահայտություն ընտրելիս՝ զգուշորեն, որովհետեւ թշնամին աչալուրջ է  տեղեկատվական-քարոզչական պատերազմի հարթակում նաեւ։ Առավելեւս՝ Հայաստանի Հանրապետությունում ապրողները պետք է զգոն լինեն Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցներին հեռահար խորհուրդներ տալուց։ Ես մայր եմ, ում երեխան այսօր հաց ունի, այդ ի՜նչ խորհուրդ պետք է տամ արցախցի մորը։

Արցախը խորհրդի կարիք չունի։ Արցախն աջակցության կարիք ունի։ Մեր բնօրրանից մեզ մնացած այս փոքրիկ հատվածում՝ Հայաստան-Արցախում, ծանրագույն օրեր են՝ մարտահրավերներով բեռնված։ Բայց մի մասում հաց կա (առայժմ կա), մյուսում՝ ոչ։ Հաց ունեցողը չունեցողին ի՜նչ խորհուրդ պիտի տա։ Ո՛չ մի։ Հաց ունեցողը չունեցողին պիտի հաց հասցնի։ Մնացյալը դատարկախոսություն է։ Մայրը չի կարող մի երեխային կերակրել, մյուսին՝ ոչ։

Դատելով ՀՀ-ի ներկայիս քաղաքականությունից (որ կտրականապես տարբերվում է ազգի դիրքորոշումից)՝ ոչ միայն Արցախին հաց չի հասցվում, այլեւ ասվում է՝ քո սոված լինելը իմ խնդիրը չէ, ինչպես ուզում ես կերակրվիր, թեկուզ՝ թշնամու դուռը գնալու գնով։

Ծնողի անբարոյականության դասական օրինակ է հիմա ՀՀ-ի քաղաքականությունը մեր Արցախի հանդեպ։

Հավելյալ այս ամենին՝ միջազգային հանցագործները լցվել են Արցախի գլխին։ Որ Ալիեւը (էրդողանախառը) միջազգային հանցագործ է, կասկած չկա, եւ փաստերն առկա են։ Միջազգային հանցագործին աջակցությունը կրկնակի հանցագործություն է, այն ինչով զբաղված են միշելներ-փիշելները։

Ադրբեջանն առաջարկում է Արցախ հումանիտար բեռներ հասցնել Ակնա (ադրբեջանական կողմից օկուպացված)-Ստեփանակերտ երթուղով։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակելով փակ պահել Հայաստան-Արցախ կենսական ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, Արցախին առաջարկում է հայկականի փոխարեն իր հացը։ Այլ կերպ՝ բացահայտ ցույց է տալիս, որ Արցախը պիտի մտնի իր կազմ, եթե ուզում է սովահար չլինել։

Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային ահաբեկչություն։ Հայապատկան Արցախին ու Արցախի բնիկին՝ հային, թշնամին տեռորի է ենթարկում, իսկ ամերիկացի (ԱՄՆ), եվրոպացի, ռուսաստանյան ու հազար ու մի այլ փիշելներ, մեր տեղացի փիշելների հետ,  աչքերն են ճպճպացում։ Դրսից՝ թուրք միջազգային ահաբեկիչի դեմ սահմանափակումներ չեն կիրառում, բնականաբար՝ մեր ներսից էլ պատասխան չկա։

Իրականում կա այդ պատասխանը․ փիշելներն օրինականացնում են թրքական ահաբեկչությունը, եւ այս ահաբեկչության դեմ Արցախը մեն մենակ է մնացել։

Ի տարբերություն ՀՀ-ի օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմի, հայ ազգը Արցախի հետ է, որովհետեւ հայ ազգը իր մի հատվածին չի կարող թշնամուն տալ։ Եվ դա շատ լավ երեւաց նաեւ 44-օրյայում։ Բայց մարդկանց կազմակերպող է պետք, հստակ ճանապարհ, ուղղություն, քայլերի հաջորդականություն ցույց տվող։

Կրկնվենք՝ Արցախը հեռահար խորհուրդների ու խղճահարության կարիք չունի։ Արցախն ունի աջակցության ու հստակ քայլերի կարիք։ Այդ ժամանակ նորից դրսի եւ ներսի փիշելները կտեսնեն, թե կրկին ինչի է ընդունակ արցախցին։   

Անկեղծորեն չեմ կարող գնահատել, թե ինչքանով են արդյունավետ դեսպանատների դեմ բողոքները, նստացույցերը եւ այլն։ Գուցե դա էլ պետք միջազգային անտարբեր հանրույթի ուշադրությունը Արցախի ուղղությամբ սեւեռելու համար։ Թե չէ Ուկրաինայում երեխաները երեխաներ են, Արցախում՝ ոչ։ Պատկերացնում եք՝ միջազգային ինչ աղմուկ կբարձրանար, եթե Ուկրաինայում մայրը գնար հաց հայթայթելու, եւ երեխաները մահանային։ Արցախցի մոր ու մահացած երեխաների թեման ստվերում մնաց։ Գուցե անբարոյական աշխարհին թափ տալու համար են պետք այդ նստացույցներն ու բողոքները։

Բայց արդյո՞ք այդ նստացույց անողների շարքում պիտի լինեն նրանք, ովքեր կառավարելու եւ քայլեր անելու համար են։ Արցախի իշխող կողմը պե՞տք է նստացույց անի։ Այս կողմը միայն խաղաղ ժամանակների՞ համար է։ Օրինակ՝ նախագահ լինելը ենթադրում է, որ նա պարտավոր է նաեւ կառավարել ճգնաժամային իրավիճակներում եւ անել ոչ թե հնարավորության սահմաններում, այլ՝ այդ սահմաններից դուրս։ Նստացույցը ճգնաժամային իրավիճակում կառավարմա՞ն ձեւ է․․․

Նստացույցը գուցե ձեւ է, օրինակ, ինձ համար․ երբ ոչ իշխանություն ունեմ մասշտաբային քայլ անելու, ոչ լծակ, ոչ ֆինանս։ Ունեցածս գրիչ է, որ փորձում եմ նպատակին ծառայեցնել։ Բայց ասում եմ՝ «գուցե», որովհետեւ չեմ ուզում, որ այն հանուն իմ երկրի պայքարի միակ ձեւը դառնա։

Մի բան հաստատ է՝ ես, նա, ժողովուրդը գնալու է նրա (մարդ կամ մարդիկ) հետեւից, ով ոչ թե նստելու է, այլ՝ իրավամբ գործելու հանուն Արցախ-Հայաստանի։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։